AM
28 Դեկտեմբեր 2009 - 10:57 AMT

Արեւմուտքի վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտությանը, որոշ չափով տարբերվում է մյուս հակամարտությունների հանդեպ վերաբերմունքից

Ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ է մյուս սառեցված հակամարտությունների համեմատ: Այդ մասին գրում է Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդի ՌԴ-ի եւ ԱՊՀ-ի ծրագրերի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռառը: Ըստ նրա, Արեւմուտքի վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտությանն, որոշ չափով տարբերվում է մյուս հակամարտությունների` Մերձդնեստրի, Մոլդովայի եւ Վրաստանի իրավիճակների հանդեպ վերաբերմունքից: «Սակայն Արեւմուտքն, ինչպես եւ Ռուսաստանը, չգիտի, թե ինչպես է լուծելու այդ հակամարտությունը, չբռնելով մասնակիցներից մեկի կողմը: Ելնելով միջազգային իրավունքից, պարզ է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, սակայն, միեւնույն ժամանակ, այդ իրավունքը փոխվում է, ինչպես Կոսովոյի դեպքում: Արմատապես ինչ-րո բան փոխելու համար, հարկավոր է փոխել ոիժերի հարաբերակցությունը միջազգային կազմակերպություններում, ՄԱԿ-ից սկսած: Կես դար անց հավանաբար միջազգային խնդիրներով առավել ակտիվ կզբաղվի Չինաստանը, սակայն քանի որ բարեփոխումները կազմակերպություններում արգելակվում են մասնակիցների կողմից, ապա ինչ-որ բան փոխելը շատ բարդ է: Ահա թե ինչու արդեն շուրջ 20 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոնկրետ որոշում չի կայացվում»,-ասել է Ռառը:

Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ երկրները, որոնք ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ունեն իրենց քաղաքական շահերը: Ըստ նրա, Արեւմուտքն այժմ բավական հարմարավետ է զգում այս հակամարտության ստատուս-կվոյի դեպքում, խաղալով մեկ մի կողմում, մեկ` մյուս: Առավել եւս, որ Հայաստանը հզոր լոբբի ունի Արեւմուտքում եւ յուրաքանչյուր ամերիկացի կամ ֆրանսիացի նախագահ պետք է հաշվի նստի նրա հետ:

«Ռուսաստանը բավական բարդ վիճակում է, նա չի ցանկանում փչացնել հարաբերությունները ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի հետ: Ամերիկան, անշուշտ, հակազդում է ՌԴ-ի հետխորհրդային տարածքում ամրապնդվելու բոլոր փորձերին, իսկ Ռուսաստանն իր հերթին, այդ հակամարտությունների միջոցով փորձում է ետ մղել Ամերիկային: Ուստի ստեղծված ստատուս-կվոն ձեռնատու է ինչպես Արեւմուտքին, այնպես էլ` Ռուսաստանին: Սակայն միեւնույն է, որոշակի դինամիկա է զգացվում: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ամեն ինչ անում են ամրացնելու համար դիրքերը Հարավային Կովկասում 2008թ. վրացական հակամարտութունից հետո: Անկախ Հարավային Օսեթիայի վրա հարձակումից, Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար է ներկայացվել: Արեւմուտքը լրջորեն մտածում է, թե ինչպես պետք է ամրապնդի իր ազդեցությունը նաեւ Ադրբեջանում ու Հայաստանում: ԵՄ-ում փոխզիջում կա առ այն, որ Հարավային Կովկասում պետք է աշխատեն եվրոպական կառույցներըր: Դրան խոչընդոտում է փակ սահմանը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Այժմ Թուրքիայի հանդեպ ԵՄ-ն մեծ ճնշում է գործադրում, որպեսզի նա հաշտեցման գործընթաց սկսի Հայաստանի հետ, քանի որ մտադրություններ կան գրավել Երեւանին Արեւմուտքի կողմը: Այդ գործողություններն ուղղված են նաեւ Ռուսաստանի ազդեցության թուլացմանը աշխարհաքաղաքական դաշտում, որտեղ շուտով այլընտրանքային խողովակներ կանցնեն արեւելքից արեւմուտք»,-ասել է քաղաքագետը, գրում է «Դիպկուրյեր-ՆԳ»-ն: