AM
27 Հունիս 2006 - 09:40 AMT

Ղարաբաղյան հարցով բանակցություններն այլեւս գաղտնի չեն

Պաշտոնական Երեւանի ռեակցիան կարելի է անսպասելի կտրուկ անվանել: Սակայն այն կարելի է հասկանալ: Չէ՞ որ, մինչեւ հիմա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները գաղտնի էին: Եվ այդ պայմանավորվածության խախտումը, առանց կողմերի հետ համաձայնեցնելու, բնական հարցեր է առաջացնում: Սողոմոնյանի հայտարարության մեջ պետք է ուշադրություն դարձնել մի շատ կարեւոր հանգամանքի վրա: Նախագահի մամլո քարտուղարը առաջին անգամ պաշտոնապես հաստատեց, որ Բուխարեստում միջնորդների առաջարկած փաստաթուղթը մերժվել է հենց Ադրբեջանի կողմից: Միջնորդները ջանում էին չցուցադրել այդ փաստը, որպեսզի չսրեն ուշադրությունը այն բանի վրա, որ հենց պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական քաղաքականությունն է խոչընդոտում բանակցային գործընթացի առաջընթացին: Բայց եթե գաղտնիությունը խախտված է, ապա ինչու՞ չասել ողջ ճշմարտությունը: Մեթյու Բրայզան ոչ բոլոր խաղաղթղթերը բացեց, այլ միայն դրանց մի փոքր մասը: Երեւանը դրան պատասխանեց մի կոզիր բացելով եւ սպառնալով բացել մյուսները եւս: Հնարավոր է, համանախագահող երկրների մայրաքաղաքներում հայկական կողմի այս քայլը ոչ բոլորի սրտով կլինի: Սակայն Հայաստանը չի եղել գաղտնիությունից հրաժարվելու նախաձեռնողը:

Բաքվում Մեթյու Բրայզայի գաղտնազերծությունները ոչ միանշանակ են ընդունվել: Քաղաքական էլիտան ամերիկացի դիվանագետի խոսքերը զգուշավորությամբ ընդունեց: Ադրբեջանցի քաղաքական գործիչներին չի կարող չանհանգստեցնել այն փաստը, որ Բրայզան խոսել է խնդրի փաթեթային կարգավորման անհրաժեշտության մասին: Նրանց զգաստացրել է նաեւ հանրաքվե անցկացնելու գաղափարը եւ այն, որ խաղաղապահներին ծրագրում են տեղակայել հայ եւ ադրբեջանական ուժերի միջեւ, այն դեպքում, երբ Բաքվում խոսում են խաղապահ ուժերի` հենց Ղարաբաղում տեղակայելու անհրաժեշտության մասին` դրա ապառազմականացումը ապահովելու նպատակով: Բրայզայի խոսքերից կարելի է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է պահպանի իր զորքերը:

Միեւնույն ժամանակ, Բաքվի իշխանությունները փորձում են այնպիսի տեսք ընդունել, որ տարօրինակ ոչինչ չի եղել, եւ որ Բրայզայի հայտարարությունները ամբողջությամբ համապատասխանում են Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման իրենց պատկերացումներին: Եւ դա այն դեպքում, երբ ամերիկացի դիվանագետը փաստաթուղը անվանեց հարցի փաթեթային կարգավորման փորձ, ինչն արդեն հակասում է պաշտոնական Բաքվի մոտեցումներին: Ադրբեջանի ԱԳՆ ինֆորմացիոն քաղաքականության վարչության ղեկավար Թաիր Թաղիզադեն, մեկնաբանելով Բրայզայի գաղտազերծումները, հայտարարել է, որ բոլորը, ինչի մասին խոսել է միջնորդը, լրիվ ընդունելի են: Այդ թվում եւ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցակացնելու մասին կետը: Թաղիզադեն ասում է, որ Բրայզան ճիշտ է, երբ խոսում է շրջանի կարգավիճակի որոշման մասին հանրաքվեի միջոցով: Սակայն հանրավքե ասվածի տակ ադրբեջանցի դիվանագետը չգիտես ինչու ենթադրում է ոչ թե Ղարաբաղում, այլ Ադրբեջանում անցկացվող քվեարկություն: Բաքուն, նրա խոքսերով, պատրաստ է «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանադրական, ժողովրդավարական որոշմանը` հիմնվելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա` երկրի Սահմանադրությամբ հռչակված համաժողովրդական հանրաքվե անցակցնելով»: Այսինքն, ադրբեջանցիները քվեարկությամբ պետք է որոշեն` արժի արդյոք Ղարաբաղի հայերին մշակութային ինքնավարություն տրամադրել, թե պետք է տվյալ տարածքը դիտարկել որպես Ադրբեջանի Հանրապետության հինգ ադմինիստրատիվ շրջան: Դա կարծես աբսուրդ լինի:

Պարզ է, որ Բրայզան չէր կարող նկատի ունենալ այն, ինչի մասին խոսում է Թաղիզադեն: Ադրբեջանցի դիվանագետի հայտարարությունը հերթական անգամ հաստատում է պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը եւ այն փաստը, որ հենց Իլհամ Ալիեւն է մեղավոր եղել Բուխարեստի բանակցությունների անարդյունավետության մեջ: Իսկ դա նշանակում է, որ ոչ թե հայերին, այլ ադրբեջանցիներին է պետք զգուշանալ միջազգային ճնշումից փոխզիջման հասնելու նպատակով:

Արտյոմ ԵՐԿԱՆՅԱՆ