Մամալաձեն բոլնիսյան ադրբեջանցիներին իր իսկ հայրենակցի դեմ քվեարկել ստիպելու բավականին էքզոտիկ մեթոդ է ընտրել: Նախկին նահանգապետն իր հայրենակցին, ըստ էության, մեղադրել է այն բանում, իբրեւ թե վերջինս ծախվել է հայերին: Խաղալով հայերի հանդեպ ադրբեջանցիների ունեցած ատելության վրա` երկրամասի վարչակարգի նախկին ղեկավարին հաջողվել է իր կողմը գրավել ադրբեջանական համայնքի մի քանի առաջնորդներին: Քվեմո Քարթլիի ադրբեջանաբնակ շրջաններում գործող «Հեյրաթ» կազմակերպության ղեկավար Ալիբալա Ասկերովը վերջերս հայտարարել է. «Հայկական ծագումով հայերի` իշխանության գալու փորձերն անհանգստացնում են ադրբեջանցիներին: Ստեղծված իրադրությունը վտանգավոր է ադրբեջանա-վրացական ռազմավարական համագործակցության համար»: Եվ որպեսզի փրկեն ռազմավարական համագործակցությունը, Ասկերովի տրամաբանությամբ, ադրբեջանցիները պետք է դեմ ելնեն ադրբեջանցի Մուրադխանովին եւ քվեարկեն վրացի Մամալաձեի օգտին: Ահա եւ այն ամենն, ինչ վրացական իշխանությունները ցանկանում էին ստանալ էթնիկ փոքրամասնություններից:
Բոլնիսում կատարվածն այսօր կարելի է բնութագրել այսպես. վրացին դուրս մղեց թեկնածուին` ադրբեջանցիներին ադրբեջանցու դեմ տրամադրելով: Որքան էլ զարմանալի է, Լեվան Մամալաձեին աջակցում է պաշտոնական Բաքուն: Դժվար չէ չնկատել, թե ինչ հանդգնությամբ է Ադրբեջանը միջամտում Վրաստանի ներքին հարցերին: Վրաստանում հարեւան երկրի դեսպան Հաջի Հաջիեւն անցյալ կիրակի այցելեց Քվեմո Քարթլիի ադրբեջանաբնակ մի շարք գյուղեր եւ հայրենակիցներին կոչ արեց դեմ դուրս գալ Միխայիլ Սաակաշվիլու ղեկավարած «Ազգային շարժում» կուսակցությանը: Երկրամասի բնակիչներին դիվանագետը հորդորեց ընդդիմությանը դեմ քվեարկել` հայտարարելով, թե «նրանք հայեր են եւ կապված են դաշնակների հետ»: Այդ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Քյամալ Մուրադխանովը երկու օր առաջ հրավիրված մամլո ասուլիսում մեղադրեց ադրբեջանական դեսպանին անկախ Վրաստանի գործերին միջամտելու մեջ եւ պահանջեց նրան ետ կանչել երկրից` հղում անելով Վիեննայի կոնվենցիայի համապատասխան կետին: Միեւնույն ժամանակ, հայերն իրականում այս պատմության հետ ոչ մի կապ չունեն, քանի որ ոչ մի հիմք չունեն հավատալու այն բամբասանքներին, թե Սաակաշվիլին վրացական արմատներ չունի: Ինչ վերաբերում է նրա ղեկավարած ընտրական խմբակցությանը, ապա այն այնքան էլ շատ համախոհներ չունի հայաբնակ Սամցխե-Ջավախեթիայի շրջաններում, որն ամենայն հավանականությամբ կապացուցվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հայաբնակ շրջաններում նախընտրական իրադրությունը համեմատաբար հանգիստ է: Ջավախքցիներին հաջողվել է ազատվել քաղաքական պրովոկացիաներից, քանի որ այս շրջանում թե իշխանության, եւ թե ընդդիմության առաջադրած թեկնածուները հայեր են: Այնպես որ, արդեն այսօր ակնհայտ է, որ մեծամասնական կարգով վրացական խորհրդարան կգնա նվազագույնը երեք հայ: Հույսեր կան, որ եւս երեքը կամ չորսը կընտրվի կուսակցական ցուցակներով: Նկատենք, որ ադրբեջանցիների ախորժակն ավելի մեծ է: «Վրաստանի խորհրդարանում մենք պետք է ունենանք երեք տասնյակից ոչ պակաս մեր ներկայացուցիչներին»,- հայտարարել է «Հեյրաթ» կազմակերպության ղեկավար Ալիբալա Ասկերովը: Նշենք, որ այժմ վրացական խորհրդարանում ադրբեջանցիներին ներկայացնում է վեց պատգամավոր, որոնց չորսին մանդատները «նվիրել է» այն ժամանակ իշխող կուսակցությունը: «Մենք ունենք 300 հազար ձայն: Եթե հաշվենք ընտրողների քանակը, ապա համամասնական ցուցակներում պետք է լինի մոտ 35 ադրբեջանցի: Մինչեւ դրան չհասնենք, մեր փոխարեն մեր ճակատագիրը կորոշեն եւ խորհրդարանում կնախագահեն այլ ժողովուրդների ներկայացուցիչները»,- պնդում է Ասկերովը: Եվ որպեսզի ավելորդ անգամ շեշտեն սեփական նշանակությունը, վրացաբնակ ադրբեջանցիները նույնիսկ սպառնում են բոյկոտել առաջիկա ընտրությունները` դրանով իսկ պաշտոնական Թբիլիսիին իսկական ուլտիմատում ներկայացնելով: «Բոլնիսյան շրջանում բնակվող Ադրբեջանցիները կբոյկոտեն խորհրդարանական ընտրությունները, եթե վրացական իշխանությոններն անմիջապես չվերանվանեն 90-ականների սկբներին փոփոխված գյուղերի անունները»,- հայտարարել է «Հեյրաթ» կուսակցության անդամ Մովլուդ Իսմայլովը:
Ադրբեջանցիներն արդեն իրենց թույլ են տալիս Վրաստանի ղեկավարության հետ խոսել ուլտիմատումի լեզվով: Սակայն, կարծես թե, կառավարությունը պատրաստ է հանդուրժել ամեն ինչ, միայն թե ադրբեջանցիների ձայները չգնան ընդդիմությանը:





