AM
21 Հունվար 2005 - 00:00 AMT

ԱՏԿԻՆՍՈՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

Զեկույցն անցել է գրեթե բոլոր ատյանները: Դրա վրա աշխատել է երկու զեկուցող: Երեք նախնական լսում է տեղի ունեցել Քաղաքական հանձնաժողովում, որից հետո նոյեմբերի 17-ին Ատկինսոնի առաջարկած փաստաթղթում ուղղումներ եւ լրացումներ են մտցվել: Դեկտեմբերի 15-ին զեկույցը քննարկվեց ԵԽԽՎ բյուրոյի նիստում: Վերջին ատյանը Վեհաժողովի պլենար նիստն է, որով էլ եւ վերջակետ կդրվի: Իսկ մինչ ձմեռային նիստը ոչ ոք` ոչ զեկուցողն ինքը, ոչ քաղհանձնաժողովը, ոչ ԵԽԽՎ ղեկավարությունն իրավասու չէ ինչ-որ բան փոխել: Այդ իսկ պատճառով ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, թե Հայաստանի ղեկավարությունը նամակներով դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեվիսին եւ ԵԽԽՎ նախագահ Փիթեր Շիդերին` զեկույցի քննարկման կասեցման եւ կամ դրանում փոփոխություններ անելու խնդրանքով, չեն կարող համապատասխանել իրականությանը:

Հայաստանին միայն մնում է ետվարագույրյան աշխատանք տանել ինչպես անհատական մակարդակով առանձին պատգամավորների, այնպես էլ ԱԳՆ մակարդակով գործընկեր պետությունների հետ: Կարեւոր է նաեւ դաշինքների դիրքորոշումները, որոնց հետ եւս աշխատանք է տարվում: Հույս կա նաեւ, որ Վեհաժողովի պլենար նիստում զեկույցի քննարկման ժամանակ կհաջողվի որոշ ուղղումներ մտցնել զեկույցի տեքստում:

Քաղաքական հանձնաժողովում Հայաստանը 5 փոփոխություն էր առաջարկել, որոնցից 3-ը մերժվեց: Դրանց թվում էին մեզ համար ամենասկզբունքայինները: Հայկական պատվիրակության անդամները կփորձեն հասնել ներկայիս տեքստում տեղ գտած այն ձեւակերպումների փոփոխությանը, որոնցից են օրինակ` «անջատողականների կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղ» եւ «բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների քաղաքական շրջանակները»: Երկու ձեւակերպումներն էլ մեզ համար խիստ անընդունելի են: Եվս մեկ անցանկալի առաջարկ հնարավոր եղավ տեքստից դուրս հանել զեկույցի քննարկման վերջին փուլում: Այնտեղ խոսքը գնում էր Հաագայի Միջազգային դատարան դիմելու անհրաժեշտության մասին այն հարցի վերաբերյալ, թե արդյոք Հայաստանի գործողությունները զավթողական են: Սակայն բացառված չէ, որ այս նախաձեռնությոնը կրկին երեւան կգա ձմեռային նիստի ժամանակ ադրբեջանական պատգամավորների մատուցմամբ:

Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են համակերպվել այն փաստի հետ, որ հայկական պատվիրակությանն ամեն դեպքում կհաջողվի որոշ փոփոխություններ մտցնել զեկույցի տեքստում: Սա նկատելի է ադրբեջանական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Սամեդ Սեիդովի տրամադրվածությունից: Օրերս տեղական մամուլին տրված հարցազրույցում նա հնարավոր է համարել, որ « զեկույցի քննարկման ընթացքում կարող են լրացումներ մտցվել»: «Մեզ համար կարեւոր է, որ այդ լրացումները չփոխեն զեկույցի սկզբունքային նշանակությունը»,- հայտարարել է Սեիդովը` շեշտելով, որ փաստաթղթի ներկայիս տեքստը լիովին բավարարում է Ադրբեջանին: «Մենք ուզում ենք, որ պարոն Ատկինսոնի զեկույցն հաստատվի ինչպես որ կա»,- ասել է Սամեդ Սեիդովը:

Սակայն, չնայած այս պնդմանը` Վեհաժողովի նստաշրջանի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է գրավել անբավարարվածի դիրք: Որպեսզի կանխեն հայերի կողմից առաջադրած փոփոխությունների ներառումը, ադրբեջանցիները կդիմեն փորձարկված տակտիկական մեթոդին: Նրանք նույնպես փոփոխությունների առաջարկով հանդես կգան, որոնք առավել կսրեն Հայաստանին չբավարարող ձեւակերպումները: Խնդիրը մեկն է` գործընկերների մոտ ստեղծել այն տպավորությունը, թե ներկայիս զեկույցը փոխզիջումային է, եւ ներկայիս ձեւով նրա հաստատումը թույլ կտա պահպանել հաշվեկշիռը: Սակայն ԵԽԽՎ պլենար նիստում Ադրբեջանն իր շահերը լոբբի անելու համար ավելի քիչ ռեսուրսներ ունի, քան Քաղաքական հանձնաժողովում, որտեղ պաշտոնական Բաքուն կարողացավ հաջողության հասնել: Նիստին ներկա են պատգամավորներ, ովքեր առավել քիչ են կախված իրենց երկրների իշխող վերնախավերի քաղաքական շահերից: Սա սահմանափակում է Ադրբեջանի նավթային դիվանագիտությունը եւ հիմք է տալիս հուսալու, որ զեկույցի վերջնական տարբերակն ավելի քիչ կանխակալ կլինի: