Բավականաչափ հիմքեր կան պնդելու, որ հենց ադրբեջանական իշխանություններն են փորձում սեփական դիվանագիտական հաջողության մտապատրանքը ստեղծել: Սա դժվար չէ ապացուցել: Ամենից առաջ նշենք, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հաշվետվության պաշտոնական հրապարակումից հետո վեց օրվա ընթացքում չէր կարողանում ձեւավորել դրա հանդեպ իր վերաբերմունքը: Իսկ Հայաստանի ԱԳՆ հաշվետվության գնահատականների վերաբերյալ իր բավարարվածությունը հայտնեց դրա հրապարակման տառացիորեն հաջորդ օրը: Միաժամանակ նշենք, որ հաշվետվության հանդեպ Ադրբեջանի պետական այրերի ոչ պաշտոնական արձագանքը բացասական էր: Օրինակ` արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը բանավոր կերպով իր զայրույթն էր հայտնել այն առթիվ, որ դիտորդական առաքելության անդամները Լեռնային Ղարաբաղի իշխանություններին դիտում են Հայաստանի իշխանություններից լրիվ առանձին, որն էլ եւ անուղղակիորեն հաստատում է նրանց ինքնուրույնությունը եւ լեգիտիմությունը: Սակայն երկարատեւ խորհրդակցությունից եւ վեճերից հետո Բաքվի իշխանավորները որոշեցին ցույց տալ, թե բոլորովին էլ չի նյարդայնացնում դիտորդների հետեւյալ եզրահանգումը. «Ոչ մի ակնհայտ կազմակերպված վերաբնակեցում չկա, ոչ մի բռնի բնակեցում, ոչ մի հավաքագրում»:
Աչքերը փակելով այդ խիստ կարեւոր եզրահանգման վրա` ադրբեջանական դիվանագետները որոշեցին իրենց ամբողջ ուշադրությունը սեւեռել փաստաթղթի մեկ այլ դրույթի, որում միջազգային ֆինանսական ինստիտուտներին կոչ է արվում գումար հայթայթել այդ շրջաններում ապրող մարդկանց տեղափոխել Հայաստան: Միաժամանակ, նշենք, որ այդ կետում ոչինչ չի ասվում ժամկետների մասին: Իսկ նշանակում է, կոչը լիովին թողնված է Երեւանի եւ Ստեփանակերտի հայեցողությանը: Չէ որ հայկական կողմը մշտապես էլ պնդել է, որ պատրաստ է անվտանգության գոտին վերադարձնել Ադրբեջանի վերահսկողությանը, եթե համաձայնություն ձեռք բերվի լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Ի դեպ, ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող տարածքներում վերաբնակեցման փաստի անուղղակի արդարացումներ էլ կան դիտորդների հաշվետվության մեջ: Նրանք հատուկ նշել են, որ վերաբնակիչների ճնշող մեծամասնությունն Ադրբեջանի կողմից գրավված Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի հյուսիսի եւ Մարտունու արեւելքի գյուղերի փախստականներն են: Առաքելության անդամները հիշեցրել են, որ «վերաբնակիչների մեծ մասը ցանկություն են հայտնել վերադառնալ իրենց տները»:
Ադրբեջանի ԱԳՆ նպատակաուղղված եւ ակնհայտորեն խեղաթյուրում է փաստերը: Ահա դրա հերթական ապացույցը: Չնայած այն բանի, որ առաքելության անդամները Լեռնային Ղարաբաղի իշխանություններին շնորհակալություն են հայտնել գործողությունների ազատության եւ օբյեկտիվ մոնիտորինգի անցկացման աջակցության համար, Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ, չգիտես ինչու խոսվում է «փոխադրման համար արհեստական խոչընդոտների ստեղծման մասին, որն էլ եւ դիտորդներին թույլ չի տվել այցելել բոլոր անհրաժեշտ վայրերը»: Սակայն առավել խեղաթյուրված են դիտորդական առաքելության անդամաների ներկայացրած թվերը:
Համեմատության համար ներկայացնենք թվեր հաշվետվությունից եւ Ադրբեջանի կողմից ներկայացվող հայտարարություններից: Ահա մեջբերում հաշվետվությունից. «Փաստահավաք առաքելության հաշվարկած թվերի համաձայն` բնակչությունը կազմում է. Քելբաջարաի շրջանում` մոտ 1500 մարդ, Աղդամի շրջանում` 800-ից 1000 մարդ, Ֆիզուլու շրջանում 10-ից քիչ մարդ, Ջեբրաիլի շրջանում 100-ից քիչ, Զանգելանում` 700-ից 1000, եւ Քուբալթիում` 1000-ից 15000 մարդ: Ինչ վերաբերում է Լաչինին, ապա առաքելության հաշվարկներով ամբողջ շրջանում բնակվում է 8000-ից քիչ մարդ»: Այսպիսով, եթե առավելագույն հաշվարկն անենք, ստացվում է, որ անվտանգության գոտում ժամանակավոր բնակվում է 13.110 մարդ: Իսկ նվազագույնը` մոտ 10-11 հազար: Իսկ Ադրբեջանի հայտարարության մեջ նշվում է, թե դիտորդներն, իբրեւ թե ամրագրել են ավելի քան 17 հազար վերաբնակիչ:
Ըստ երեւույթին Բաքվի դիվանագետները խնդիրներ ունեն հանրահաշվի հետ: Դա հաստատում է հենց միայն այն, որ մարտի 18-ի մամլո ասուլիսին արտաքին գործերի նախարարաի տեղակալ Արազ Ազիմովը խոսեց 15 հազար վերաբնակիչների մասին: Ընդամենը 4 օրվա ընթացքում այդ թիվը աճեց եւս երկու հազարով: Հիշեցնենք, որ նախապես ադրբեջանական իշխանությունները խոսում էին 23 եւ նույնիսկ 32 հազար հայ վերաբնակիչների մասին: Իսկ ոչ կառավարական կազմակերպությունների արմատականները այդ թվերը հասցնում էին երկու հարյուր հազարի: Միաժամանակ, եթե լրիվ այլ կարգավիճակ ունեցող Լաչինը չհաշվենք, ապա ցածրադիր Ղարաբաղի շրջաններում բնակվում է 2500-ից մինչեւ 4 հազարա ժամանկավոր բնակիչ: (Համաձայն դիտորդների գնահատականների` վերաբնակիչների 70 տոկոսն ապրում է Լաչինում, որը կապ է ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ):
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, իբրեւ թե դիտորդները խուսափել են կոնկրետ պատասխան տալ ցածրադիր Ղարաբաղի շրջաններում վերաբնակեցմանը Հայաստանի մասնակցության մասին հարցին: Միաժամանակ, դիտորդների հաշվետվության մեջ այս մասին հստակորեն նշված է. «առաքելությունը որեւէ հարցում Հայաստանի իշխանությունների անմիջական մասնակցությունը վկայող ոչ մի փաստ չի արձանագրել»: Այսպես թե այնպես, պաշտոնական Բաքուն իր դժգոհությունն է հայտնել այն առիթով, որ առաքելությունը Հայաստանին չի մեղադրել կազմակերպված վերաբնակեցման մեջ: «Անհասկանալի եւ անհիմն են Հայաստանին այդ հարցի շրջանականերից դուրս հանելու փորձերը»,- նշվում է հայտարարությունում:
Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության տարածած փաստաթղթում չի կոնկրետ չի խոսվում ՄԱԿ-ում ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող տարածքների իրադրության մասին հարցի կրկնակի քննարկման հնարավորության մասին: Հիշատակվում է միայն այն մասին, որ հաշվետվությունը «լավ հիմք է նախապատրաստում խնդրի հետագա քննարկման համար»: Սակայն վերջերս Արազ Ազիմովը հայտարարել է, որ Բաքուն կհասնի նրան, որ այդ հարցի ներառվի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 60-րդ նստաշրջանի օրակարգում: Հիշեցնենք, որ Բաքուն խոստացել էր չպտնդել հարցի քննարկումը, եթե ԵԱՀԿ Ղարաբաղ ուղարկի դիտորդական առաքելություն: Ընդ որում իշխանությունները նախապես հայտարարել էին, որ կհրաժարվեն Միացյալ ազգերի կազմակերպությունում հարցը չբարձրացնելու խոստումից, եթե առաքելության անդամների հաշվետվությունը չբավարարի իրենց: Գուցե Ազիմովի հայտարարությունն այն մասին, թե Բաքուն կրկին պատրաստվում է նախկին պահանջով ներկայանալ, հենց վկայում է փաստաթղթի հանդեպ ադրբեջանի ղեկավարների անբավարար վերաբերմունքը: Ամեն դեպքում, այժմ արդեն ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ամբիոնից հայաստանին պահանջներ ներկայացնելով` Ադրբեջանն այդպես էլ ոչնչի չհասավ, քանի որ ներկայացված փաստերը ստուգելու համար ձեւավորված առաքելությունը հերքեց առաջադրած մեղադրանքների գերակշիռ մասը:
Արտյոմ Երկանյան





