Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կազմակերպությունը (ԵԱՀԿ) դատապարտում է թուրքական Guney Marmarada Yasam (Կյանքը հարավային Մարմարայում) թերթի խմբագիր Ջիհան Հայիրսեւեների սպանությունը եւ Անկարային կոչ է անում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել երկրում լրագրողների անվտանգությունն ապահովելու համար: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Խարաշտին դատապարտում է լրագրողի սպանությունը:
«Թուրքիան պետք է հստակ ազդանշան ուղարկի, որպեսզի լրագրողները կատարեն իրենց մասնագիտական պարտքը առանց իրենց կյանքն ու բարեկեցությունը կորցնելու վախի»,- ասվում է Միկլոշ Խարաշտիի հայտարարության մեջ: Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) նույնպես քննադատեց Թուրքիայում լրագրողի վրա կատարված հարձակումը:
IPI-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է անում որքան հնարավոր է շուտ ձերբակալել մարդասպաններին, «քանի որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են լռեցնել լրագրողներին, չպետք է խրախուսվեն երկար դատավարությամբ»:
53-ամյա Ջիհան Հայիրսեւեները սպանվել է դեկտեմբերի 18-ին Բանդիրմայում, հաղորդում է Asbarez.com-ը:





