AM
31 Մարտ 2005 - 00:00 AMT

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՏԱՆԴ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՈՉ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻ

Ոչ մի խմբավորում ակցիայի համար պատասխանատվություն չի վերցրել իր վրա: Ահաբեկիչները գործում են չբացահայտված: Փրկագնի պահանջն Իրաքում Ռումինիայի դեսպանին են հանձնել անհայտ անձինք: Բացի այդ, ինչ-որ մեկը Բուխարեստում բնակվող սիրիացի գործարարարին տուն է զանգել եւ խնդրել է երկրի իշխանություններին փոխանցել, որ եթե 24 ժամվա ընթացքում գումարը չլինի, ապա պատանդները կսապնվեն: Սակայն, պաշտոնական աղբյուրները հերքում են փրկագնի պահանջի մասին տեղեկությունները: Հանցագործների մանր պահանջների տարբերակի հակառակն է նաեւ ապացուցում հինգշաբթի Քաթարի «Ալ Ջազիր» արբանյակային հեռուստաընկերությամբ ներկայացրած տեսանյութը: Պատանդներին ձայնագրած երիզն անհայտ միջոցներով հեռուստաընկերության գրասենյակ է փոխանցվել հենց ահաբեկիչների կողմից: Կադրերում լրագրողները եւ արաբ-թարգմանիչը նստած են գետնին, գլխներին պահված են ավտոմատների փողերը: Այդ կադրերում մեր հայրենակիցն առավել ճնշվածն է երեւում: Ժապավենում նկատելի է նաեւ դիմակավոր երկու մարդ: Միաժամանակ, առեւանգողները ոչ մի պահանջ չեն ներկայացնում:

Ինչպես եւ ռումինական ողջ հանրությունը, այպես էլ Բուխարեստի հայ համայնքը խիստ անհանգստացած է պատանդների ճակատագրով: Սակայն պատանդների որոնման աշխատանքներում Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներին ներգրավելու նախաձեռնությունն անընդունելի է համարվում: Այս պարագայում հայկական կառույցների ղեկավարների չափից դուրս ակտիվությունը կարող է խիստ վտանգավոր հետեւանքներ ունենալ: Չէ որ հայտնի է, որ Էդուարդ-Օվիդիու Հովհաննիսյանին պատանդ են վերցրել ոչ որպես հայի, այլ` Ռումինիայի քաղաքացու: Ավելին, բացառված չէ, որ առեւանգողները մինչ այժմ էլ չգիտեն նրա ազգային պատկանելիության մասին, քանի որ որոշ ռումինական ազգանուններ նման են հայկականներին: Հովհաննիսյանի ազգային արմատների վրա շեշտված ուշադրությունը կարող է ավելորդ խնդիրներ ստեղծել, եթե նկատի ունենանք, որ Իրաքում են գտնվում նաեւ հայ խաղաղարարները:

Էդուարդ-Օվիդիու Հովհաննիսյանը 37 տարեկան է: Կաթոլիկ է, ծնված` Բուխարեստում: «Ռումինիա Լիբերե» թերթի քաղաքական մեկնաբանն է: Շաբաթ նրա քույր Աննա-Մարիա Հովհաննիսյանը հարցազրույց է տվել «Ռեյթեր» գործակալությանը, որում պնդում է, որ թերթի խմբագրությունը կապ չի պահում ընտանիքի հետ: Նրա խոսքերով, մայրը եւ հարազատները կտրականապես դեմ են եղել Օվիդիուի գործուղմանը, սակայն նա չանսաց իրենց պնդումներին: Հովհաննիսյանը Բաղդատ էր մեկնել ժամանակավոր կառավարության վարչապեստ Իհյադ Ալաուից հարցազրույց վերցնելու համար: Հարցազրույցից մեկ ժամ անց նա եւ իր գործընկերներն անհետացել են: Եվս մեկ ժամ անց էլ Բուխարեստի «Պրիմա» հեռուստաընկերության խմբագրություն, որի աշխատակիցները նույնպես պատանդ են վերցված, հեռախոսազանգ է հնչում: Խոսափոխի մյուս ծայրում լսվում է պատանդների ձայնը. «Մի սպանեք մեզ: Մենք աղքատ երկրից ենք, մենք փող չունենք»: Այնուհետեւ, «Պրիմայի» աշխատակցի մոր բջջային հեռախոսին հաղորդագրություն է գալիս. «Մեզ պատանդ են վերցնում, սա կատակ չէ»:

Վերջին մեկ տարում Իրաքում հափշտակվել է շուրջ 150 արտասահմանցի: Նրանցից գրեթե 50-ը սպանվել է, քանի որ առեւանգողների պահանջները չեն կատարվել: Ռումինիայի իշխանությունները հուսով են, որ այդ ճակատագրին չեն արժանանա նաեւ երեք լրագրողները: Նախագահ Բեսեսկին հայտնել է, որ ռումինական հատուկ ծառայությունները, համագործակցելով ամերիկացիների եւ բրիտանացիների հետ, «մշակել են գործողությունների պլան, որը կարող է լուծել դիպվածը»: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է ենթադրում այդ պլանը, եւ թե որքանով են արդարացված հույսերը:

Արտյոմ Երկանյան