AM
19 Դեկտեմբեր 2009 - 09:15 AMT

ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, կամ ուղղակի չի ցանկանում այդ անել

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով պետք է զբաղվեն միայն տարածաշրջանի երկրները, եւ Իրանը այս իրավիճակում կարող էր ունենալ իր դրական ազդեցությունը, – կարծում է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ ԲԱհիր Բահրամին:

«Ամեն տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները, քանի որ ոչ տարածաշրջանային պետությունները առաջին հերթին հետապնդում են իրենց շահերը», – ասել է դեսպանը ANS ադրբեջանական հեռուստաալիքով:

«Եթե Իրանը մասնակցի ղարաբաղյան խնդրի լուծման բանակցային գործընթացին, ապա օգտագործելով իր ազդեցությունը կջանա հասնել հարցի լուծմանը ելնելով երկու երկրների շահերից», – նշել է նա:

Նա նշել է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, կամ ուղղակի չի ցանկանում այդ անել:

«Հույս ունեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ տարածաշրջանային պետությունների համատեղ ջանքերով, հակամարտությունը կստանա իր արդար լուծումը», – ընդգծել է դեսպանը, հաղորդում է Iran.ru-ն: