AM
28 Դեկտեմբեր 2009 - 11:35 AMT

Ղարաբաղյան հակամարտությունը դժվար լուծելի է

«Արեւմուտքն, իրականում, Լեռնային Ղարաբաղի հարցում չի ուզում պաշտպանել ո’չ հայկական, ո’չ ադրբեջանական կողմին: Պարզապես Արեւմուտքն ուզում է, որ նախկին Խորհրդային Միության տարածքում արյունահեղություն չլինի: Եթե այնտեղ խաղաղություն լինի, Արեւմուտքը պատրաստ է փող ներդնել եւ ազդեցիկ լինել, սակայն հակամարտությունը լուծելու բանալին նա չունի: Եվրամիության գաղափարախոսությունը հիմնված է հաշտության, իսլամի եւ քրիստոնեության միջեւ երկխոսության վրա», – գտնում է Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի Գերմանական խորհրդի արտաքին քաղաքականության ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Ռարը : Նրա կարծիքով, Ադրբեջանը ժամանակակից իսլամական պետություն է եւ բոլորովին ֆանատիկ չէ: «Եվրամիությունը փորձելու է ինչ-որ կերպ ճնշում գործադրել Ադրբեջանի եւ Հայաստանի վրա, որպեսզի նրանք բացեն իրենց տնտեսությունները Արեւմուտքի ներդրումների համար: Եվրամիությունը փորձելու է ստեղծել ընդհանուր կառուցվածքային, տնտեսական նախագծեր, որոնք կարող են Հարավային Կովկասի երեք հանրապետությունները միավորել մեկ ընդհանուր շուկայում: Եվրամիությունը փորձելու է երկու հանրապետություններում ստեղծել դրական տրամադրություններ, որպեսզի հետագա սերունդներն ավելի պակաս զգացմունքայնությամբ քննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ կարողանան համաձայնության գալ: Մոտակա կես տարվա ընթացքում Եվրամիությունը զբաղված է լինելու իր հարցերով: Հաստատվելու է ԵՄ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, որն ունենալու է լայն իրավասություններ: ԵՄ ԱԳՆ-ում ստեղծվելու է շտաբ, եւ, հավանաբար, այդ եվրոպական ծառայության որոշ պաշտոններում վերանշանակվելու են մասնագետ նախագահները: Եվրոպական արտաքին քաղաքականությունը պետք է տարածվի Հարավային Կովկասի վրա, որովհետեւ Եվրամիությունը հասկանում է, որ ռուս-վրացական հակամարտության արդյունքում նա` որպես ինստիտուտ կարող էր Կովկաս մտնել եւ ամրապնդվել Վրաստանում: Ներկայում ԵՄ-ն փորձելու է ամրապնդվել Հայաստանում եւ Ադրբեջանում: Արեւմուտքը շատ է ուզում դիվերսիֆիկացնել Ռուսաստանից մատակարարվող գազը` ի հաշիվ Հարավային Կովկասի միջով նոր ստեղծվող էներգամատակարարման նոր միջանցքի, այլ ոչ միայն Սաակաշվիլու Վրաստանի միջով», – ընդգծել է գերմանացի փորձագետը:

Միաժամանակ նա հայտնել է, որ Ռուսաստանն այլեւս չի կարող աջակցել Հայաստանին: «Հայաստանն իր շահերն ունի Արեւմուտքում: Եվ պատահական չէ, որ Հայաստանը չի միացել նոր ստեղծված Մաքսակետային միությանը` Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս: Հիմա նույնիսկ Բելառուսը ամբողջությամբ չի կողմնորոշվել դեպի Ռուսաստանը եւ փնտրում է արեւմտյան ինստիտուտների հետ ինտեգրացման ուղիներ: Առավել եւս Հայաստանը, որ միայն Ռուսաստանի վրա չի հիմնվում, քանի որ նրա հետ անմիջական սահման չունի: Վրաստանի վրա ՆԱՏՕ-ի ազդեցության ուժեղացումը ավտոմատ կերպով Հայաստանին աշխարհաքաղաքական մեկուսացման է մղում: Արեւմուտքը չի ուզում հրահրել Ռուսաստանին:Բայց եթե Ռուսաստանը տեսնի, որ կորցնում է Հայաստանի վրա ազդեցությունը, ապա ջանալու է ինչ-որ կերպ հավասարակշռել Ադրբեջանի հետ համագործակցությունը: Ռուսաստանն իր համար որոշակի փաստարկներ է ստեղծելու էներգետիկ դաշտում եւ որոշակի բարդություններ է ստեղծելու եվրոպացիների համար, որոնք Ռուսաստանին շրջանցելով անցնում են Կասպից ծով: Այդ գործարքը Ռուսաստանի համար շատ թանկ է, եւ ոչ ոք չգիտի, թե ինչ գին են ունենալու մի քանի ամիս անց: Հաշվի առնելով, թե ինչ խնդիրներ ծագեցին Թուրքմենստանի հետ, նմանատիպ խնդիրներ կարող են ծագել նաեւ Ադրբեջանի հետ: Ռուսաստանը հիմա աշխատում է կանխարգելել արեւմտյան էներգետիկ ֆիրմաների եւ Կասպիցի վրա արեւմտյան քաղաքականության աճող ազդեցությունը: Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված գործարքը` «Գազպրոմի» կողմից ադրբեջանական գազն ամբողջ հզորությամբ գնելու մասին, կապված է Եվրամիության հանդեպ ունեցած Ռուսաստանի պաշտպանական քաղաքականության հետ: Ռուսաստանը կորցնում է Կենտրոնական Ասիայի վրա ունեցած ազդեցությունը: Այդ պատճառով նրա շահերից է բխում Nabucco -ի կառուցումը: Ռուսաստանը չի ուզում հենց այնպես կորցնել տարածաշրջանի վրա ունեցած ազդեցությունը: Նա աջակցելու է մեկ Հայաստանին, մեկ Ադրբեջանին: Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է , նա զսպում է Արեւմուտքին Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանը Հարավային Կովկասում էներգետիկ հարցերով գլխավոր գործընկերն է: Այնպես որ, Հայաստանն այստեղ գործելու է ինչպես Եվրամիությունը` եւ ձեզ, եւ մեզ: Այդ պատճառով, քանի որ բոլոր կողմերը հետեւում են հակամարտության երկու կողմերին, այն դժվար լուծելի է», – ասել է Ալեքսանդր Ռարը, հաղորդում է «Դիպկուրիեր-ՆԳ»-ն: