AM
30 Հուլիս 2004 - 00:00 AMT

ԿՐԿԻՆ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ՎՐԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՕՍԵԹՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ եթե Հարավային Օսիայի դեպքերը վերածվեն լայնածավալ ռազմական գործողությունների, ապա ադրբեջանցիների մոտ եւս կակտիվանա ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու հնարավորության հանդեպ հետաքրքրությունը: Ադրբեջանական «բազեների» ձայներն առավել բարձր կհնչեն: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք Բաքվի ղեկավարները կկարողանան բացատրել համերկրացիներին, որ Օսիայի եւ Ղարաբաղի ռազմական ուժերն անհամեմատելի են, ինչպես նաեւ լիովին տարբեր է մեծ տերությունների վերաբերմունքը այդ երկու հակամարտությունների հանդեպ: Եթե Օսիայի դեպքում միջազգային հանրությունը հնարավոր է աչքերը փակի Վրաստանի ռազմական գործողությունների առաջ, ապա Ղարաբաղի դեպքում լրիվ այլ է: Միջնորդները մեկ անգամ չէ, որ նշել են, թե համեմատության եզրեր չկան Օսիայի հետ, որը, համաձայն նրանց տեսակետի, պետք է վերադարձվի Վրաստանին, իսկ Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի կողմերի փոխզիջումների արդյունքում:

Վերջին շրջանում որոշակի ուժեր կրկին փորձում են հայերին ներգրավել վրաց-օսեթական հակամարտության մեջ: Հակամարտությանը հայերի մասնակցության անխուսափելիության մասին խոսակցության վերսկսման փաստարկ են բերում իբրեւ թե Հարավ Օսիայի եւ ԼՂՀ-ի ղեկավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը: Իսկապես Ստեփանակերտը կապեր ունի Ծխինվալիի հետ, սակայն չճանաչված պետությունների կարգավիճակի շրջանակներում: Ռազմական համագործակցություն երբեւէ չի եղել երկու մայրաքաղաղաքների միջեւ: Վրացական նախկին ավտոնոմիայի ռազմական պաշտպանության հարցում ղարաբաղցիները ոչ մի պարտավորություն չեն վերցրել: Ժամանակին առաջարկվել է ստեղծել չորս չճանաչված պետությունների ռազմա-քաղաքական ալիանս, սակայն ԼՂՀ-ի ղեկավարությունն անմջապես մերժել է այն: Այնուհանդերձ, Ծխինվիլիիում չեն հրաժարվում ղարաբաղցիներին հակամարտության մեջ ներքաշելու փորձերից: «Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի հետ բացի սերտ բարեկամական հարաբերություններից, միմյանց օգնություն տրամադրելու պայմանավորվածություն ունենք, այդ թվում եւ` ռազմական»,- օրերս Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին: Սակայն, նման պարտավորություններն ամրագրող որեւէ փաստաթուղթ նա չի հիշատակել: Ղարաբաղում շատերն են համակրում եւ ցավակցում օսեթներին, սակայն ուրիշի պատերազմում չեն պատրաստվում կռվել: Միաժամանակ ղարաբաղցիները երբեւէ չեն մեղադրել օսեթներին այն բանում, որ ժամանակին նրանք հայերի կողմից չեն կռվել Ադրբեջանի դեմ:

Ծխինվալիի իշխանությունները հակավրացական գործողությունների մեջ են ներառում նաեւ չճանաչված պետության փոքրաքանակ հայ համայնքի ներկայացուցիչներին: Մասնավորապես տեղի հայերի առաջնորդներին ներկայացնում են որպես Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու ակտիվ կողմնակիցներ: Վերջերս Ծխինվալիում տեղի ունեցած բազմաքանակ ցույցի հեղինակները որոշել էին, որ Միխայիլ Սաակաշվիլու հասցեին առավել կոշտ արտահայտություններով պետք է հանդես գան վրացիներն ու հայերը: «Կամավորներ» գտան: Որոշումը կյանքի կոչվեց:

Միաժամանակ վրացիները նույնպես նման ռազմավարություն են ընտրել` օսեթների եւ աբխազների դեմ տրամադրելով բոլոր ազգային փոքրամասնություններին: Բարեբախտաբար, այս անգամ վրացական հատուկ ծառայությունները հրաժարվեցին Սուխումիում վերջերս կիրառած սցենարից. ներգրավել տեղացի հայերին Սաակաշվիլու օգտին կայացած ցույցում: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նման սադրանքները չեն վերագործարկվի, եւ արդյունքում մեր հայրենակիցների անվտանգությունը վտանգի տակ կդրվի: Եվ պաշտոնական Երեւանը, եւ Ղարաբաղի իշխանությունները, կարծում ենք, պետք է ջանքեր գործադրեն կանխելու հայերին չեզոքության վիճակից հանելուն ուղղված հակամարտության երկու կողմերի փորձերը: