Մոսկվայում Անդրանիկ Մարգարյանն առաջին անգամ պարզաբանեց, որ խոսքը եռակողմ կամ քառակողմ շաահգործման մասին է: Երկու շաբաթ հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Թբիլիսի, որտեղ այս նախաձեռնությունը կքննարկի Վրաստանի ղեկավարության հետ: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ռուսաստանի դաշնային ժողովի դաշնության խորհրդի ԱՊՀ հարցերով հանձնախմբի նախագահ Վադիմ Գուստովը առաջարկել էր աբխազական ճանապարհը կոնցեսիոն վերահսկմամբ, 20 տարով տրամադրել Հայաստանին, իսկ դրա անվտանգությունը` ԱՊՀ խաղարարար ուժերին: Կասկած չկա, որ այս նախաձեռնությունը նախապես համաձայնեցվել էր քաղաքական ղեկավարության հետ: Բացառված չէ, որ Հայաստանի առաջարկը հիմնված է Վադիմ Գուստովի շարադրած սկզբունքների վրա:
Վրացիները հավանության չեն արժանացրել աբխազական ճանապարհը հայերի վստահությանը հանձնելու գաղափարը: Սակայն, Թբիլիսիում հնչող մեկնաբանություններից չի կարելի ենթադրել, թե իշխանությունը միանշանակորեն բացառում է այս տարբերակը: Վրաստանի ղեկավարությունը ճանապարհի շահագործումը կապում է վրաց փախստականների Աբխազիա վերադառնալու հետ, սակայն ոչ մի կերպ` աբխազական քաղաքական խնդրի լուծման հետ: Դեռեւս մեկ տարի առաջ Էդուարդ Շեւարդնաձեն սկզբունքորեն համաձայնել էր սկսել մայրուղու վերագործարկման աշխատանքները: Միխայիլ Սաակաշվիլին հաստատեց այդ քաղաքականության հանդեպ հավատարմությունը: Մարտի սկզբին Երեւան առաջին պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի նախագահը տառացիորեն հետեւյալը հայտարարեց. «Մեկ տարի հետո անպայման վերականգնված կլինի աբխազական ճանապարհի երթեւեկությունը»:
Սաակաշվիլին մեկ անգամ չէ, որ հասկացրել է, որ հարցի լուծման դեպքում անկնկալելու է հայերի կողմից ներդրումներ: Այս թեման քննարկվել է վերջերս Վաշինգտոնում եւ Մոսկվայում Ամերիկայի հայկական համագումարի եւ Ռուսաստանի հայերի միության ղեկավարության եւ վրաց առաջնորդի միջեւ կայացած հանդիպումների ժամանակ: Եւ Ռոսս Վարդանյանը, եւ Արա Աբրահամյանը նրան հավաստիացրել են, որ բոլոր ջանքերը կներդնեն անհրաժեշտ ռեսուրսների ներգրավվման համար: Այնպես որ փողի խնդիր չի լինի: Միայն թե անհրաժեշտ է պաշտոնական Թբիլիսիի քաղաքական կամքի առկայությունը:





