Ընդհանուր առմամբ ոչ մի նոր բան չի ասվել, չնայած բազմաթիվ մեկնաբանություններին ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից: Չնայած իր կողմի համար շահավետ կերպով դեպքերը շրջելու պաշտոնական Բաքվի բազմաթիվ փորձերին, տարածքային ամբողջականության իրավունքի սկբունքն ավելի բարձր հայտարարելով, քան ազգերի ինքնորոշման իրավունքը, հռչակագրում նման բաժանում չկա: Ադրբեջանը պնդում է տարածքային ամբողջականության առաջնայնության, Հայաստանը` ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: Այլ խոսքով, Ադրբեջանը մտադրված է վերադարձնել «օկուպացված» հողերը, մինչդեռ Հայաստանը Ղարաբաղի անկախությունն է ցանկանում:
Տվյալ դեպքում ավելորդ չի լինի Ադրբեջանի ԱԳՆ նույն այդ մամլո քարտուղար Հազար Իբրահիմին հիշեցնել, որ 1999թ. ընդունվել է Ստամբուլյան հրովարտակը, որում Հելսինկյան ամփոփիչ արձանագրության բոլոր 10 սկզբունքները հավասար արժեք ունեն, եւ, որ պակաս կարեւոր չէ, արձանագրության տակ կա նաեւ Ադրբեջանի ստորագրությունը: Հազար Իբրահիմը չի կարող չիմանալ այդ մասին եւ եթե դա այդպես է, ապա նա հանդես է գալիս իր նախագահի դեմ
Բայց մի կողմ դնենք նման մանրուքները: Հայաստանի, ինչպես եւ Ադրբեջանի համար փաստաթղթի ամենահիմնական դրույթներից մեկն այն է, որ անգամ բանակցային գործընթացում ԼՂՀ բացակայության պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է բանակցությունների միջնորդը: Բանը նրանում չէ, թե այն լավն է կամ վատը, պարզապես այլ մշակված մեխանիզմ առայժմ չկա: Հենց ԵԱՀԿ ՄԽ-ին հաջողվեց թույլ չտալ, որպեսզի հակամարտությունը «տաք» փուլ անցնի:
Վրաստանի «հնգօրյա պատերազմը» Հարավային Օսիայի հետ արագացրեց հռչակագրի ստորագրումը: Ռուսաստանը, չնայած Վրաստանի, թերեւս նաեւ Ադրբեջանի տենդագին ցանկությանը, ցույց տվեց, որ չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից: Ավելին, պատերազմի հրահրումը վտանգավոր է հենց նրա համար, ով այն սկսել է, եւ Իլհամ Ալիեւը դա շատ լավ հասկացավ: Բնական է, որ եթե նա պատերազմ սկսեր Լեռնային Ղարաբաղի դեմ, Ռուսաստանը չէր միջամտի, դրա կարիքը չէր լինի: ԼՂՀ պաշտպանության բանակը ինքն էլ շատ լավ գլուխ է հանում իր սահմանների հսկողության գործից, եւ Բաքվում այդ մասին քաջ հայտնի է: Վերջերս կայացած հայ-ադրբեջանական հանդիպումներից մեկի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները հերթական անգամ սկսեցին թվարկել ռազմական տեխնիկայի քանակը, նավթի եւ գազի արտահանման ծավալները եւ այլ նման բաներ: Ի պատասխան հայկական պատվիրակության անդամները նկատեցին, որ Ադրբեջանին բարօրություն եւ բարգավաճում են ցանկանում, բայց չգիտես ինչու նավթով եւ գազով հարուստ երկրում բնակչության մեծամասնությունն ապրում է աղքատության եզրին, իսկ խեղճ փախստականները արդեն մոտ 20 տարի է, ինչ օթեւանում են վրանային ճամբարներում` ստեղծելով բազմաչարչար Ադրբեջանի կերպարը
Թերեւս վերադառնանք հռչակագրին: Կետ 5-ում ասված է. կողմերը կարեւոր են համարում կարգավորման ջանքերի ենթատեքստում վստահության ամրապնդման միջոցառումների իրագործման պայմանների ստեղծումը խթանելը: Դա, երեւի թե, ամենադժվարն է լինելու, քանի որ Ադրբեջանում իշխանությունների կողմից բացեիբաց հրահրվող հակահայկական տրամադրությունները կարելի է հաղթահարել միայն մեկ սերունդ անց, այն էլ այն պայմանով, որ դա կդադարեցվի այժմ: Ճիշտ է, այդ տրամադրություններն ունեն իրենց պատճառները. Ադրբեջանը բազմազգ պետություն է, եւ «ընդհանուր արտաքին թշնամու» կերպարը դեռեւս օգնում է իշխանություններին պահպանել երկրի ամբողջականությունը: Այնպես որ երբ Բաքվում խոսում են երկրի տարածքային ամբողջականության մասին, նրանք քաջ գիտակցում են, որ միայն Լեռնային Ղարաբաղը չի անկախանալու: Այդ անկախությունը պահանջելու են նաեւ տալիշները, լեզգինները, ուդինները: Նրանք բոլորն էլ տեղավորվել եւ ապրում են իրենց հողի վրա եւ Ադրբեջանի կազմի մեջ մտան Ստալինի եւ Նարիմանովի կամքով:
Համենայնդեպս, կարծես թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարժվել է մեռյալ կետից: Ճիշտ է, որոշ անհանգստություն է առաջացնում գործընթացին մասնակցելու Թուրքիայի եւ Իրանի ցանկությունը, քանի որ այդ երկու երկրներն էլ չափազանց հետաքրքրված են ինչպես Ադրբեջանով, այնպես էլ Հայաստանով, բայց ամենայն հավանականությամբ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ցանկանա նոր խաղացողներ ներգրավել: Ամեն դեպքում Հարավային Կովկասում շատ հետաքրքիր իրադրություն է ձեւավորվում, որից հետո տարածաշրջանը կարող է վերջնականապես փոխվել ինչպես սահմաններով, այնպես էլ երկրների թվով:
Կարինե Տեր-Սահակյան





