AM
26 Հուլիս 2004 - 00:00 AMT

ՀԱՅԵՐՆ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ԸՆՏՐԵԼ ՋՈՆ ՔԵՐՐԻԻՆ

Ի տարբերություն հանրապետականների, դեմոկրատների մոտ ընդունված է ձեւավորել ազգային խմբեր` պաշտպանելու իրենց թեկնածուին: Շնորհիվ դրա, հեշտությամբ կարելի է հետեւել, թե Ջոն Քերրիի հաջողության գործում ինչ ներդրում կունենա հայ համայնքը: Դեմոկրատ թեկնածուի պաշտպանության հայկական խումբը բավականին ազդեցիկ եւ ակտիվ է: Խումբը մշակել է տարատեսակ միջոցառումների պլան: Ինտերնետային առանձին էջում ամերիկացի հայերին տեղեկացվում է նախընտրական հանդիպումների եւ նվիրատվությունների ձեւերի մասին: Արդեն նախընտրական հանդիպումներ են տեղի ունեցել Ինդիանապոլիսում, Մասաչուսեթսում, Կալիֆորնիայում: Միայն Բեվերլի Հիլզում տեղի ունեցած մարաթոնից հաջողվել է հավաքել շուրջ երեք միլիոն դոլար:

Այդչափ նվիրատվության հավաքման առթիվ Ջոն Քերրին երախտիքի խոսքով է հանդես եկել Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի եւ դրա նախագահ Քեն Խաչիկյանի հասցեին: Սա տեղի է ունեցել մինչ ԱՀԱԿ-ն կհայտարարեր Ջոն Քերրին աջակցելու մասին: Կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Քերրիին պաշտպանելու որոշումը պայմանավորված է նրանով, որ «20 տարի շարունակ նա աջակցել է հայ համայնքին եւ մշտապես հայերի կողքին է եղել նրանց համար կարեւոր հարցերի ժամանակ»: Ի պատասխան, Քերրին հայտարարել է. «Մենք շնորհակալ ենք ԱՀԱԿ-ից աջակցության համար եւ ձգտում ենք համագործակցել Ամերիկայի հայերի հետ, որպես ԱՄՆ-ը դարձնենք առավել ուժեղ եւ հարգված պետություն»:

Ջոն Քերրիին աջակցում է նաեւ մեկ այլ լոբբիստական կազմակերպություն` Ամերիկայի հայկական համագումարը: Չնայած այս կազմակերպությունը դեռեւս պաշտոնապես չի հայտարարել այդ մասին: Համագումարի համագործակցությունը Քերրիի հետ սկսվել է դեռեւս 1985թ.-ից, երբ Ջոն Քերրիի կնքահայրն համարվող Թեդ Քենեդին ծանոթացրեց այն ժամանակ դեռ երիտասարդ սենատորին իր հայ ընկերների հետ: 1996թ.-ին համագումարը Քերրին շքանշան տվեց:

Սփյուռքի հանդեպ նրա վաստակների ցանկը բավականին ազդեցիկ է: Քերրին նախաձեռնեց «Հումանիտար օգնության միջանցք» օրինագիծը, որը սահմանափակում էր վարչակարգի իրավունքը Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում, մինչեւ այդ երկիրը չվերացնի Հայաստանի շրջափակումը: Նախագահի թեկնածուն նաեւ «Ազատության աջակցման» ակտի 907 ուղղման համահեղինակն է: Նա ակտիվորեն լոբբի էր անում հայերի ցեղասպանությունը ճանաչող «հայկական բանաձեւը»: Քերրին հետեւողական էր Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք օգնության ծավալների մեծացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնության մեջ: Նա ակտիվորեն աջակցում էր ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտրական սերտ կապերի հաստատմանը: «ես հպարտանում եմ իմ եւ ԱՄՆ-ի հայերի միջեւ առկա հայերի Ցեղասպանության ճանաչմանն ուղղված համագործակցությամբ»,- նշել է սենատորն այս տարվա ապրիլի 24-ի հայտարարության մեջ:

Սոցիոլագիական հարցումները վկայում են, որ Քերրիի եւ Բուշի շանսերը գրեթե հավասար են: Սա նշանակում է, որ ընդամենը մի քանի տասնյակ հազար ձայներ բավական կլինեն ընտրությունների ելքը որոշելու համար: Եթե Քերրին հաղթանակ տանի կես միլիոնից քիչ ձայների տարբերությամբ, ապա ամերիկյան հայերն իրավունք կունենան պնդել, որ նախագահը հենց իրենց է պարտական Սպիտակ տանը գրաված դիրքով: