Երկուշաբթի Հայաստանին սահմանամերձ Վրաստանի Մառնաուլի շրջանի ադրբեջանական գյուղերի բնակիչները փակել էին երկու երկրները միացնող ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհները: Վրաստանի կառավարությանը ներկայացրած վերջնագրի հիմնական պահանջը էլեկտրաէներգիայի մատակարարման անմիջապես վերականգնումն էր: Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ ադրբեջանաբնակ այդ շրջանը չունի էլէկտրաէներգիա, չնայած այն բանին, որ բնակչության 85 տոկսն արդեն վճարել է գոյացած պարտքերը: Վրացական ադրբեջանցիների առաջնորդներից մեկը, «Հեյրատ» ազգային շարժման ղեկավար Ալիբալա Ասկերովը հայտարարել է, որ անջատումներն ունեն զուտ քաղաքական ենթատեքստ: Նրա համոզմամբ, այս երեւույթը Թբիլիսիի որոշակի ուժերի վարած քաղաքականության արդյունք է` ուղղված ադրբեջանցիների դեմ: Ասկերովի խոսքերով, Հայաստանի հանդեպ նրանք ոչ մի հավակնություններ չունեն, (չնայած նրանց գործողությունների արդյունքում տուժել են առաջին հերթին հայ գործարարները: Հայ-վրացական սահմանի մոտ կատարած բողոքի ակցիայի հետեւանքով գոյացել էր մի քանի կիլոմետրեր ձգվող ավտոմոբիլային խցանում): Ընդհակառակը, Մառնաուլի շրջանի բնակիչները համոզված են, որ հենց Հայաստանը կկարողանա խավարից նրանց դուրս բերել:
Հիշեցնենք, որ Երեւանն իր վրա է վերցրել հարեւան երկրի հայաբնակ շրջանների էլեկտրաէներգիայի մատակարարումը, որոնց բնակիչներին այսօր նախանձով են նայում Վրաստանի գրեթե բոլոր քաղաքացիները: Ադրբեջանցիները ենթադրում են, որ հայերը պետք է օգնության ձեռք մեկնեն նաեւ իրենց: «Եթե վրացական ընկերությունները ի վիճակի չեն բնակչությանը էլեկտրաէներգիայով մատակարարել, ապա ադրբեջանցիներին այլ բան չի մնում անել, քան էլեկտրաէներգիա պահանջել Հայաստանից»,- հայտարարել է Ալիբալա Ասկերովը: Նրա խոսքերով, բողոքի ցույցի մասնակիցները «վրացական իշխանություններից պահանջել են թույլատրել Հայաստանից էլեկտրաէներգիա գնել»: «Իր հերթին Հայաստանը պատրաստ է էլէկտրաէներգիա վաճառել շրջանում բնակվող ադրբեջանցիներին: Միայն թե վրացական էներգետիկները հրաժարվում են դրանից»,- շեշտել է նա Բաքվի լրատվամիջոցներին տրված հարցազրույցում:
Նշենք, որ տարեսկզբին միջկառավարական համաձայնագիր էր ստորագրվել, որը նախատեսում էր Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի առաքման հնարավորությունը Վրաստան: Այդ համաձայնագրի հիման վրա վրացական էներգետիկ ձեռնարկությունները կարող են պայմանագրեր կնքել համապատասխան հայկական ընկերությունների հետ: Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ շեշտել է իր պատրաստակամությունը նման առաջարկի դեպքում: Սակայն Թբիլիսիիում նախընտրեցին ճգնաժամից դուրս գալ սեփական միջոցներով, որը թույլ է տալիս որոշակի քաղաքական նրբերանգների առկայություն ենթադրել: Որոշ վերլուծաբանների կարծիքով, Վրաստանի կառավարությունը խուսափում է Հայաստանից եւ Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնել` զգուշանալով էներգետիկ կախվածության մեջ հայտնվելուց: Արդյունքում տուժում են երկրի քաղաքացիները:
Նախաձեռնած բողոքի ցույցը Երեւանում միանշանակ չընդունվեց: Վրացական ադրբեջանցիների պահանջը միեւնույն ժամանակ եւ խղճմտանք, եւ ըմբռնողականություն առաջացրեց: Հայ էներգետիկները ոչ մի խնդիր չեն տեսնում սահմանի այն կողմում բնակվող ադրբեջանցիներին էլեկտրաէներգիա մատակարարելու մեջ: Ավելին, քաղաքական հակամարտության առկայությունը նույնիսկ չի կարող խոչընդոտել էլեկտրաէներգիա մատակարարել Ադրբեջանին: Երեւանը բաց է այդ հարցում համագործակցելու համար եւ պատրաստ է քննարկել յուրաքանչյուր գործնական առաջարկ, որը կամրապնդի տարածաշրջանային համագործակցությունը:





