Ինչո՞ւ է իսրաելական իշխանությունը ձգտում թաքցնել միջադեպը: Իսրաելում խիստ անհանգստացած են, որ տհաճ պատմությունը հակասեմիտիզմի նոր ալիք կբարձրացնի քրիստոնյա երկրներում: Սակայն Թել-Ավիվում առավել վախենում են այն բանից, որ միջադեպը կսրի Երուսաղեմի «ինտերնացիոնալիզացման» մասին երկխոսությունը: Ինչպես հայտնի է, Երուսաղեմը բաղկացած է 4 մասից` մուսուլմանական, հրեական, քրիստոնեական (ուղղափառ- կաթոլիկ) եւ հայկական: Այսպես է վերջին մեկուկես հազար տարին եւ այդպես պետք է լինի միշտ: Երուսաղեմը չի կարող պատկանել միայն հրեաներին:
Այնուհանդերձ, Թել-Ավիվը համառորեն ձգտում է միանձնյա կառավարել Սուրբ քաղաքի ամբողջ տարածքը: Իսրաելի համար կարեւոր է լիարժեք ինքնավարություն ձեռք բերել հայկական հատվածի նկատմամբ: Երկու տարի առաջ, երբ քննարկվում էր Երուսաղեմը Իսրաելի եւ Պաղեստինի միջեւ բաժանելու հարցը, հրեաները մեծ ջանքեր գործադրեցին որպեսզի հայերին համոզեն, որ նրանք իրենց ավելի պաշտպանված կզգան, եթե իրենց վրա ծածանվի Դավիթի աստղով դրոշը: Այդ ժամանակ Թել-Ավիվը պատրաստ էր պաղեստինցիներին զիջել մուսուլմանական եւ քրիստոնեական հատվածները, իսկ հրեական եւ հայկական հատվածները մտադիր էր պահել իրեն: Այդպիսով, առաջարկվում էր Սուրբ քաղաքի քրիստոնյա հատվածը բաժանել երկու պետության միջեւ, որն անթույլատրելի էր համարում ոչ միայն առաքելական եկեղեցու վերադասը, այլեւ` ուղղափառներն ու կաթոլիկները: Մերձավոր Արեւելքում սրված հակամարտությունը թույլ չտվեց ավարտին հասցնել Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունները:
Եթե Արիել Շարոնին հաջողվի իրականացնել Պաղեստինից Իսրաելի միակողմանի բաժանման ծրագիրը, ապա Երուսաղեմի կարգավիճակի մասին հարցը կրկին կբարձրանա: Այդ ժամ հրեաներին առավել դժվար կլինի հայերին համոզել, որ Իսրաելի կազմում նրանք առավել հարմարավետ կզգան: Հայ հոգեւորականության ներկայացուցիչները մշտապես Սուրբ քաղաքի հատուկ, ինտերնացիոնալ կարգավիճակի կողմնակիցն են եղել: Սակայն եթե այն ստիպված լինեն բաժանել, ապա առաքելական եկեղեցու ծառայողները կնախընտրեն մուսուլմանների հովանավորությունը: Սրանում առաջին հերթին մեղավոր է Իսրաելի կառավարությունը, որը մեկ անգամ չէ, որ կասկածի առիթ է տվել քրիստոնյա փոքրամասնության հանդեպ բարեկամ վերաբերմունք ունենալու մեջ: Օրինակները քիչ չեն: Վերցնենք, հենց վերջերս տեղի ունեցած պատմությունը, երբ հայ պատրիարքարանին պատկանող ձիթենու այգիներում կառուցվեց անօրինական պատ: Ստեղծված իրադրությունում հայկական դիվանագիտությունը լիիրավ է բարձրաձայն եւ հստակորեն արտահայտել Երուսաղեմի ճակատագիրը որոշելու հարցում ձայնի իրավունք ունենալու իր հավակնությունները:
Տվյալ դեպքում միջադեպին տրվող գնահատականը ոչ միայն բարոյահոգեբանական, այլեւ` քաղաքական բնույթ ունի: Հնարավոր է, կարիք էլ չկար աղմուկ բարձրացնել կրոնական մոլեռանդի հանդգնության պատճառով, եթե Ռոզենտալն առաջինը լիներ, ով իրեն նման քայլ էր թույլ տվել: Ամբողջ դժբախտությունն այն է, որ հայր Նուրան Մանուկյանի հետ կատարված դեպքի նման միջադեպեր Իսրաելում զանգվածային բնույթ են կրում: Երուսաղեմի Հայ պատրիարքարանի եպիսկոպոս Արիս Շիրվանյանը պնդում է, որ ոչ մի շաբաթ չի անցնում առանց նմանատիպ միջադեպերի: Սա հաստատում են նաեւ կաթոլիկ եւ ուղղափառ հոգեւորականները: Միջադեպի մասին «Վաշինգթոն փոստում» տպագրվելուց հետո քրիստոնյա այլ ուղղությունների ներկայացուցիչները դադարեցին թաքցնել, որ խաչի վարկաբեկումը շատ սիոնիստների համար պատվի հարց է դարձել:
Նաթան Ռոզենթալի գործով դատարանը վճռեց հանցագործին որպես պատիժ չթույլատրել 75 օր մտնել Երուսաղեմի պատմական մասը: Ընդամենն այսքանը: Իսրաելի հասարակությունը համարեց, որ սա լիովին բավական է: Զարմանալի է, որ ոչ հրեա հոգեւոր առաջնորդները, ոչ էլ Իսրաելի կառավարության ներկայացուցիչները ապագա ռավինի թքով իրենց վրա ընկած ամոթանքը մաքրելու ուղղությամբ ոչինչ չձեռնարկեցին: Սա հաստատում են նաեւ իսրաելական առաջադեմ թերթերի մի քանի հրապարակումներ: «Մեզ անհանգստացնում է հրեական հոգեւոր առաջնորդների լռությունը: Դրանով ռավինները հանցակիցն են դառնում այդ գործողությանը»,- գրում է «Երուսաղեմ Փոստը»: «Երուսաղեմի խուլիգանը թքել է ոչ միայն արքեպիսկոպոսի վրա, այլ` Իսրաելի բոլոր հրեաների»,- պնդում է հրապարակման հեղինակը: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Իսրաելի հրեաները իրենց ամենեւին թքոտված չեն զգում:
Քրիստոնեական ավանդույթներին հետեւելով` արքեպիսկոպոս Նուրան Մանուկյանը ներեց վիրավորողին: Սակայն արդյո՞ք Աստված կների այն «հանցակիցներին», ովքեր իրենց լուռ համաձայնությամբ քաջալերեցին կրոնական մոլեռանդի գործողությունները:





