Չորեքշաբթի Դեվիդ Աթքինսոնը հարցազրույց է տվել բրիտանական BBC լրատվական գործակալությանը, որում բավականին անսպասելի արտահայտություն է արել: «Ազգի ինքնորոշման սկզբունքը չի կարող կիրառվել Ղարաբաղի դեպքում»,- հայտարարել է նա: Այս պնդումն ուղղակիորեն հակասում է ԵԽԽՎ բանաձեւի երկրորդ կետին, որում սեւով սպիտակի վրա գրված է, որ «տարածաշրջանի ինքնավարությանը կարելի է հասնել խաղաղ եւ իրավական ճանապարհով` հիմնվելով տվյալ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա»: 1988թ.-ից սկսած Ղարաբաղում այս գործընթացն է ընթանում: Եվ միան 1991թ.-ին այն գնաց այլ ճանապարհով Ղարաբաղի ինքնորոշման դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիայի պատճառով: Դրա վկան է եղել նաեւ հենց ինքը` պարոն Աթքինսոնը, ով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարեց. «Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին ադրբեջանական ականներն ընկնում Ստեփանակերտի վրա»:
Դժվար է գտնել այն պատճառը, որն այդքան կտրուկ փոխեց պարոն Աթքինսոնի հայացքները: Դեռեւս հունվարի 25-ի առավոտյան զեկուցողը պնդում էր իրավական եւ ժողովրդավարական ձեւերով արտահայտված ինքնորոշման իրավունքի մասին իր դրույթը, իսկ արդեն 26-ին խոսում էր այն մասին, թե «Եվրոպայի խորհուրդը, ինչպես եւ որեւէ այլ միջազգային կազմակերպություն, կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի կառավարությունը կհամաձայնի անկախություն տրամադրելու մասին բնակչության պահանջի հետ»:
Ի դեպ, սա բրիտանական օրենսդրի արտահայտությունների միակ հակասությունը չէ: Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով երկխոսության գնալ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ` նա առաջարկում է չհետաձգել եւ հանդիպումն իրականացնել մոտ ժամանակներս Ստրասբուրգում: Միաժամանակ զեկուցողը հիշեցնում է, որ նա հակամարտության կողմերի միջեւ անմիջական կապեր հաստատելու կազմակերպման փորձ ունի: Իսկապես, 1994թ.-ին, լինելով Եվրոպայի անդամ չհամարվող երկրների հետ կապերի հանձնախմբի նախագահը, Աթքինսոնն իր վրա վերցրեց հակամարտության երեք կողմ համարվող պաշտոնական ներկայացուցիչների միջեւ բանակացությունների կազմակերպման աշխատանքները: Այսինքն, այն ժամանակ նա Ղարաբաղը համարում էր հակամարտության սուբյեկտ, եւ ոչ` օբյեկտ: Այժմ, չգիտես ինչու, Աթքինսոնը խոսում է բանակցություններին «Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների քաղաքական շրջանակների ներկայացուցիչների» մասնակցության մասին:
Ընդհանրապես, փոփոխականությունը հատուկ է բրիտանական խորհրդրանականին: Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի տարիներին նա բարունուհի Քոքսի հետ միասին օգնություն էր բերում ղարաբաղցիներին: 90-ականների սկզբին նա հավանություն էր տալիս Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին եւ լիովին համաձայն էր այն մտքի հետ, որ հենց հայկական կողմն է ագրեսիայի զոհը: Իսկ այսօր նրա առաջարկած բանաձեւում, չգիտես ինչու, նա մեղադրում է Ղարաբաղի հայերին «ագրեսիայի» եւ «անջատողականության» մեջ: Այդ ժամանակներից շատ բան է փոխվել: Օրինակ, «Բրիթիշ Փեթրոլեում» ընկերությունը հասցրել է հաջողությամբ հիմնվել Ադրբեջանում` այստեղից միլիոնավոր գումարներ շահելով: Եվ գուցե ճշմարիտ են այն մարդիկ, ովքեր պարոն Աթքինսոնի փոփոխականության պատճառը տեսնում են թեւավոր խոսք դարձած արտահայտության մեջ, թե ««ԲՓ»-ի շահը օրենք է Բրիտանիայի համար»:
Արտյոմ Երկանյան





