Ատկինսոնի զեկույցում ոչ մի անսպասելի բան չկար: Նա չէր փոխել իր նախորդի` Թերրի Դեվիսի պատրաստած նախնական փաստաթղթի մեջ տեղ գտած շեշտադրումները: (Վերջինս, ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա սեպտեմբերին ընտրվեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար, եւ զեկուցողի նրա պարտավորությունները դադարեցվեցին): Ատկինսոնն իրեն իրավունք չի վերապահել ինքնուրույն եզրակացություններ անել, քանի որ զեկուցողի պաշտոնավարման ընթացքում ոչ մի անգամ չի եղել տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով, նա նախընտրել է հիմնվել նախորդ զեկուցողի գնահատականների վրա: Այնուհանդերձ, անհրաժեշտ է նշել, որ Ատկինսոնն այնքան էլ անտեղյակ չէ ղարաբաղյան հակամարտությունից: Բարոնուհի Քերոլին Քաքսի հետ միասին նա Ղարաբաղում է եղել 93թ.-ին, երբ դեռեւս շարունակվում էր պատերազմը: Ստեփանակերտից վերադառնալով` Եվրոպայի Խորհրդում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ լսումներ կազմակերպեց, որին ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների խումբը հանդես եկավ որպես ինքնուրույն պատվիրակություն:
Ինչպես երեւում է, այսօր արդեն Ատկինսոնը փոխել է իր հայացքները` կապված իրենց երկրի ճակատագրին առնչվող բանակցություններին ղարաբաղցիների ինքնուրույն հանդես գալու նպատակահարմարության հարցի հետ: Զեկույցում նա նշել է, որ անհարաժեշտ է բանակցություններին ներգրավել ոչ թե Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներին, այլ` «հայկական եւ ադրբեջանական համայնքների քաղաքական շրջանակների ներկայացուցիչներին»: Այս տարօրինակ ձեւակերպման դեմ է հանդես եկել հայկական պատվիրակության ղեկավարը, սակայն դա չի խանգարել, որ ուղղումը ներառվի փաստաթղթում: Առավել հաջող արդյունք ունեցավ Հաագայի դատարան դիմելու վերաբերյալ` Տիգրան Թորոսյանի նախաձեռնությունը: Ձայների մեծամասնության համաձայնությամբ փաստաթղթի տեքստից հանվեց հետեւյալ նախադասությունը. «Միջազգային տրիբունալը, հիմնվելով ՄԱԿ-ի խարտիայի վրա, պետք է ճշտի` արդյոք Հայաստանը, կիսաիրավական հիմքերով պաշտպանելով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Այնուամենայնիվ, զեկույցը մեզ համար որոշ տհաճ ձեւակերպումներ է պարունակում: Ղարաբաղցիներն անվանված են անջատողականներ, նշվում է վերահսկվող շրջաններում ազգի «մաքրման» մասին, խոսվում է Ադրբեջանի տարածքում Հայաստանի զինված ուժերի գտնվելու մասին: Սակայն Բաքվում նույնպես գոհ չեն Ատկինսոնի զեկույցից: Ադրբեջանցիները դգոհ են, որ զեկույցում հայերն ուղղակիորեն չեն մեղադրվում ագրեսիայի մեջ, չնայած նրանք ամեն ինչ արել էին, որ հենց այդ ձեւակերպումը տեղ գտներ զեկույցում: Ադրբեջանական պատվիրակության անդամները բավարված չեն նաեւ այն հանգամանքով, որ զեկույցում նշված չէ հարյուր հազարավոր հայ փախստաակնների մասին: Չնայած, ընդհանուր առմամբ զեկույցի շեշտադրումներն առավել ընդունելի են ադրբեջանցիների համար:
Քաղաքական հանձնախումբն իր աշխատանքն ավարտեց: Այսուհետ իր խոսքը պետք է ասի Վեհաժողովը: ԵԱՀԿ նիստին հայկական պատվիրակությունը կփորձի ուղղումներ մտցնել զեկույցի վերջնական տարբերակի մեջ: Փոփոխություններ եւ լրացումներ կատարելուն վերաբերող բոլոր նախաձեռնությունները համաձայնեցվում են Քաղհանձնախմբի հետ: Հայկական պատվիրակության առաջարկած հինգ ուղղումներից միայն երկուսն են հավանության արժանացելՊլենար նիստում Քաղհանձնախմբի ղեկավարը իր բացասական կարծիքը կհայտնի երեք առաջարկների մերժման վերաբերյալ: Փորձը ցույց է տալիս, որ ուղղումների ընդունումը քիչ հավանական է առանց Քաղհանձնախմբի աջակցության: Սակայն, այնուամենայնիվ, շանսեր կան: Բանն այն է, որ Քաղհանձնախմբի անդամները հիմնականում իրենց երկրների օրենսդիր մարմիններում մեծամասնություն են ներկայացնում: Այսինքն, նրանք կառավարության ներկայացուցիչներն են համարվում: Ակնհայտ է, որ քվեարկության ժամանակ նրանք առաջնորդվելու են իրենց մայրաքաղաքներից եկած հանձնարարականներով: Սա Ադրբեջանին թույլ է տալիս լոբբինգի յուրահատուկ մեխանիզմներ ձեռնարկել` հիմնված նավթային շահի վրա: Սակայն պլենար նիստում ներկա են նաեւ այնպիսի պատգամավորներ, ովքեր առավել քիչ են կախված իշխող վերնախավի քաղաքական շահերից: Այնպես որ հայկական պատվիրակությունը հույս ունի, որ հաջորդ քննարկմանը կհաջողվի մեղմել փաստաթղթում առկա որոշ ձեւակերպումներ:





