Սենատոր Ջո Լիբերմանն ու կոնգրեսմեն Լինդա Սանչեսը միացել են Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի այն գործընկերներին, ովքեր աջակցում են ԱՄՆ Կոնգրեսում Հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունմանը: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկած Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) հաղորդագրության մեջ:
«Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Լիբերմանին եւ կոնգրեսմեն Սանչեսին` սկզբունքայնության եւ Թուրքիայի ժխտողականության դեմ վարած քաղաքականության համար: Մենք հույս ունենք ԱՄՆ Կոնգրեսում մեր գործընկերների հետ համատեղ աշխատել, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում հասնենք բանաձեւի ընդունմանը», – նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Աբրահամյանը:
Թիվ 252 բանաձեւը 2009 թ. մարտի 17-ին ներկայացրել էին կոնգրեսմեն Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը: Այս բանաձեւը պաշտպանում են 135 կոնգրեսմեն:
ԱՄՆ Սենատին ներկայացված թիվ 316 բանաձեւն ունի 10 կողմնակից:





