AM
12 Մարտ 2004 - 00:00 AMT

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԵՐԵՒԱՆ

Ադրբեջանի մայրաքաղաք նա մեկնեց անմիջապես Մոսկվայից հետո` հետաձգելով նախապես պլանավորված հայաստանյան այցը: Վրաստանի ԱԳՆ-ը կոչ է անում այդ քայլում քաղաքական ենթատեքստ չփնտրել: Սակայն ժամկետների հետաձգումն, այնուամենայնիվ, ինչ-որ բանի մասին խոսում է: Ամենայն հավանականությամբ, Թբիլիսիում դադարել են թաքցնել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման մեջ Վրաստանը մեծ ուշադրություն է դարձնում նավթի գործոնին: Վիճելի հարց է, թե արդյոք այդ քաղաքականությունն արդարացուցիչ է:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին ղեկավարները հարեւանների հետ հարաբերություններ հաստատելիս` փորձում էին թեկուզեւ ֆորմալ մակարդակով պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռությունը: Իսկ Նինո Բուրջանաձեն, որը մինչ Սահակաշվիլին ստանձնել էր երկրի ղեկավարի լիազորությունները, խորհրդարանի նախագահի պաշտովանավարման իր առաջին այցը կատարեց Երեւան` վկայելով Հայաստանի հետ հարաբերություններին պաշտոնական Թբիլիսիի տրված նշանակության մասին:

Անհրաժեշտ է նշել, որ նախագահի պաշտոնին անցնելուց հետո Սահակաշվիլին որոշակի քայլեր ձեռնարկեց, որպեսզի արդյունավետ հիմք ստեղծվի երեւանյան այցի համար եւ նույնիսկ ուշադրության հատուկ նշաններ ցույց տվեց Հայաստանի հանդեպ: Մոսկվայում եւ Փարիզում նա բավականաչափ պատշաճ արտահայտվեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Իսկ Բաքվում ընդհանրապես զերծ մնաց պատասխանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցին: (Նրա փոխարեն պատասխանեց Իլհամ Ալիեւը): Վաշինգտոնյան այցի ժամանակ Սահակաշվիլին մեծ սիրով համաձայնեց հանդիպել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ: (Ի դեպ, հայտնի է, որ Վրաստանի ապագա նախագահն իրավաբանի հաջող կարիերան սկսել է Համագումարի նախկին նախագահ Վան Գրիգորյանի ղեկավարության ներքո): Սահակաշվիլին հայ լոբբիստներին խոստացավ ջանքեր գործադրել Ջավախքի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Հետաքրքրական է, որ նա իրեն թույլ տվեց մի քանի երկիմաստ արարքներ` Համագումարի առաջնորդներին նվիրեց հեղափոխության խորհրդանիշ բրոնզե սկիհ: Երեւանյան ընդդիմադիրներն այդ արարքը գնահատեցին որպես «էստաֆետային փայտիկ»:

Կասկած չկա, որ երեւանյան այցն ունի նաեւ նախընտրական բնույթ: Խորհրդարանական համամասնական ընտրությունների քվեարկությանը մնացել է մոտ երկու շաբաթ: Հայկական համայնքի ներկայացուցիչների ձայներից մեծ բան է կախված: Բնակչության հաշվեհամարի վերջին տվյալներով հայերը կազմում են երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությունը: Վրաստանի բնակչության ութ տոկոսից ավելին մեր հայրենակիցներն են: Նրանք 440 հազար են: Այժմ հայերն ավելի քիչ թիվ են կազմում, սակայն նույնիսկ հինգ տոկոսն էլ ընտրություններին մեծ դեր է խաղում: Այս իմաստով, մեծ նշանակություն ունի, թե Սահակաշվիլուն ինչպես կընդունեն Երեւանում, քանի որ դրանից է կախված` արդյոք վրացահայերը կաջակցեն իշխող կուսակցությանը: Ի դեպ, այցի ընթացքում նախագահին կուղեկցի իշխող կուսակցության ցուցակում անցումային տեղերում ընդգրկված երկու հայ:

Հիշեցնենք, որ նոյեմբերին պաշտոնական Երեւանը քիչ ջանք չգործադրեց Էդուարդ Շեւարդնաձեին աջակցելու համար: Այսօր Հայաստանի ղեկավարությունը միեւնույն եռանդով պատրաստ է աջակցել նոր իշխանության ամրապնդմանը: Ցանկություն կա հավատալու, որ նոր իշխանությունը դա կգնահատի: