AM
28 Հունիս 2004 - 00:00 AMT

ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ՉԽՆԱՅԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Հայ լոբբիստները ծանրակշիռ փաստարկ ունեն. Սպիտակ տան եւ Կապիտոլիումի հետ համաձայնեցված պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Ազատության աջակցման Ակտում 907-րդ ուղղման գործողությունների ժամանակավոր կասեցման հարցի քննարկման ժամանակ: Հայ լոբբիստների կոնգրեսական գործընկերները խոստացել էին չխոչընդոտել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների վերացմանն առընչվող` վարչակարգի նախաձեռնությանը, եթե Երեւանին եւ Բաքվին հատկացվելիք ռազմական օգնության ծավալների հավասարության պահպանման վերաբերյալ երաշխիքներ տրվեին: Եթե վարչակարգը պատրաստ է մոռանալ իր խոստման մասին, ապա օրենսդիրները մտադիր են առաջնորդվել երեք տարի առաջ հաստատված սկզբունքներով:

Միացյալ նահանգները կովկասյան պետություններին ռազամական օգնություն տրամադրել սկսել են նախանցյալ տարվանից: Առաջին տարում Հայաստանը ստացել է շուրջ 4 միլիոն դոլար: Սակայն արդեն 2004-ին վարչակարգն առաջարկեց նախատեսել ընդամենը 2 միլիոն: Կոնգրեսը չհամաձայնեց այդ առաջարկի հետ, եւ համաձայնության եկան 3 միլիոն 750 հազարի շուրջ: Այս տարի եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը կստանան 5 միլիոն դոլար:

Սովորաբար նման մոտեցում է ցուցաբերվում նաեւ նախկին խորհրդային հանրապետություններին Վաշինգտոնի կողմից հատկացվելիք «տնտեսական օգնության» դեպքում: Առաջին տարիներին Հայաստանին հատկացվեց 90 միլիոն դոլար: Օգնության ծավալներն հաջողվեց այս մակարդակին պահպանել կոնգրեսականների հաստատակամության շնորհիվ, քանի որ վարչակարգն ամեն տարի փորձում էր կրճատել Երեւանին տրամադրվելիք նյութական օգնությունը: Չնայած հայ լոբբիստների եւ նրանց գործընկերների ջանքերի, այնուհանդերձ, Սպիտակ տունը կոնգրեսում հասավ նրան, որ Հայաստանին տրվող օգնության ծավալները կրճատվեցին մինչեւ 75 միլիոն: Սակայն, ադմինիստրացիան, դրանով նույնպես չբավարարվեց: Արդեն երեք տարի է, ինչ գործադիր իշխանությունն առաջարկում է հայերին տրամադրել 50 միլիոն դոլար: Այնուհանդերձ, մինչ օրս կոնգրեսականներին հաջողվել է պահպանել նախկին գումարի չափը: Այս անգամ վարչակարգն առաջարկել է Հայաստանին տրամադրել 62 միլիոն, Ադրբեջանին` 38 միլիոն, իսկ Վրաստանին` 72 միլիոն:

Արտաքին հատկացումների ենթակոմիտեն չի համաձայնել նաեւ այս առաջարկի հետ: Կոմիտեի անդամները որոշել են, որ Հայաստանին պետք է հատկացվի «ոչ քիչ, քան 65 միլիոն դոլար»: (Հենց այսպես է գրված նրանց կողմից հաստատված բյուջեի նախագծում): Այս ձեւակերպումը հայ լոբբիստներին թույլ է տալիս նաեւ հաջորդ փուլերում, որոնցով պետք է անցնի նախագիծը, պնդել 75 միլիոնի վրա:

Խիստ անհրաժեշտ է նաեւ ենթակոմիտեի որոշումը Լեռնային Ղարաբաղին անմիջական ֆինանսական օգնություն տրամադրելու շարունակման մասին: Ամենայն հավանականությամբ, հակառակ ամերիկյան վարչակարգի, Ստեփանակերտը Միացյալ նահանգներից այս անգամ եւս 5 միլիոն դոլար կստանա հումանիտար ծրագրերի իրականացման համար: Ադրբեջանում զայրացած են այս որոշումից, եւ ստեղծված իրադրությունը պատրաստվում են քննարկել խորհրդարանի առաջիկա նիստում, իսկ հնարավոր է նաեւ, որ կոնգրեսականների գործողությունները քննադատող բանաձեւ ընդունեն: Բաքվում կարծում են, որ Ղարաբաղին անմիջական օգնություն տրամադրելը նշանակում է անուղղակիորեն ճանաչել չճանաչված պետության ինքնիշխանությունը:

Մինչ նախագիծն օրենքի ուժ կստանա, այն դեռ մի քանի աստիճան պետք է անցնի:Հաջորդը բյուջետային կոմիտեն է, որից հետո փաստաթուղթը կքննարկվի Ներկայացուցիչների պալատի պլենար նիստում: Նախագիծը պետք է հաստատվի նաեւ սենատում: Այս բոլոր աստիճաններում հայ լոբբիստների գոծընկերները կպնդեն Հայաստանին հատկացվելիք օգնության բարձրացումը: Ռազմական օգնության 5 միլիոնը եւ տնտեսական օգնության 65 միլիոնը այն նվազագույնն է, որը, փաստացիորեն, արդեն երաշխավորված է: Եթե պալատների միջեւ այս հարցի շուրջ տարաձայնություններ չառաջանան, ապա օրենքը կհայտնվի նախագահի սեղանին: Կասկած չկա, որ Ջորջ Բուշը լուռ կստորագրի այն թվերի տակ, որոնց հետ ինքը համաձայն չէր: