AM
29 Հունիս 2004 - 00:00 AMT

ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ

Հայտնի է, որ հանդիպման օրակարգ, որպես այդպիսին, չկար: Այն պարզապես մտքերի փոխանակում էր, որը չէր նախատեսում որոշումների ընդունում: Հիշեցնենք, որ վերջին ամսիների ընթացքում սա նախարարների թվով երկրորդ եռակողմ հանդիպումն է, սակայն առաջինն է, որին մասնակցում է նաեւ Էլդար Մամեդյարովը: Նախորդում Ադրբեջանը ներկայացնում էր Վիլայաթ Գուլիեւը: Հանդիպման ավարտին մասնակիցները հայտնեցին, որ գլխավոր թեման տարածաշրջանային հարցերն էին: Քննարկվել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը: Կասկած չկա, որ շոշափվել է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Նախօրեին Աբդուլլա Գյուլը կրկնել էր, որ «սահմանը կարող է բացվել միայն հայկական զորքերի դուրս բերումից հետո»: Այս հայտարարությունը նա արել է հրապարակային ելույթի ժամանակ: Սակայն հայտնի չէ, թե արդյոք նա միեւնույն ոգով է խոսել Վարդան Օսկանյանի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ:

Նախարարների ստամբուլյան հանդիպման մասին տեղեկատվության մեջ երկու ուշագրավ փաստ կա: Առաջինը, որ թուրքական կողմն առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում օգտագործել կիպրոսյան մոդելը. հաշվի առնել երկու համայնքների դիրքորոշումները: Բաքվում սիրում են խոսել Ղարաբաղում երկու համայնքների գոյության մասին` հայկական եւ ադրբեջանական: Միջնորդների ժամանման ընթացքում ադրբեջանական իշխանավորները խաղարարներին մշտապես ստիպում են ժամանակ ծախսել հանդիպելու ոմն Նազիմ Բահմանովի հետ` ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակարգի նախկին ղեկավարը, որը ներկայացվում է որպես «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար»: Այնինչ, տեղին կլիներ խոսել Խորհրդային Ադրբեջանի երկու համայնքների մասին` հայկական, որը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ավտոնոմիան, եւ ադրբեջանական: Սա թույլ կտար վերադառնալ այսպես կոչված ընդհանուր պետության մոդելի քննարկմանը:

Հայաստանը չի կարող ընդունել Ղարաբաղում երկու համայնքների գոյության մասին պնդումները: ԼՂՀ-ն ունի իրավական ընտրված պետական իշխանություն, որը լիազորված է ներկայացնել ազգային փոքրամասնությունների շահերը, այդ թվում եւ ադրբեջանցիներինը, այն դեպքում, երբ նրանք վերադառնան Ղարաբաղ եւ մասնակցեն ընտրություններին: Այնպես որ, կարծում ենք, ստամբուլյան հանդիպման ժամանակ հնչած առաջարկը հեռանկար չի կարող ունենալ: Կարելի է ենթադրել, որ սրա հետ համաձայն են նաեւ Մինսկի խմբի համանախագահները, որոնք չեն թաքցնում, որ Ստեփանակերտը դիտվում է որպես հակամարտության երրորդ կողմ:

Ստամբուլյան հանդիպման երկրորդ «անակնկալը» այն հակասական տեղեկություններն են, թե ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիային ներգրավելու վերաբերյալ: Այս մասին խոսել է Աբդուլ Գյուլը: Նրա խոսքերով, Թուրքիան ստացել է առաջարկ ակտիվորեն մասնակցել խաղարարար գործընթացներում: Սակայն նախարարը չի հստակեցրել, թե ով է նման առաջարկ արել: Հատկանշական է, որ այս հայտարարությունը Գյուլն արել է նախքան Վարդան Օսկանյանի հետ հանդիպելը: Այնպես որ, կարելի ենթադրել, որ խոսքը ՆԱՏՕ-ի ղեկավարության մասին է: Ամեն դեպքում, Օսկանյանը չժխտեց, որ նման նախաձեռնությունն իսկապես քննարկվում է: Նրա ներկայությամբ ադբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ միջնորդական առաքելության մեջ Թուրքիայի մասնակցության մեխանիզմները կմշակվեն առաջիկա 1-2 ամիսներին:

Առայժմ հայտնի չէ, թե ինչպես պետք է արտահայտվի Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Կարծիքներ կան, որ Անկարայի միացումը կօգնի փոխզիջումներին: Բավականաչափ կասկածներ կան, թե ընդհանրապես հնարավոր կլինի մեխանիզմներ գտնել, որոնք թույլ կտան Թուրքիային մասնակցել խաղարարար գործողություններին: Ժամանակին Մինսկի խմբի համանախագահները հավանության էին արժանացրել բանակցային գործընթացներում Իրանի առավել ակտիվ ներգրավվածության գաղափարը: Նույնիսկ Իրանի ԱԳՆ-ից Մինսկի խմբում հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել, ում հատուկ լիազորություններ եւ իրավունք էր տրվել տեղեկացված լինել գործընթացի բոլոր նրբություններին: Սակայն, ադրբեջանական կողմի նվազագույն ակնարկներն այն մասին, թե իրենք բավականաչափ չեն վստահում Իրանին, բավական եղան, որպեսզի Թեհրանի մասնակցությունը խաղարարար առաքելությանը ձախողվի: Այնինչ Իրանն առիթ չէր տվել իր անկողմնակալության մեջ կասկածելու: Ինչը չի կարելի ասել Թուրքիայի համար: Այնպես որ, բավականին դժվար է հավատալ, թե Ղարաբաղի շուրջ բանակցություններում Անկարային ներգրավելու փորձերը հաջողությամբ կպսակվեն: