AM
6 Հոկտեմբեր 2004 - 00:00 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՎ

Զեկույցի շեշտադրումները կարելի է բավականին կոշտ անվանել: Վեհաժողովի նիստին ելույթ ունեցան երկու զեկուցողներն էլ: Բաքվում սպասում էին, որ Անդրեաս Հերկելն առավել հավաքված եւ մեղմ կլինի, քան Գրոսսը, սակայն նրա գնահատականները նույնքան միանշանակ էին: Հերկելն ընդգծել է, որ համաձայն չէ նրանց հետ, ովքեր գովերգում են Ադրբեջանի իշխանությանը, եւ որ լավատեսության հիմքեր չի տեսնում: Նա կրկնել է Գրոսսի նշած բոլոր փաստերը. տասնյակ քաղբանտարկյալների առկայություն, ոստիկանության անվերահսկողություն, քաղաքական կուսակցությունների համար առկա անհավասար պայմաններ, դատական իշխանության կախվածությունը գործադիրից, ԶԼՄ-ների վրա զանգվածային ճնշումներ, մարդու իրավունքների համատարած սահմանափակումներ, ընտրությունների անթափանցիկություն եւ այլն: Երկու զեկուցողն էլ հատուկ ուշադրություն են դարձրել քաղբանտարկյալներ թեմային: Նրանց խոսքերով, ընդդիմության մի քանի ներկայացուցիչների ազատումը միայն փորձ է ստեղծելու այն տպավորությունը, թե խնդիրը լուծվում է: «Բաքուն ընդունում է քաղբանտարկյալների առկայությունը, բայց իշխանությունն ազատում է միայն գեներալներին, իսկ սովորական մարդիկ մնում են բանտում»,- հայտարարել է Անդրեաս Գրոսսը:

Ադրբեջանը լոբբինգ անող մի քանի պատգամավորներ փորձեցին իրենց գործընկերների տպավորությունները մեղմել: Նիստին ելույթ ունեցած Թուրքիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները պաշտպանեցին Ադրբեջանին եւ համոզմունք հայտնեցին, թե բոլոր պարտավորությունները շուտով կիրագործվեն: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը նույնպես հավաստեց, թե հաշված ամիսների ընթացքում կշտկվեն բացթողումները: Առավել հոռետեսորեն էր տրամադրված Եվրոպայի խորհրդի նախարարների Կոմիտեի նախագահ, Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յան Պետերսենը: Նա հայտարարեց, որ անցյալ տարի Ադրբեջանում վատթարացել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավիճակը: Նշենք, որ հայ պատգամավորները զերծ մնացին ելույթներից` չնայած նախօրեին ադրբեջանական պատվիրակության իրագործած դեմարշին:

Քննարկումների ժամանակ Ադրբեջանն առաջարկեց բանաձեւի վերջնական տեքստում 16 փոփոխություն մտցնել, սակայն պատգամավորներն ընդունեցին միայն 4-ը, որոնք կարելի է առավել անսկազբունքային համարել: Մնացածները մերժվեցին: Բանաձեւում ամրագրվում է, որ Ադրբեջանում չեն վերացվել 2003թ.-ի ընտրություններում տեղ գտած «լուրջ կեղծքիների», քաղաքական մոտիվներով իրականացրած բազմաթիվ ձերբակալությունների հետեւանքները, խորհրդարանը իրական դեր չի կատարում, դատական իշխանությունն ազատ չէ, խոսքի ազատությունն ապահովված չէ: Փաստաթղթով կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ընդդիմության 33 ձերբակալված ներկայացուցիչներին, ինչպես նաեւ` ընդդիմության 7 առաջնորդներին: Պատվիրակները եկան այն եզրակացության, որ Ադրբեջանում իրադրության վերաբերյալ մոնիտորինգի դադարեցման մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ պաշտոնական Բաքուն չի կատարել իր պարտավորությունները Եվրոպայի Խորհրդի առջեւ: Վեհաժողովը կրկին կվերադառնա Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցին 2005թ.-ին:

Բաքվում տպավորություն են ստեղծում, թե ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել եւ պնդում են, թե անհանգստության ոչ մի առիթ չկա, քանի որ բանաեւձն ունի զուտ խորհրդակցական բնույթ: Միաժամանակ համերկրացիներին բանաձեւի բացասական գնահատակներից շեղելու համար Ադրբեջանի իշխանությունները ԵԱՀԿ քարտուղարությանն են ներկայացրել Հայաստանին Եվրոպայի խորհրդից հեռացնելու մասին փաստաթուղթ: Բաքվի ԶԼՄ-ները պնդում են, թե այդ նախաձեռնությունը կքննարկվի ԵԱՀԿ-ի պաշտոնական մակարդակում: Իրականում քարոզչական տեքստով թղթիկը դժվար է փաստաթուղթ անվանել: Պարզվում է, որ այն ընդամենը հարց է, որն Ադրբեջանի պատվիրակությունն ուղղել է նախարարների խորհրդին: Հարցի բովանդակությունը հետեւյալն է. արդյո՞ք նախարարների խորհուրդը նպատակահարմար չի գտնում քննարկել Եվրոպայի խորհրդի կազմից Հայաստանին հեռացնելու հարցը: Հարցեր ուղղելու իրավունք ունի յուրաքանչյուր պատվիրակություն: Դրանց բովանդակությունը ոչնչով սահմանափակված չէ: Ադրբեջանն իրավունք ունի հարցնել իր մտքին եկածը, սակայն նրա հարցերը որեւէ հետեւանք չեն կարող ունենալ: Ինչ վերաբերում է Եխ-ից Հայաստանին հեռացնելու նպատակահարմարության օգտին բերված փաստարկներին, ապա դրանք պարզապես ծիծաղելի են հնչում Ադրբեջանի մասին կազմած հաշվետվության ֆոնի վրա: