AM
23 Դեկտեմբեր 2004 - 00:00 AMT

ԱՄՍՏԵՐԴԱՄՆ ԱՆԿԱՐԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բանաձեւի ընդունումը Եվրոպայի Հայկական Դաշնության լոբբիստական արդյունավետ գործունեության արդյունքն էր: Ցեղասպանության հարցի բարձրացման առիթը դարձավ Բրյուսելում դեկտեմբերի 16-17-ը կայացած Եվրամիության գագաթաժողովի արդյունքների քննարկումը: (Ինչպես հայտնի է, գագաթաժողովում Ամստերդամը հատուկ դեր ունի, քանի որ այժմ Նիդեռլանդները նախագահում է Եվրամիության նախարարների խորհուրդը): Օրինագիծը պատրաստել էր Քրիստոնեական Միություն ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Անդրե Ռաֆուդը, սակայն հարցը օրակարգում մտցնելու կոչի տակ ստորագրել էին գրեթե բոլոր դաշինքների ներկայացուցիչները:

Պատգամավորներին տեղեկացնելով գագաթաժողովի ընթացքի եւ Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին` արտաքին գործերի նախարար Բեռնարդ Բոթան խորհրդարանականների խնդրանքով պարզաբանեց, թե ԵՄ-ը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակացություններում ինչ տեղ է զբաղեցնում «հայկական հարցը»: (Նրան հարցրին` ինչո՞ւ Եվրամիության եզրակացության մեջ չի հիշատակվում հայերի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը): Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց, որ Բրյուսելում կայացած հանդիպումների ընթացքում հայերի ցեղասպանության հարցը բազմիցս շոշոփվել է, այդ թվում նաեւ իր նախաձեռնությամբ: (Բեռնարդ Բոթան այժմ ղեկավարում է Եվրամիության նախարարների խորհուրդը, այդ իսկ պատճառով բանակցությունների գլխավոր անձը հենց ինքն էր): Այնուհանդերձ, բանաձեւի նախագծի հեղինակները պահանջեցին, որ փաստաթուղթը դրվի քվեարկության: Բանաձեւն ընդունվեց միաձայն: Այսուհետ Նիդեռլանդների կառավարությունը, հետեւելով խորհրդրարանի պահանջին, «Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում պետք է մշտապես բարձրացնի հայերի Ցեղասպանության հարցը»: Այսպիսով, Նիդեռլանդները ոչ միայն դարձան հայերի ցեղասպանությունը ճանաչած թվով 16-րդ պետությունը, նաեւ Եվրոպայում առաջին երկիրը, որ ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիայից պահանջում է ճանաչել ցեղասպանությունը:

Անհրաժեշտ է նշել, որ խորհրդարանի որոշումը պարտադիր չէ կառավարության համար: Այն կրում է երաշխավորական բնույթ: Այնուհանդերձ, կասկածելու հիմքեր չկան, թե քաղաքական ղեկավարությունը չի հետեւի օրենսդիրների խորհրդին: Այս մասին կարելի է դատել արտաքին գործերի նախարար Բեռնարդ Բոթիի խոսքերից, ով ողջունեց փաստաթղթի ընդունումը եւ նույնիսկ հայտարարեց, որ բանաձեւը կուժեղացնի Ամստերդամի դիրքերը Անկարայի հետ բանակացություններում: Հետաքրքրական է, որ ընդամենը մի քանի օր առաջ հենց նույն Բեռնարդ Բոթան Եվրամիության գագաթաժողովում ԵՄ-ի անդամ-պետությունների ղեկավարներին կոչ էր անում հանդուժողականություն ցուցաբերել Թուրքիայի հանդեպ եւ հրաժարվել նախապես պահանջված, բայց չկատարվեց պայմաններից: Երկուշաբթի նույն Բոթան քննադատեց Փարիզի եւ Վիեննայի մտադրությունն այն մասին, որ Թուրքիայի անդամակցության հարցը դնեն համաժողովրդական հանրաքվեի, որը Թուրքիային կզրկի եվրոպական ժողովրդի ընտանիքին անդամագրելու հույսից: Միթե մի քանի օրվա ընթացքում նիդեռլանդական նախարարի մոտեցումները փոխվեցին:

Հայտնի է, որ Բեռնարդ Բոթան սերտ եւ նույնիսկ բարեկամական կապեր ունի թուրքական քաղաքական էլիտայի մի քանի ներկայացուցիչների հետ: Նախքան երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնին նշանակվելը, նա Թուրքիայում Նիդեռլանդների դեսպանն էր: Սակայն Եվրամիության նախարարների խորհրդի ղեկավարին դժվար է անվանել Անկարայի շահերի պաշտպան: Գործընկերներին համոզելով ԵՄ-ը Թուրքիային անդամագրելու անհրաժեշտության մեջ` նա լոբբի չէր անում Անկարայի շահերը, այլ Եվրամիությանը անդամակցելու գնով ձգտում էր Թուրքիայից պահանջել արմատական բարեփոխումներ, որոնք այդ ասիական երկիրը առավել կանխատեսելի եւ Եվրոպայի համար ավելի քիչ վտանգավոր կդարձնեն: Նրա դիրքորոշման էությունը հետեւյալն է` եկեք առաջին փուլում չվախեցնենք Թուրքիային, որպեսզի պայմաններ ստեղծենք բանակցությունների երկրորդ փուլում Անկարային համոզել կատարել նրանից պահանջովող բոլոր պայմանները:

Ակնհայտ է, որ «հայկական հարցը» Ամստերդամին եւ ամբողջ Եվրոպային առաջին հերթին հարկավոր է որպես թուրքերի վրա ազդելու միջոց: Ցեղասպանության թեմայով ղեկավարվելով` կարելի է Թուրքիային ստիպել բանակցություններում առավել հանդուրժող լինել: Եվրոպական քաղաքագետների աճող հետաքրքրությունը ցեղասպանության հարցի վերաբերյալ չի նշանակում, թե նրանք իսկապես Անկարայից կպահանջեն հայերի առաջ մեղանչել: Ցեղասպանության թեման ներառված չէ Թուրքիայի առջեւ դրված պայմանների ցուցակում: Եվ քանի դեռ այդ հարցը չի ընդգրկվել պաշտոնական պահանջների մեջ, դժվար է այն չդիտել ոչ այլ ինչ, քան Անկարային ճնշելու միջոց: Դժբախտաբար առայժմ դա այդպես է: