AM
19 Հունվար 2010 - 10:05 AMT

ԱՄԷ ԱԳ նախարարը կարեւորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը:

Այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետը հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալահոմ Բին Ջահեդ ալ Նահայանի հետ, որի ընթացքում ընդհանրացվեցին անցած տարվա այցելությունների արդյունքները: ԱՄԷ ԱԳ նախարարը կարեւորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

ՀՀ փոխվարչապետն, իր հերթին, հայտնել է, որ հայկական կողմը շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը: Մեկ քայլ եւս արվել է այդ ուղղությամբ` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումով արձանագրությունները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Արմեն Գեւորգյանը նաեւ կարեւորել է Երեւանում ԱՄԷ դեսպանության բացումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններն ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի արտաքիյն գործերի նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից հանդես է գալիս որպես միջնորդ հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթերի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 փ. փակված հայ-թուրքական սահմանը:

2010 թ. հունվարի 10-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչել է Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան: