AM
4 Հոկտեմբեր 2008 - 12:32 AMT

Հայաստանի համար կարեւոր է հստակեցնել, թե հատկապես ինչ են խոստանում ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան եւ ԵՄ-ն «օրինակելի վարքի» դիմաց

Այսպես, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը հայտարարում է, որ «հայկական ԶԼՄ-ների նկարագրած պայծառ հեռանկարները Հայաստանը Թուրքիայի հետ կապող Գյումրի-Իգդիր երկաթուղու վերաբերյալ, եւ այն, որ նա կարող է մրացկից դառնալ կառուցվող Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղուն, կարող են միայն քմծիծաղ առաջացնել»…Մեկնաբանության մեջ, որտեղ ինչպես միշտ ցանկալին իրականությունից շատ է, կրկին առկա է «Կրեմլի ձեռքը», որը, անկախ ՌԴ ԱԳՆ հայտարարություններից, այնուամենայնիվ գերադասությունը տալիս է Հայաստանին, ոչ թե Ադրբեջանին: Սա կրկին Բաքվի վերլուծաբանների կարծիքն է, որոնք օրինակ են վերցնում Վաֆա Գուլուզադեից, որի «բացահայտումներն» արդեն ձանձրացրել են բոլորին:

Ադրբեջանական հավակնությունների կրակին յուղ են լցնում նաեւ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը: Մեր կարծիքով այնուամենայնիվ Բաքվում չեն կարծում, թե Ջոն Նեգրապոնտեի այցուլությունը կամ Մեթյու Բրայզայի մշատական ուղեւորությունները գեղեցիկ աչքերի համար են արվում: Նավթը չլիներ, Բաքվի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի, ինչպես դա այժմ տեղի է ունենում Հայաստանի հետ: Ուղղակի վրացական արկածախնդրությունից հետո Հայաստանը Վրաստանի փոխարեն էներգակիրների համար տարանցիկ երկիր դառնալու շանս ստացավ: Այնպես որ ԱՄՆ ներկայացուցիչների այցերը Հայաստան նույնպես հաճախակի կդառնան: Սակայն միայն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Բայց այս ամենն այնքան էլ կարեւոր չէ, առավել եւս որ մինչ հոկտեմբերի 15-ը քիչ ժամանակ է մնացել:

Կարեւոր է պարզել, թե հատկապես ինչ են խոստանում ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան եւ ԵՄ-ն «օրինակելի վարքի» դիմաց: Նշենք, որ «օրինակելի վարքն», ըստ էության, ենթադրում է նահանջ հայկական պետականության ռազմավարական հիմքերից` հրաժարում ԼՂՀ-ից, լռություն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների բացակայություն: Դե, վերջինի հետ ինչ-որ կերպ կարելի է հաշտվել, քանի որ Հայաստանը ոչ միջոցներ ունի, ոչ էլ մարդկային ռեսուրսներ Արեւմտյան Հայաստանի գոնե մի մասին հավակնելու համար: Այս դեպքում խոսք կարող է գնալ միայն փոխհատուցման մասին, որն ամենահամեստ հաշվարկներով կազմում է շուրջ 50 մլրդ դոլար, եւ որը Թուրքիայի ոչ ներկա, ոչ էլ ապագա կառավարությունն ի վիճակի չէ վճարել նույնիսկ հատվածաբար:

Իսկ փոխարենը Հայաստանին առաջարկում են մասնակցությունը Nabucco տիպի նախագծերին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի ճյուղավորում եւ մասնակցություն Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցմանը: Կա նաեւ Երեւան-Բաթում ավտոմայրուղու շինարարության նախագիծ, որն, ի դեպ, հարկավոր է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Վրաստանին: Սակայն վրաց ընդդիմության առաջնորդներից մեկը` Շալվա Նաթելաշվիլին համոզված է, որ Հայաստանի նախագահի հետ Մ.Սահակաշվիլիի ձեռք բերված պայմանավորվածությունը Գոդերզիի լեռնանցքով Երեւան-Բաթում ավտոմայրուղու կառուցման մասին ոչ այլ ինչ է, քան «Ռոքի նոր թունել մեր հայրենիքի մարմնի վրա, որտեղ անպայման կբռնկվի համալիր, սարսափելի անջատողականություն»: «Եվ դա տեղի կունենա ոչ այնքան հեռու ապագայում»,-հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին, ակնհայտորեն ի նկատի ունենալով Ջավախքը:

Փաստորեն Հայաստանին առաջարկում են րոպեական տնտեսական դիվիդենտներ, որոնք ապագայում հղի են ինքնուրույնության կորստով, անկախության մասին էլ չենք խոսում: Մի խոսքով, կարող է կրկնվել վրացական սցենարը, որտեղ թուրքական էքսպանսիան տառացիորեն փլուզեց երկրի տնտեսությունը: Նույնը Թուրքիան մտադիր է անել Հայաստանի հետ, ընդ որում Ռուսաստանի օգնությամբ: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով, այսօր փոխվում է Թուրքիայի ու Ռուսաստանի դերը տարածաշրջանում, եւ Բաքուն այս նոր իրավիճակում, հատկապես այն առումով, թե ինչ է տեղի ունենում Երեւան-Անկարա ուղղության վրա, իրեն շատ ավելի անվստահ է զգում: «Տեսնենք, թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները: Ըստ իս, այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերություններում, միայն հնարավորություններ են, որոնք նախկինում չկային: Սակայն այդ հնարավորություններից դեռ պետք է կարողանալ օգտվել: Եվ դա կախված է նրանից, թե ինչպես կգործեն Երեւանն ու Անկարան հետագայում եւ Թուրքիայում կատարվող ներքին գործընթացներից, քանի որ Թուրքիայի քաղաքական վերնախավի եւ բնակչության զգալի մասը դեմ է այսօր սկսված գործընթացներին: Հենց այս երկու գործոններից` Հայաստանի արտաքին քաղաքականությունից եւ Թուրքիայի ներքին քաղաքականությունից է կախված կվերականգնվի որոշ ժամանակ անց Ադրբեջանի ռազմատենչ ճարտասանությունը, թե ոչ»,-նշել է նա:

Բաքվին, ինչպես նաեւ Թբիլիսիին չէր խանգարի հիշեցնել, որ ագրեսիվ պատերազմը ոչ այլ ինչ է, քան առանձնակի խոշոր չափերի զինված կողոպուտ: Եվ պատիժն էլ համապատասխան է` պատժի առավելագույն միջոցը:

Կարինե Տեր-Սահակյան