AM
28 Ապրիլ 2004 - 00:00 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՏԱՐԵԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ

Ինչպես հայտնի է, հանրաքվեից շատ առաջ Ռեջեբ Էրդոգանը հասկացնել տվեց, որ եթե կղզու միավորման հանրաքվեին թուրքերը կողմ արտահայտվեն, իսկ հույները` դեմ, ապա լավագույն դեպքում Անկարան կպնդի ՀԿԹՀ-ի միջազգային ճանաչումը, իսկ վատագույն դեպքում հարց կդնի չճանաչված պետությունը Թուրքիայի կազմում ներառելու մասին: Այդպես էլ եղավ: Եւ այժմ Անկարան իսկապես հիշեցնում է իր խոստման մասին: «Հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս, որ եղբայրական երկրները կարող են սկսել ՀԿԹՀ-ի ճանաչման գործընթացը»,- հայտարարել է Ռեջեբ Էրդագոնը: «ՀԿԹՀ-ն փաստացի պետություն է: Այժմ արդեն գոյություն չունի Կիպրոսի միացյալ հանրապետությունը»,- շեշտել է նա:

Անկարայում կարծում են, որ Կիպրոսի թուրքական մասի վարկանիշի դրական վերափոխում է տեղի ունեցել, որը եւ թույլ կտա ոչ միայն պատժամիջոցների վերացման հարցը դնել, այլեւ` ճանաչել դրա ինքնավարությունը: Լիովին բնական է, որ թուրքերն առաջին հերթին իրենց հայացքն ուղղում են դեպի Բաքու, քանի որ Իլհամ Ալիեւը միակ նախագահն էր, որ արտահայտվել էր ինքնակոչ պետության ճանաչման հնարավորության վերաբերյալ: Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին պաշտոնական այցով գտնվելով Անկարայում` նա ասել էր, որ Ադրբեջանն այն առաջին պետություններից կլինի, որոնք կճանաչեն Հյուսիսային Կիպրոսը, եթե կղզու հունական համայնքը մերժի միավորման պլանը: Այժմ արդեն ժամանակն է, որ Ալիեւը պատասխան տա իր խոսքերի համար: Թուրքիայում սպասում են, որ խոսքերը գործի վերածվեն: «Ոչ մի խոչընդոտ չկա ՀԿԹՀ-ի ճանաչման համար: Ադրբեջանը կարող է նման որոշում կայացնել: Դա իր խորհրդարանի բնական իրավունքն է: Եվ երբ նման որոշումը կայացվի, ոչ ոք չի հարցնի` ինչու այն ընդունվեց»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը «Անադոլու» գործակալությանը տրված հարցազրույցում: Այդպիսով, Ռեջեբ Էրդագոնն ակնարկել է, որ Անկարան Բաքվից կոնկրետ քայլեր է սպասում:

Չնայած Բաքվի թերթերն արդեն քննարկում են ՀԿԹՀ-ի ճանաչման հարցի վերանայումը մեջլիսում, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են լռել: Կարծես թե, Իլհամ Ալիեւն ինքն էլ ուրախ չէ, որ շտապել է նման պատասխանատու հայտարարություն անել: Ադրբեջանի համար երկու վտանգ կա: Առաջին հերթին Ղարաբաղը: Եթե Ադրբեջանն ընդունի ՀԿԹՀ-ը որպես երկու պետություն, ապա ԵՄ-ի անդամ-պետություններն անմիջապես կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մեկ այլ խնդիր էլ կա` կապված եվրոպական կառույցներին ինտեգրվելու` պաշտոնական Բաքվի վարած քաղաքկանության հետ: Եվրամիությունն իր կազմի մեջ է ընդունել Կիպրոսը, որը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է մինչ թուրքական ներխուժումներն ունեցած սահմաններով: Սա նշանակում է, որ ԵՄ-ի անդամ ոչ մի առանձին պետություն չի կարող բարձրացնել թուրք անջատողականների խամաճիկային վարչակարգի ճանաչման հարցը: Ավելին, նման զառանցանքային մտքերը չեն կարող հավանության արժանացնել նաեւ ԵՄ-ին անդամակցելու հավակնություններ ունեցող պետությունները: Այսպիսով, ՀԿԹՀ ճանաչելով` Ադրբեջանը ոչ միայն կկորցնի ԵՄ-ին անդամակցելու իր շանսերը, այլ նաեւ չի ներգրավվի «Նոր հարեւաններ» ծրագրում:

Օրերս Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը Հյուսիսային Կիպրոսի ճանաչման մասին Իլհամ Ալիեւի խոստումի վերաբերյալ հարցում է կատարել տեղի քաղաքական գործիչների շրջանակում: Հարցվողների բացարձակ մեծամասնությունը այն կարծիքն են հայտնել, որ նախագահը դժվար թե իվիճակի լինի իր խոստումը կատարել: