Իհարկե Սարկոզիի ելույթից չի հետեւում, թե պաշտոնական Փարիզը հրաժարվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պայմանների մասին Անկարայի հետ բանակցություններից: Պետնախարարն առայժմ միայն պնդում է, որ այդ թեմայով թուրքերի հետ բանակցելը համարում է անիմաստ եւ անհեռանկարային: Սակայն եթե թուրքերի համար բանակցություններ սկսելն ինքնանպատակ է, ապա խնդիր չկա: Բանակցությունները կարելի է սկսել, սակայն դրանք երբեք էլ չեն ավարտվի: Անկարայում Եվրահանձնաժողովի մշտական ներկայացուցիչ Հանս Կրեչմերն արդեն հայտարարել է, որ նույնիսկ եթե բանակցությունները սկսվեն էլ, դրանք հազիվ թե ավարտվեն մինչեւ 2014 թվականը: Իսկ մինչ այդ Եվրոպան կարող է անճանաչելիորեն փոխվել: Այդ ժամանակ օրակարգում կարող է հայտնվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը:
Նիկոլյա Սարկոզին մշտապես էլ դեմ է եղել Թուրքիայի անդամակացությանը, սակայն առաջին անգամ է նման հաստատակամությամբ հանդես գալիս: Նրա այժմյան կարգավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ սա կառավարության պաշտոնական դիրքրորոշումն է: Սակայն նույնիսկ եթե այդպես էլ չէ, ամեն դեպքում չմոռանանք, որ նա Ժակ Շիրակի ամենահնարավոր հետեւորդն է: Եվ 2008-ի նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում նրա անձնական տեսանկյունը պաշտոնական կդառնա: Սարկոզիի հայտարարության մեջ կարեւոր շեշտադրում կա: Նա նշեց, որ անթույլատրելի է համարում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը, քանի որ այդ երկիրը «ոչ թե Եվրոպայի, այլ` Կենտրոնական Ասիայի ամենախոշոր պետությունն է»: Այսինքն, նա դեմ է եվրոպական ընտանիքում թուրքերին ընդգրկելուն ոչ այն պատճառով, որ այդ պետությունը դեռեւս չի կատարել իրեն ներկայացված պահանջները, այլ` հենց աշխարհագրական գործոնի պատճառով: Սարկոզին համոզված է, որ Թուրքիան ամենեւին իրավունք չունի հավակնել Եվրոպայում տեղ ունենալուն: Նույնիսկ եթե նա կատարի բոլոր պարտավորությունները: Այս հանգամանքը մեզ չի կարող չանհանգստացնել, քանի որ ֆրանսիացի նախարարի մեծ տարածում գտնող տեսանկյունը հակասում է մեր շահերին: Խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ զուտ աշխարհագրական տեսանկյունից Հայաստանը եւս Ասիայում է գտնվում, հետեւաբար նույն տրամաբանությամբ կարող է զրկվել է Եվրոպայում իր տեղն ունենալու իրավունքից: Խնդիրն այլ է: Լուրջ վտանգ կա, որ Թուրքիան լիովին անկանխատեսելի եւ անվերահսկելի ագրեսիվ կդառնա, եթե կորցնի այն լծակները, որ այսօր նրան ստիպում են հետեւել եվրոպական արժեքներին:
Մեծ չեն այն հույսերը, թե Անկարան կհամաձայնի բավարարվել «արտոնյակ գործընկերոջ» կարգավիճակով: Ռեջեբ Էրդողանը վերջերս կրկին միանշանակորեն հայտարարեց, որ դրան նա մտադիր չէ համաձայնել: Այնուհանդերձ, եվրոպական առաջնորդները, այդ թվում եւ Նիկոլյա Սարկոզին, շարունակում են պնդել, որ «արտոնյալ գործընկերը» առավելագույնն է, որ կարող են առաջարկել այսօր թուրքերին: Անցյալ շաբաթ նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Գերմանիայի Բունդեստագի ՔԴՄ-ՔՍՄ դաշինքի առաջնորդը: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդը հստակորեն կոչ արեց հրաժարվել հոկտեմբերին նշանակված Անկարայի հետ բանակցությունները սկսելուց: Նշենք, որ խոսքը պարզապես մի կուսակցության առաջնորդի մասին չէ, այլ` անձի, ով կանխատեսումների համաձայն առանց մեծ ջանքերի կհաղթի աշնանը կայանալիք ընտրություններում: Այսինքն, ինչպես եւ Նիկոլյա Սարկոզիի դեպքում, խոսքը գնում է «ֆավորիտների» մասին, ովքեր շուտով կարող են հայտնվել ղեկին: «Հին Եվրոպայի» ամենաազդեցիկ երկու երկրների ապագա ղեկավարները կտրականապես դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Ընտրություններում նրանց հաղթանակի դեպքում այդ անձինք կղեկավարեն իրենց երկրները 2010-ից մինչեւ 2015 թվականը: Այդ ժամանակահատվածում թուրքերը ոչ մի շանս չեն ունենա: Հնարավոր է, որ հենց սա նկատի ուներ Անկարայում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, երբ ասում էր, որ Թուրքիայի անդամակցությանը վերաբերող բանակցությունները կհետաձգվեն առնվազն մինչեւ 2014 թվական:
Կասկած չկա, որ ինչպես եւ որոշվել էր նախանցյալ տարվա ԵՄ-ի գագաթաժողովին, հոկտեմբերին կսկսվեն Անկարայի հետ բանակցությունները: Սա օրերս հաստատեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզին: Սակայն ստեղծված իրադրությունում դրանց հաջողության մասին դժվար է խոսել:





