AM
27 Սեպտեմբեր 2008 - 12:35 AMT

Ադրբեջանում նախընտրական իրադրությունն ինչ-որ չափով նման է ամերիկյանին

Կրակի առաջին գծում, բնականաբար, ՀՀ ԱԳՆ-ն է: Հենց նա է առաջինը ստիպված լինում պատասխանել զանազան «անպարկեշտ» հարցերի: Պարզ բան է, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններին մնացել է երեք շաբաթ, եւ Երեւանի` Թուրքիայի հետ երկխոսության գնալու եւ, անգամ, ԼՂՀ-ն վերադարձնելու մասին հայտարարությունները գնալով ավելի են հաճախանալու: Եւ որքան էլ պաշտոնական Երեւանը ժխտի նման հայտարարությունները, մինչեւ հոկտեմբերի 15-ը դրանք աճելու են երկրաչափական պրոգրեսիայով: Որքան էլ տարօրինակ է, Ադրբեջանում նախընտրական իրադրությունն ինչ-որ չափով նման է ամերիկյանին: Եւ Բաքվում, եւ Վաշինգտոնում նախագահը, տապալելով ներքին քաղաքականությունը, փրկություն է փնտրում արտաքինի մեջ: Ճիշտ է, մասշտաբներն անհամեմատելի են, բայց սկզբունքը նույնն է: Թերեւս, այդ սկզբունքը կիրառվում է բոլոր երկրներում, հատկապես հետխորհրդային տարածքում: Իլհամ Ալիեւին քաջ հայտնի է, թե ինչպես կանցնեն ընտրություններն Ադրբեջանում, եւ թե ինչպես դրանց կարձագանքի միջազգային հանրությունը, եթե նա հրապարակավ չհաստատի իր որոշ դիրքորոշումները ածխաջրածինների փոխադրման եւ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում: Նավթամուղների եւ գազամուղների հարցը սովորական խնդիր է, բայց ԼՂՀ-ի հարցում ամեն ինչ պետք է ծայրահեղ ճշտությամբ ասվի. Ադրբեջանը չի գնա Վրաստանի ճանապարհով: Հակառակ դեպքում Արեւմուտքը պարզապես կվերանայի իր էներգետիկ քաղաքականությունը Ադրբեջանի հանդեպ: ԱՄՆ նախագահի եւ փոխնախագահի հետ Ալիեւի կապած հույսերը ապարդյուն են, հերթը Թուրքիայինն է: Բաքվի դրդմամբ ղարաբաղյան հակամարտության եւ Հայաստանի մեկուսացման գործում Անկարայի ոչ բարենպաստ դերն արեց իր սեւ գործը, եւ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան, ինչպես եւ հանդիպումները Նյու-Յորքում կայացան ոչ լավ կյանքից:

Ինչպես մենք արդեն բազմիցս գրել ենք, Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ բավական լավ հարաբերությունների կառուցման արդյունքում: Ինչքան էլ Հայաստանը դեմ գնա, Թուրքիան, իհարկե, Իրանի հետ մեկտեղ, իրականում տարածաշրջանի առանցքային երկիրն է: Դա շատ լավ հասկանում են ԱՄՆ-ում` հայկական իշխանություններին ակտիվորեն դրդելով թուրքական կառավարության հետ երկխոսության, ընդ որում` ինչպես պետական, այնպես էլ փորձագետների մակարդակով: Ջորջ Մեյսոնի (ԱՄՆ) համալսարանի միջազգային հարաբերությունների եւ կոնֆլիկտաբանության պրոֆեսոր, դոկտոր Դեննիս Սանդոլեի կարծիքով, Թուրքիան եւ Հայաստանը պետք է վերլուծեն 1915թ. իրադարձությունները եւ սկսեն նորմալ հարաբերություններ հաստատել: Այդ դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցումը կթուլացնի ՀՀ կախվածությունը Ռուսաստանից:

ԱՄՆ հակառուսական ճարտասանությունը կարող է անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա` հանգեցնելով 10-ամյա հայկական արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից հրաժարման. այդ քաղաքականությունն իր գլխավոր խնդիրն էր համարում ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ինչն առաջին հերթին վերաբերում է Թուրքիային, այնպես էլ ԼՂՀ ազգի ինքնորոշման իրավունքը: Ճիշտ է, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարվել էր, որ ոչ մի նման բան չի կարող լինել, բայց չէ՞ որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Եւ հաճախ վայրկենական, զուտ տնտեսական շահերը(իհարկե բավական անիրական) կարող են գերակայել ազգային շահերի նկատմամբ: Եւ ամենահետաքրքիրն այն է, որ վերջերս կայացած հայ-թուրքական բանակցությունների ժամանակ չի բարձրացվել, համենայն դեպս` հրապարակավ, Հայաստանի կողմից ներկայիս Թուրքիայի սահմանների ճանաչման հարցը: Լիովին հավանական է, որ այդ հարցը կարող է պարզապես թաղվել, եւ հայկական պետության ազգային անվտանգության մասին կարելի է երկար ժամանակով մոռանալ:

Ճիշտ է, Թուրքիայում բավական կասկածամտորեն են մոտենում երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման փորձերին: Թուրք դիվանագետ Մուրատ Բիլխանի կարծիքով, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի փորձերը ճիշտ քայլ են, բայց այդ գործընթացն ի վիճակի չէ որեւէ արդյունքի հանգեցնել, եւ միակ բանը, որին կարող է հասնել Թուրքիան, դա քաղաքական ճարտասանության մեղմացումն է: Նրա կարծիքով, հայկական կողմը չի ցանկանում փոխզիջման գնալ: Դեսպան Բիլխանը չի խոսում այն մասին, որ Թուրքիան նույնպես չի ցանկանում փոխզիջման գնալ, իսկ այդ փոխզիջումը միակողմանի չի լինում: Շատ հնարավոր է, հայ-թուրքական բանակցությունները երկարաձգվեն այնպես, ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Իսկ ըստ էության երկու խնդիրներն էլ լուծված են. ԼՂՀ-ն չի պատրաստվում ընդունել որեւէ պայմաններ, անգամ միջազգային հանրության ճնշման ներքո: Բայց արդյո՞ք այդ ճնշմանը կկարողանա դիմագրավել Հայաստանը` ահա թե ինչումն է խնդիրը, չէ՞ որ խոսքը գնում է ոչ ավել, ոչ պակաս, քան Կովկասին տիրելու մասին:

Կարինե Տեր-Սահակյան