Օրենքի մեջ փոփոխությունը մտցվել է սենատոր Ջոն Մաքքեյնի նախաձեռնությամբ: Արտերկրներին կառավարական ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը լուրջ քննադատություն է պարունակում ադրբեջանական իշխանությունների հանդեպ, որոնք չցանկացան անցկացնել ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ: Փոփոխությունը ԱՄՆ-ի նախագահին եւ պետքարտուղարին կոչ է անում բոլոր ուժերը ներդնել, որպեսզի Բաքվի իշխանությունները համաձայնեն ձեւավորել ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներից կազմված անկախ հանձնաժողով` հետաքննելու համար ընտրություններում տեղ գտած զանգվածային խախտումները, ինչպես նաեւ` «նոր ընտրություններ անցկացնել, եթե այդ հանձնաժողովը եզրակացնի, որ դրանք անհրաժեշտ են»: Այս հարցի լուծումը միջնորդավորված կապվում է ֆինանսական աջակցության հետ:
Ինչպես եւ սպասվում էր, իշխանությունը փորձում է ցույց տալ, որ չի նկատում կատարվածի ողջ լրջությունը: «ԱՄՆ-ի կոնգրեսում Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների մասին լսումներում ոչ մի արտառոց բան չկա: Նմանատիպ լսումները, որպես կանոն, անցկացվում են բոլոր անցումային ժողովրդավարության փուլում գտնվող երկրներում կայացած ընտրություններից հետո»,- հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը: «Այն, որ ամերիկյան սենատորները հաստատել են որոշ թերություններ, բնական է»,- նշել է դիվանագետը եւ նույնիսկ ենթադրություն է հայտնել, որ «քննադատությունն օգտակար կլինի»: Միեւնույն ժամանակ, Փաշաեւն ասել է, որ «լսումները կարելի է ոչ օբյեկտիվ համարել, քանի որ որոշ սենատորներ բացասական մտադրություններ ունեին»: Նյարդային վիճակն առավել դժվար է թաքցնել «Ենի Ադրբեջան» իշխանամետ կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովի համար: «Ոչ մի արտասահմանյան երկիր կամ դրա օրենսդիր մարմին իրավունք չունի այլ երկրի ընտրությունների վերաբերյալ որոշում ընդունել»,- հայտարարել է նա, միաժամանակ ավելացնելով. «Ադրբեջանում ընտրությունները ժողովրդավարական էին եւ թափանցիկ»: Պարոն Ահմեդովն իրեն թույլ է տալիս պնդել, որ Վաշինգտոնը կիսում է այդ կարծիքը: Եվ իր տեսանկյունը փաստարկելու համար նա մեջբերում է Ալիեւ-կրտսերին ուղղված ԱՄՆ-ի նախագահի նամակը: «Ադրբեջանում կայացած ընտրությունների հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքը արտահայտված է Ջորջ Բուշի շնորհավորհական ուղերձում, որտեղ ասված է, որ ԱՄՆ-ի նախագահը կհամագործակցի Ադրբեջանի կրկին ընտրված նախագահի հետ»,- ասում է իշխող կուսակցության բարձրաստիճան անձը: Օրենսդիր իշխանության դիրքորոշումը նրան առավել քիչ է հետաքրքրում:
Այնինչ, ընդդիմության առաջնորդներն ընդունված փոփոխությունն այլ կերպ են ընկալում: Նախագահի նախկին թեկնածու, «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամբարը, մեկնաբանելով «Արտասահմանում իրականացվող գործողությունների մասին» օրենքում փոփոխություն մտցնելու փաստը, հայտարարել է, որ «սենատի որոշումը Արեւմուտքի առաջին լուրջ քայլն է»: Մեկ այլ թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին սենատոր Մաքքեյնի նախաձեռնությունն անվանել է «լիովին արդար եւ սպասելի»: «Սենատորի առաջարկն անպայմանորեն ուշադրության կարժանանա»,- հայտարարել է նա: Որքան էլ տարօրինակ է, կոնգրեսում տեղի ունեցածը բավականաչափ օբյեկտիվ են լուսաբանում որոշ Բաքվի թերթեր: Օրինակ` «Զերկալոն» ընդունված փաստաթուղթը համեմատում է 907-րդ ուղղման հետ, որն արգելում էր Ադրբեջանին անմիջական օգնություն ցույց տալ մինչեւ չդադարեցներ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: «Ըստ էության, սենատը 907-րդ ուղղման նման փաստաթուղթ է ընդունել, սակայն առայժմ առանց տնտեսական կամ քաղաքական պատժամիջոցների»,- գրում է թերթը,-«Սա պակաս լուրջ չէ, քան Եվրոպայի խորհրդի կողմից կիրառվող հնարավոր պատժամիջոցները: Ավելի շուտ, ընդհակառակը: Եվրոպայի խորհրդի պատժամիջոցները սովորաբար ժամանակավոր բնույթ են կրում եւ վտանգում են միայն երկրի միջազգային վարկանիշը: Այսինքն, ի տարբերություն ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի ընդունած ուղղմանը, դրանք կոնկրետ երկրի համար տնտեսական կամ քաղաքական հետեւանքներ չեն ունենում: 907-րդ ուղղման հետ կապված իրադրությունը ցույց տվեց, թե որքան արագ են ընդունվում նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները եւ որքան դժվարությամբ են դրանք հետաձգվում, հատկապես այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին Ադրբեջանն է»: «Զերկալո»-ի մեկնաբանը նկատում է, որ չնայած ուղղման մեջ ներառված կոչը պարտադիր բնույթ չի կրում, Մաքքեյնիի նախաձեռնությունը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ: «Ամենայն հավանականությամբ, նախագահը եւ պետքարտուղարը Ադրբեջանի հանդեպ վարած քաղաքականության մեջ պետք է հաշվի առնեն այս երաշխավորագիրը: Նախագահական ընտրությունների նախօրեին Բուշին դժվար կլինի հաշվի չնստել հասարակական կարծիքի նման դրսեւորման հետ»,- գրում է թերթը:
Մնում է ավելացնել, որ Կապիտոլիումից եկած իմպուլսը հատուկ նշանակություն է ձեռք բերում, եթե նկատի ունենանք Ստրասբուրգում սպասվելիք քննարկումը` կապված Եվրոպայի խորհրդի հանդեպ ստանձնած Ադրբեջանի պարտավորաթյունների կատարման հետ: ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը պաշտոնական Բաքվի համար նոր տհաճ անակնկալ կարող է դառնալ:





