AM
27 Նոյեմբեր 2003 - 00:00 AMT

ԿԼԻՆԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵւԵԼՔԻՑ

Ամերիկյան խորհրդարանի Վերին պալատը գրեթե միաձայն քվեարկել է հօգուտ Սիրիայում պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանը: Սպիտակ տան այդ նախաձեռնության դեմ է արտահայտվել ընդամենը 4 սենատոր: Նման համախմբածությամբ են հանդես եկել նաեւ ներկայացուցիչների պալատի անդամները: Պատժամիջոցների կիրառման դեմ հանդես եկող փոքրաթիվ ներկայացուցիչները կարծում են, որ նման քայլը կարող է հանգեցնել զինված ընդհարման: Առայժմ Վաշինգտոնը բավարարվել է տնտեսական եւ դիվանագիտական պատերազմով: Կոնգրեսի որոշումը նախատեսում է արգելանք դնել ամերիկյան արտադրանքի արտահանման եւ Սիրիայում ներդրումներ անելու վրա, ինչպես նաեւ` այդ երկրում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության կրճատում եւ Միացյալ նահանգներում սիրիական դիվանագետների հնարավոր տեղաշարժման սահմանափակում: Բացի այդ, օրենսդիրները հավանություն են տվել սառեցնելու ԱՄՆ-ում գտնվող սիրիական հաշիվները եւ վարչակազմին իրավունք են տվել արգելել սիրիական թռիչքներն ամերիկյան օդային տարածքներով: Կոնգրեսականները նաեւ Սպիտակ տանն առաջարկում են միջնորդել Միցյալ ազգերի կազմակերպությանը` Սիրիան դուրս հանելու անվտանգության խորհրդի կազմից:

Ամերիկացիները պնդում են, որ Դամասկոսը պետք է պատժվի, քանի որ նրա վարած քաղաքականությունը խաթարում է միջազգային կայունությունը եւ անվտանգությունը: Վաշինգտոնում համոզված են, որ Սիրիան աջակցում է միջազգային ահաբեկությանը եւ թաքցնում է Իրաքում պարբերաբար ահաբեկություններ իրականացնող գրոհայիններին: Պաշտոնական Դամասկոսը հերքում է իրեն վերագրված բոլոր մեղադրանքները: Արաբական առաջնորդները հակված են կարծել, որ Սիրիայի հասցեին ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքները հիմնված են նույնքան երերուն փաստարկների վրա, որքան դրանք Իրանի դեպքում էին: Ինչպես հայտնի է, չնայած Վաշինգտոնի հայտարարություններին, ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության փորձագետներն Իրանում չհայտնաբերեցին միջուկային զենք:

Այնուհանդերձ, ակնհայտ է, որ Սպիտակ տունը մտադիր չէ հրաժարվել Սիրիայի վրա ուժային ճնշում գործադրելու մեթոդներից: Դրանում նրան ամբողջովին աջակցում է Կոնգրեսը, որտեղ հրեական լոբբին ապահովել է հակասիրիական քաղաքականությանը նպաստող մթնոլորտ: Ջորջ Բուշ-կրտսերը դասեր է քաղել իր հոր փորձից եւ որոշել է չհակադրվել հրեաներին, որոնց Դամասկոսը մեծ գլխացավանք է պատճառում: Չէ որ Սիրիան արաբական միակ պետությունն է, որը ձայնի իրավունք ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Քչերն են կասկածում, որ Սիրիայի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին խոսք չէր լինի, եթե այդ երկրին հասանելի չլիներ բարձրագույն հարթակը: Հայտնի է, որ այսօր սիրիական բանակը մերձավորարեւելյան տարածաշրջանի ամենուժեղներից մեկն է: Այս հանգամանքը նկատի ունենալով` կարելի է պատկերացնել Վաշիգտոնի եւ Դամասկոսի միջեւ զինված հակամարտության հետեւանքների հնարավոր ծավալները: Սիրիական բանակում քիչ հայեր չեն ծառայում: Երկրի ազգային փոքրամասնությունների շարքում բնակչության թվով հայկական համայնքը երրորդ տեղում է, որը լուրջ ազդեցություն ունի եւ մշտապես կայունացնող դեր է կատարել: Սա կարելի ասել նաեւ վերջին իրադարձությունների համատեքստում: Հիմնականում Դամասկոսում եւ Հալեպում բնակվող մեր հայրենակիցներն, ըստ էության, Սիրիան եւ Միացյալ նահանգները կապող կամուրջի դեր են կատարում: Հայերը, գուցե ավելի, քան որեւէ այլ մեկը, շահագրգռված են, որ հակամարտությունը չհասնի զինված ընդհարմանը: Այնուհանդերձ, Երեւանը պետք է պատրաստ լինի նաեւ իրադրության նման զարգացմանը: Երկրի արտաքին գործերի նախարարությունը դեռեւս իրաքյան ռազմական գործողությունների սկզբին միջոցներ էր մշակել, որոնք անհրաժեշտ է կիրառել նաեւ մերձարեւելյան փախստականներին օգնությւոն տրամադրելու անհրաժեշտության դեպքում: Ցանկություն կա հուսալու, որ այդ ծրագրին վերադառնալու առիթը չի ստեղծվի..