AM
20 Հունվար 2010 - 14:25 AMT

Ստամբուլում նշեցին Հրանտ Դինքի սպանության 3-րդ տարելիցը

Հազարավոր մարդիկ էին հավաքվել Ստամբուլում, որպեսզի հիշեն հայ-թուրքական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 3-րդ տարելիցը: «Ակօս» թերթի խմբագրության առջեւ հավաքված մարդիկ վանկարկում էին` «Ընդդեմ ֆաշիզմի, Հրանտ Դինքը իմ եղբայրն է»:

«Ի՞նչ է կատարվում վերջին երեք տարիների ընթացքում Թուրքիայի արդարության հետ: 200 տարի առաջ մենք գիշատիչ էինք, այսօր մենք կերակուր ենք դարձել», – ասել է Հրանտ Դինքի որդին` Արատ Դինքը: Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը, իր հերթին, հայտարարել է, որ Դինքի ընտանիքը շարունակելու է պայքարը հանուն արդարության:

Հրանտ Դինքը զոհվել է 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում լույս տեսնող հայ-թուրքական «Ակօս» թերթի խմբագրության շենքի առջեւ` մարդասպանի արձակած գնդակից: Շուրջ երկու տարի ձգձգվող դատավարության արդյունքում սպանության մեղավորը չի դատապարտվել: Հետաքննությունը բացահայտում է նորանոր մանրամասներ, մասնավորապես Դինքի սպանության մեջ «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության անդամների մասնակցությունը: Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվում է 18-ամյա Օգյուն Սամասթը: Սակայն պարզվել է, որ Դինքին սպանելու պատվերի անմիջական կատարողը միանգամայն այլ մարդ է: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայից հեռացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, ում նույնպես սպառնացել են հաշվեհարդար տեսնել: