AM
17 Հունվար 2009 - 13:20 AMT

Իզուր էր Թել-Ավիվը Անկարային դիտարկում եթե ոչ որպես եղբայրական, ապա որպես բարեկամական երկիր

Իսլամիստների իշխանության գալուց հետո Անկարան սկսեց ավելի շատ դառնալ դեպի Իրանը եւ այն արաբական երկրները, որոնք ակտիվ կերպով պայքարում են Իսրայելի դեմ: ՀԱՄԱՍ խմբավորման` Գազայի սեկտորում տեղակայված կայանների գնդակոծությունը սկսելուց անմիջապես հետո Թուրքիան «կտրուկ քննադատեց» Իսրայելի գործողությունները: Իսրայելն ակնհայտորեն պատրաստ չէր դեպքերի նման շրջադարձին. Անկարան Թել-Ավիվի կողմից դիտարկվում էր եթե ոչ որպես եղբայրական, ապա որպես բարեկամական երկիր: Եւ հանկարծ. Ստամբուլում ամենուրեք կախված են հակասեմիտական կարգախոսներով ցուցապաստառներ, ինչպես, օրինակ` «Սպանե'լ հրեաներին», «Ոչնչացնե'լ Իսրայելը», «Իսրայելն այլեւս չպետք է գոյություն ունենա Միջին Ասիայում», խանութներից մեկի պատին մի խումբ մարդիկ կախել էին հետեւյալ բովանդակությամբ ցուցապաստառ. «Հրեաների եւ հայերի մուտքն արգելված է, շներինը` թույլատրված»: Իսկ իսլամի համաձայն շունը պղծված կենդանի է… Էլ չենք ասում ՀԱՄԱՍ-ի օգտին կազմակերպվող բազմաթիվ ցույցերի մասին, իսկ ՀԱՄԱՍ-ը ակնհայտորեն մտադրված նույնացնում են Պաղեստինի հետ:

Հասկանալի է, որ Թուրքիան ցանկանում է տիրել խաղաղարարի պսակին, որպեսզի վերջնականապես հաստատվի որպես տարածաշրջանային տերություն: Հանուն դրա կարելի է գնալ անգամ Իրանի հետ մտերմության: Թուրք դիտորդները գտնում են, որ եթե անգամ Իրանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը չօգնի` դադարեցնելու Իսրայելի գործողությունները Գազայում, ապա այն կարող է կանխել պատերազմի տարածումը ողջ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում: Բնական է, որ Գազայում Իսրայելի գործողությունները արգելակելու Իրանի հնարավորությունները սահմանափակ են: Եւ այստեղ Թուրքիան իր դերն է խաղում, եւ պետք է ասել` միանգամայն խելամիտ է խաղում: Բայց այստեղ կա սայթաքելու մի լուրջ առիթ. հիմնականում իսլամի սուննիական ուղղությունը դավանող արաբական երկրներին բոլորովին դուր չեն գալիս Թուրքիայի եւ Սիրիայի խաղերը Իրանի հետ, որտեղ իշխող դավանանքը շիիզմն է: Հենց դա է հիմնական պատճառն այն բանի, որ Թուրքիա-Իրան տանդեմը չի կարող միջամտել պատերազմին: Ավելին, Իրանում համոզված են, որ ոչ մի միջնորդներ ի վիճակի չեն դադարեցնելու Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմը:

Հիմա դեռեւս վաղ է խոսել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ խորը տարաձայնությունների մասին, բայց եթե ԱՄՆ նոր վարչակազմը սկսի «վերանայել» իր արտաքին քաղաքականությունը Մերձավոր եւ Միջին Արեւելքում, մասնավորապես` հարաբերությունները Իրանի հետ, ապա երկրների միջեւ որոշակի սառեցմանը շատ չի մնացել: Այն մասին, որ այդ սառեցումը միանգամայն հնարավոր է, խոսում է առնվազն Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի հայտարարությունը, որով նա հունվարի 16-ին պահանջեց հեռացնել Իսրայելը ՄԱԿ-ից: Պատճառն, ըստ Էրդողանի, Իսրայելի կողմից կազմակերպության բանաձեւերը չկատարելն է: «Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումներն արհամարող երկիրը կազմակերպության շտաբակայան մտնել գլխավոր մուտքից»,- ասել է նա:

2009թ. հունվարից Թուրքիան դարձել է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամներից մեկը եւ այդպիսով արդեն հայտարարել իր մասին: Բնականաբար, ոչ ոք Իսրայելը չի հեռացնելու ՄԱԿ-ից, նույն այդ պատճառով ստիպված կլինեն չափազանց շատ երկրներ հեռացնել այդ Կազմակերպությունից, որին, անկեղծ ասած, երբեք չի հաջողվել այնպես անել, որպեսզի իր բանաձեւերը իրականացվեին… Ի դեպ, հենց ՄԱԿ-ն է անուղղակիորեն մեղավոր Մերձավոր Արեւելքի ներկայիս պատերազմում, որը որոշ ընդմիջումներով տեւում է արդեն 60 տարի: Պատերազմում ՄԱԿ-ի բաժինը նրանում է, որ Իսրայել պետության ստեղծման ժամանակ ոչ մի քայլեր չարվեցին Պաղեստին պետության ստեղծման համար: Դրա փոխարեն Միացյալ Ազգերը դարձյալ սահմանափակվեցին բանաձեւով եւ դիտում էին, թե ինչպես են հրեաները գլուխ հանելու արաբական սպառնալիքից: Դե հրեաները գլուխ հանեցին, բայց քանի դեռ Պաղեստին պետությունը չունի հստակ սահմաններ եւ ապառազմականացված գոտիներ, «Ձուլած արճիճ» եւ այլ նման գործողությունները միշտ լինելու են:

Հակասեմիտիզմի ժայթքումն աստիճանաբար կհանդարտվի, իսրայելական զորքերի հերթական գործողությունը Գազայում կավարտվի, եւ կհաստատվի փխրուն հաշտություն մինչեւ հերթական սադրանքը իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից: Հիշենք, որ պատերազմի առիթ դարձավ իսրայելյան կապրալ Հիլադ Շալիթի գերությունը, վերջինս մինչ օրս էլ գտնվում է ՀԱՄԱՍ-ի ձեռքերում: Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիի խոսքով, Հիլադ Շալիթի ազատագրումը շարունակում է մնալ ՀԱՄԱՍ-ին ուղղված պահանջներից մեկը. «Որպես նախարար` ես պատասխանատվություն եմ կրում յուրաքանչյուր զինվորի համար: Ես մտադրված չեմ բանակցություններ վարել ՀԱՄԱՍ-ի հետ եւ ոչ մի հարցի շուրջ, բացի Հիլադ Շալիթի ազատագրումից»- ասել է Լիվնին Վաշինգտոնում:

Ի դեպ, հունվարի 17-ին Վաշինգտոնում ԱՄՆ եւ Իսրայելի միջեւ ստորագրվել է հուշագիր: Դա Գազայի սեկտորում կրակը դադարեցնելու եւ Գազայում զենքի մաքսանենգություն թույլ չտալու ջանքերի մի մասն է հանդիսանում:

Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսին ԱՄՆ պետքարտուղարը հաղորդել է, որ շնորհիվ Իսրայելի հետ ստորագրած հուշագրի «կբարելավվի երկու պետությունների միջեւ տեղեկատվության փոխանակումը այն հարցի շուրջ, թե ինչպես կանխել ՀԱՄԱՍ-ի կողմից զենքի մաքսանենգությունը Գազայի սեկտորում», Ռայսին մեջբերում է earthtimes գործակալությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ցիպի Լիվնին մտադրությունների մասին հուշագիրն անվանել է «պատմական» համաձայնագիր եւ « զինված հակամարտության դադարեցման կենսական անհրաժեշտության բաղադրիչ»:

Այդ միջոցին, կիրակի օրը Կահիրեում կկայանա եռակողմ հանդիպում նախագահ Հոսնի Մուբարակի, Իսրայելի կառավարության ղեկավար Էհուդ Օլմերթի եւ ՊԻ նախագահ Աբու-Մազենի (Մահմուդ Աբբասի) միջեւ: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին Կահիրե չեն հրավիրել: