«Գործնականում աշխարհագրական եւ քաղաքական ելքերը շատ չեն: Հենց որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փաստ դառնա, Թուրքիան պատրաստ կլինի օգնել Հայաստանին, որպեսզի վերջինս նորմալ հարաբերություններ հաստատի արտաքին աշխարհի հետ, բնականաբար Երեւանի եւ Անկարայի միջեւ պաշտոնական, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհով: Դեռեւս մինչ կովկասյան ճգնաժամը շատ լավ շանս ընձեռվեց` առաջ գնալու ղարաբաղյան կարգավորման գործում` միջնորդների` այսպես կոչված ԵԱՀԿ Մինսկի խմբի` այսպես կոչված համանախագահների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղիղ հանդիպումների միջոցով: Մշակվել է բովանդակալից փաստաթուղթ, որը բնութագրում է կարգավորման բոլոր սկզբունքներն ու մեխանիզմները»,- հայտնել է Սերգեյ Լավրովը: Բերված ցիտատում շատ հետաքրքիր է «այսպես կոչված համանախագահների» բառակապակցությունը: Իսկապես, ԵԱՀԿ ՄԽ վաղուց արդեն դադարել է կարգավորման ինչ-որ մեխանիզմ լինել, եւ ցավալի է, որ Հայաստանը վերջինն էր, որ հասկացավ դա: Երբ Բաքուն սկսեց խոսել բանակցությունների ձեւաչափի փոփոխության մասին, հայ դիվանագետներն ու քաղաքական գործիչները առավել ճիշտ օգտագործման արժանի համառությամբ համոզում էին ժողովրդին կամ էլ ով գիտի` իրենց նման մոտեցման սխալականության մեջ: Ժամանակը ցույց տվեց, որ Երեւանը որոշ չափով սխալվել է` հույսը դնելով «մարտավարական դաշնակցի» վրա: Այդ կապակցությամբ ավելորդ չի լինի հիշեցնել Լավրովի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանի կայունությունը տարածաշրջանի կայունության երաշխիքն է: Տարօրինակ ոչինչ չկա. Լեռնային Ղարաբաղն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է կասպիական նավթի գերին, եւ հասկանալի չէ, թե ինչու ներկայիս ռուսական կառավարությունը պետք է իր շահերին դեմ գնա: 1918թ. Նավթն անհրաժեշտ էր բոլշեւիկներին ամբողջ աշխարհի հետ պատերազմելու համար, 90 տարի անց նույնը կրկնվում է: Թե ինչ կլինի հետո` դժվար չէ կռահել. Մոսկվայի երկրորդ պայմանագիրը եւ այդպես պատմության էջերով: Իսկ Ադրբեջանը հաջողությամբ օգտագործում է իր էներգոռեսուրսները եւ ձգտում հասնել աշխարհում քաղաքական կշիռ ունենալուն, երկրի բարգավաճմանը, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի հիմնական մասնակիցների վրա ճնշում գործադրելու խթանիչներ է փնտրում:
«Հայաստանն, ըստ էության, ղարաբաղյան հակամարտության պատճառով շրջափակման մեջ է, նա մեծ խնդիրներ ունի արտաքին աշխարհի հետ շփման գործում: Հայ ժողովրդի արմատական շահերի մեջ է մտնում որքան հնարավոր է շուտ լուծել այդ իրադրությունը: Տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացումը, ըստ երեւույթին, կապված է կովկասյան ճգնաժամի աշխարհաքաղաքական հետեւանքների կտրուկ սրման հետ»,- համոզված է Սերգեյ Լավրովը:
Եթե չլիներ վրացա-օսա-ռուսական հակամարտությունը, Կովկասում միեւնույնն է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ կբռնկվեր Կասպիայի էներգոռեսուրսների համար: Ի դեպ, բոլորովին հնարավոր էր նաեւ ղարաբաղյան տարբերակը: Պարզապես այդ դեպքում պատերազմը կավարտվեր անկանխատեսելի արդյունքով եւ հաստատ` ոչ համաշխարհային տերությունների օգտին: Համաշխարհային ճգնաժամի եւ նավթի արժեքի անկման պայմաններում տարածաշրջանը կարեւոր աշխարհաքաղաքական նշանակություն է ստանում: Կասկած չկա նրանում, որ Ադրբեջանի ընտրությունները, եթե անգամ ավարտվեն Բաքվի կենտրոնում զանգվածային ծեծուջարդով, ինչպես եղավ Երեւանում մարտի 1-ին, ժողովրդավարական են ճանաչվելու, եւ Իլհամ Ալիեւը եւս 5 տարով ներկայիս եւ ապագա խողովակաշարերի անվտանգության երաշխավորը կդառնա: Գերիշխանությունը տարածաշրջանում, փաստորեն, նշանակելու է հսկողություն նավթի եւ գազի` Բաքվի սցենարով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանի հիմնական խաղաքարերի նկատմամբ: Ճիշտ է, ստացվում է, որ դա ԵԱՀԿ ՄԽ սցենարն է: Այլ կերպ հնարավոր չէ գնահատել Մեթյու Բրայզայի` BBC ռուսական ծառայությանը տված հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»: Լիովին հնարավոր է, որ շուտով մենք մեկ այլ հայտարարություն կլսենք նաեւ Ֆրանսիայից: Բաքվի փորձագետների կարծիքով, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, ըստ ամենայնի, հիմնված է ադրբեջանական նավթի եւ գազի արտահանման ճանապարհների վրա: Բոլոր երկրները, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման պոտենցիալ միջնորդները, որոնք այժմ քանակով ավելին են, քան երբեւէ, ելնում են իրենց շահերից, եւ առաջին հերթին` տնտեսական շահերից: «Մեր նավթը շատ ցանկալի մի կտոր է, որի համը անհաղթահարելի կերպով գրավում է` ստիպելով անգամ մոռանալ «մարտավարական» դաշնակցության մասին»,- գտնում են Բաքվում, եւ նրանք իրավացի են…
Կարինե Տեր-Սահակյան





