AM
15 Հունվար 2010 - 08:54 AMT

Սաբինա Ֆրեյզեր. Ռուսաստանի հնարավորություններն անսահման չեն

Թեեւ Ռուսաստանն ամենամեծ ներուժն ունի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնության հասնելու համար, մեդիատորի նրա հնարավարություններն անսահման չեն: Այդ մասին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

Ըստ նրա, Ռուսաստանը ամենամեծ հնարավորություններն ունի համաձայնության կնքման հասնելու համար բոլոր մյուս միջազգային խաղացողների համեմատ, սակայն Ռուսաստանն այնուամենայնիվ ամենակարող չէ: «Համաձայությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ երկու երկրնրի հասարակությունները պատրաստ լինեն ընդունել հիմնարար սկզբունքները: Ուրախալի է, որ Թուրքիան ձգտում է խաղաղության ու կայունության հասնել Հարավային Կովկասում` փորձելով նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Սակայն Թուրքիան պետք է, առաջին հերթին, գիտակցի, որ Ռուսաստանը բավարար լծակներ չունի այդ խնդրի լուծման համար: Մոսկովյան հռչակագիրն, որն ընդունվեց 2008թ. նոյեմբերին, ՌԴ-ի ոչ բավարար ազդեցության օրինակ է: ՌԴ-ի ղեկավարությունն իրոք քայլ կատարեց եւ հաջողության հասավ` ստանալով երկու նախագահների ստորագրությունները, սակայն իրականում դա ոչինչ չփոխեց եւ չմոտեցրեց կողմերին համապարփակ համաձայնության կնքմանը»,-ասել է Ֆրեյզերը:

Թուրքիան, ըստ Ֆրեյզերի, փորձում է հորդորել Ռուսաստանին առավել սերտ աշխատել Հայաստանի հետ, որպեսզի նա, իր հերթին, լրացուցիչ զիջումների գնա բանակցություններում: Թուրքիան նաեւ կցանկանար, որ ղարաբաղյան կարգավորմանն ավելի ակտիվ նպաստեն նաեւ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը:

Նա նաեւ ընդգծել է, որ համաձայնագիրը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ երկու երկրնրի հասարակությունները պատրաստ լինեն ընդունել հիմնարար սկզբունքները: «Այդ սկզբունքները չեն կարող պարտադրվել Ադրբեջանին ու Հայաստանին ոչ ՌԴ-ի, ոչ ԱՄՆ-ի կողմից: Դրանք պետք է համաձայնեցվեն հակամարտող կողմերի հասարակությունների միջեւ»,-ասել է Ֆրեյզերը:

Ըստ Ֆրեյզերի առաջընթացը ղարաբաղյան կարգավորման գործում շատ կարեւոր է Թուրքիայի համար` Ադրբեջանին տված խոստումների լույսի ներքո: Թուրքիան նաեւ պարտավորություն է ստանձնել բացել սահմանը Հայաստանի հետ, ըստ Արձանագրությունների: «Այժմ այն կապի պատճառով, որը Թուրքիան, ոչ թե Հայաստանը, ստեղծում է արձանագրությունների եւ ղարաբաղյան հակամարտության միջեւ, Անկարային առաջաընթաց է հարկավոր տեսնել ղարաբաղյան գործընթացում»,-ասել է Ֆրեյզերը:

Եթե առաջիկա ամիսներին արձանագրությունները չվավերացվեն Թուրքիայի խորհրդարանում, բայց վավերացվեն Հայաստանում, կարող է թվալ, որ Թուրքիան չկատարեց իր պարտավորությունները: Դա, ըստ Ֆրեյզերի, կխարխլի Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը` նշանակալի դերակատարության ունենալ տարածաշրջանում, հաղորդում է Trend News-ը:

Մայնդորֆի հռչակագիր: 2008 թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները մերձմոսկովյան Մայնդորֆում ստորագրեցին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հռչակագիրը:

Փաստաթղթում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հայտարարեցին, որ մտադիր են «նպաստել իրավիճակի առողջացմանը Հարավային Կովկասում եւ ապահովել կայունության ու անվտանգության հաստատումը տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով` միջազգային սկզբունքների ու նորմերի, ինչպես նաեւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»:

Հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական միջնորդական ջանքերի կարեւորությունը` հաշվի առնելով 2007թ. նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթուղթը եւ հետագա բանավեճերը:
Կողմերը համաձայնության եկան, որ «խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով նրա բոլոր ասպեկտներում ու փուլերում»:

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ: