Հունվարի 17-ին կայացած Ուկրաինայի նախագահական ընտրությունների օրը Արտասահմանյան ընտրաշրջանի թիվ 16 ընտրատարածքում` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան տարածքում, քվեարկել են Ուկրաինայի 198 քաղաքացիներ, հաղորդում է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մամլո ծառայությունը:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, 2010 թ. փետրվարի 7-ին կայանալիք երկրորդ փուլ են անցել Վիկտոր Յանուկովիչն ու Յուլիա Տիմոշենկոն: Տեղի ունեցած ընտրությունների ժամանակ քվեարկողների մասնակցությունը կազմել է մոտ 67%: Դիտորդների տվյալների համաձայն, ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի քաղաքացիների քվեարկությունը հիմնականում համապատասխանել է ընդհանուր առմամբ Ուկրաինայում քվեարկության ցուցանիշներին:
Նախագահի ընտրությունների մասին օրենքի համաձայն, Ուկրաինայի նախագահն ընտրվում է 5 տարով: Ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրաձայների ավելի քան 50%: Եթե դա տեղի չի ունենում, երկրորդ փուլ են դուրս գալիս առաջին փուլում առավելագույն ձայները հավաքած երկու թեկնածուներ: Քվեարկության երկրորդ փուլն այդ դեպքում կկայանա երեք շաբաթ անց` փետրվարի 7-ին:
1991թ. անկախություն ձեռք բերելուց հետո սրանք Ուկրաինայի նախագահի արդեն հինգերորդ ընտրություններն են: Երկու անգամ ընտրություններում հաղթանակ է տարել Լեոնիդ Կուչման: 1991թ. անկախ Ուկրաինայի առաջին ղեկավար դարձավ Լեոնիդ Կրավչուկը: 1991թ. դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահական ընտրությունները կայացան Ուկրաինայի պետական անկախության մասին Արձանագրության հաստատման հանրաքվեին զուգընթաց:
Երկրորդ ընտրությունները վաղաժամ կայացան` 1994 թվականին: Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նշանակվեցին հանքափորների գործադուլների ալիքից հետո: Այդ ժամանակ առաջին անգամ ընտրությունները երկու փուլով ընթացան: Նախագահի պաշտոնի համար պայքարում էին յոթ թեկնածուներ: Առաջին փուլում Կրավչուկը հավաքեց ձայների 38,36%, նրա գլխավոր մրցակիցը` Ձեռնարկատերերի եւ արդյունաբերողների ուկրաինական միության ղեկավար եւ նախկին վարչապետ Կուչման` 31,17%: Երկրորդ փուլում գործող նախագահը հավաքեց ձայների 45,6% եւ զիջեց Կուչմային, որը հավաքեց ձայների 52,15%:
1999թ. այդ պաշտոնին հավակնում էին 13 թեկնածուներ:
2004թ. կայացած չորրորդ նախագահական ընտրությունների ժամանակ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 24 թեկնածուներ: Այն ժամանակ ընտրություններն ուղեկցվում էին Անկախության հրապարակում ընթացող զանգվածային ցույցերով, երկրորդ փուլում կեղծումների պատճառով քվեարկության կրկնման անհրաժեշտության մասին Գերագույն դատարանի որոշմամբ եւ 2004թ. դեկտեմբերի 26-ին կայացած քվեարկության արդյունքում Վիկտոր Յանուկովիչի հանդեպ Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակով (Յուշչենկոն հավաքեց ընտրաձայների 51,99%, Յանուկովիչը` 44,2%):





