Սակայն Բաքուն միանգամայն հիմնավորված գտնում է, որ այդ մանրուքներով դժվար է գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը, առավել եւս, որ այն զբաղված է շատ ավելի լուրջ խնդիրներով, քան աշխարհի ծայրում գտնվող ինչ-որ հակամարտություն` ելնելով ամերիկյան, կամ եվրոպական տրամաբանությունից: Եվ այն ժամանակ գործի է դրվում բոլորին այդքան ձանձրացրած թեզը «Ղարաբաղում Քրդական աշխատավորական կուսակցության` ՔԱԿ-ի գրոհայինների հենակետերի առկայության մասին»: Այստեղ պետք է վերապահում անել` այդ տեղեկությունները գալիս են բացառապես Ադրբեջանից: Ժամանակ առ ժամանակ այդ մասին խոսում է նաեւ Թուրքիան, սակայն ի պատիվ իրեն, ապացույցներ չունենալով, նա ձեռնպահ է մնում Հայաստանի հասցեին ուղղակի մեղադրանքներից:
Հակահայկական հիստերիայի բորբոքման գլխավոր անձն, իհարկե, Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավար Արազ Ազիմովն է եւ նրա հավատարիմ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Տառացիորեն նախօրեին վերջինս հայտարարել է, որ Ադրբեջանն ոչ միայն տեղեկություններ ունի «Ղարաբաղում ՔԱԿ-ի ապօրինի գործունեության մասին», այլ նաեւ մշտապես հաղորդում է այդ մասին եւ կոնկրետ փաստեր է բերում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ աշխարհի տարբեր երկրների պաշտոնյաների հետ հանդիպումներում: «Ընդ որում ԱԳՆ-ն չի կարող ԶԼՄ-ներում հրապարակել տեղեկությունները ՔԱԿ-ի գրոհայինների տեղակայման եւ գործունեության մասին Ադրբեջանի գրավյալ տարածքներում, քանի որ դրանք գաղտնի են»,-նշել է նա: Հավանաբար, Բաքուն չունի նման տեղեկություններ, ինչը, սակայն, առիթ է տալիս ամերիկացի վերլուծաբաններին իրականությանը բոլորովին չհամապատասխանող եզրակցություններ անել: ԱՄՆ-ի «տեղեկացվածության» աստիճանի մասին աշխարհն իմացավ Իրաք ներխուժելուց հետո, երբ պարզվեց, որ Սադդամ Հուսեյնը չուներ զանգվածային ոչնչացման զենք: Իսկ կար միայն Իրաքի եւ մերձակա երկրների նավթը, որի հոսքը Սադդամը ցանկանում էր վերահսկել:
Իր վարկածը հաստատելու համար ադրբեջանական քարոզամեքենան որոշեց ներգրավել որեւէ ամերիկացի քաղաքագետի, իրավացիորեն կարծելով, որ քուրդ գրոհայինների թեման ԱՄՆ-ի համար շատ եւ շատ գրավիչ է: EurasiaNet-ը հրապարակել է ԱՄՆ բանակի Ռազմական քոլեջի պրոֆեսոր Ստեֆան Բլանկի հոդվածը, որպես նախաբան նշելով, որ «այդ հոդվածում արտահայտված մտքերը չեն արտացոլում ԱՄՆ զինված ուժերի, պաշտպանության նախարարության կամ ամերիկյան կառավարության տեսակետը»: Հոդվածի պատվիրված լինելն երեւում է ի սկզբանե: «Ինչպես հաղորդում են թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները, քուրդ գրոհայինները, մասնավորապես Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները, Երեւանի հայկական կառավարության լուռ աջակցությամբ, սկսել են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի կողմից գրավված Ադրբեջանի առանձին շրջաններում: Ըստ առկա տվյալների, քրդերից շատերը կրկին բնակություն են հաստատում ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքում` որը մի հողակտոր է, գրավված Հայաստանի կողմից, որը նախկինում եղել է Ադրբեջանի կազմում: Լաչինի շրջանի վերահսկողությունը գլխավոր խոչընդոտներից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհին»,-գրում է Բլանկը «Քդրական հարցն ու Լեռնային Ղարաբաղը» հոդվածում: Հայաստանի հասցեին բավականին երկար եւ անհիմն մեղադրանքներից հետո, հեղինակն, այնուամենյանիվ, գրում է, որ «հայկական իշխանությունները վճռականորեն հերքում են ՔԱԿ-ի առկայությունն ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ` Ղարաբաղի տարածքում»: «Լեռնային Ղարաբաղ եւ մերձակա նրա կողմից վերահսկվող տարածքներ տեղափոխվելու Քրդական աշխատավորական կուսակցության մտադրությունների մասին անհիմն լուրերն ոչ այլ ինչ են, քան հերթական սադրանքը»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Գուցե, գայթակղիչ է նվազեցնել մամուլում հայտնված հաղորդագրությունների նշանակությունը, վերագրելով դրանք թուրքական եւ ադրբեջանական քարոզչությանը, որն ուղղված է նրանց վաղեմի թշնամու` Հայաստանի դեմ: Սակայն լիովին անտեսել նրանց հայտարարություններն ու մտահոգվածությունը վտանգավոր կարող է լինել: Դրանք կարոտ են հետագա ուսումնասիրման»,-գրում է Բլանկը:
Ամեն օր հերքել Բաքվի հորինվածքները «համաշխարհային հայկական սպառնալիքի» մասին անշնորհակալ եւ ձանձրալի գործ է: Ադրբեջանին հարկ է հիշեցնել, որ «Ալ-Քաիդայի» անդամների դատն անցնում է հենց Բաքվում: Եվ չեչեն գրոհայինները բուժում են անցնում Թուրքիայում եւ Ադրբեջանում: Սակայն այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն գերադասում է լռել: Մնում է միայն օդը ցնցել տարբեր տեսակի հայտարարություններով, որոնք նախատեսված են միայն պարզամիտ մարդկանց համար: «Ադրբեջանը միշտ պատրաստ է համարժեք պատասխան տալ այդ ռիսկերին եւ վնասազերծել ցանկացած խմբավորման, որը սպառնում է երկրի անվտանգությանը: Ինչ վերաբերում է գործող էներգատրանսպորտային ուղիների գործունեության անվտանգության ապահովմանը, ապա Ադրբեջանը բոլոր տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներն ունի դրա համար: Ցանկանում եմ նշել, օրինակ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության համար պատասխանատու է ադրբեջանցի, վրացի եւ թուրք մասնագետների համատեղ աշխատանքային խումբը, որը մշտապես հետեւում է բոլոր ռիսկերին եւ աշխատանք է տանում այդ ուղղությամբ»,-ասել է Խազար Իբրահիմը:





