Փաստորեն, պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը կամ այլ` ավելի «մեղմ» պատժամիջոցները կարող են պարզապես այդ երկրները դեպի «սխալ» կողմը շրջել: Հենց այս, եւ ոչ թե երկակի ստանդարտների քաղաքականությամբ են, ըստ մեզ, առաջնորդվում եվրոպական եւ, առհասարակ, բոլոր միջազգային կազմակերպությունները: Ոչ կայուն պետությունները «կարճ թոկով» պահելու քաղաքականությունը լիովին արդարացնում է իրեն: Եւ դա միայն Հայաստանին չի վերաբերում: Եթե հայկական պատվիրակությանը զրկեին ձայնի իրավունքից, ապա համանման միջոցներ պետք է կիրառվեին շատ ավելի վաղ եւ Ադրբեջանի ու Վրաստանի հանդեպ: Էլ չենք ասում 2008թ. վերջին Հունաստանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասին, որոնք հանգեցրին անչափահասի մահվան եւ իսկական քաոս հրահրեցին Աթենքում: Որքան էլ որ դա տխուր է, եվրոպական կառույցները, եւ ոչ միայն նրանք, սահմանափակվում են «հայրենական համոզմունքներով», որոնց վրա վաղուց արդեն ոչ ոք ուշադրություն չի դարձնում, եթե ոչ` տարբեր երկրների վիրավորված ընդդիմությունը, որը, ինչպես եւ Հայաստանում, առաջնորդվում է «երկրին ավելի վատ, մեզ ավելի լավ» սկզբունքով: Եւ հետո, ո՞վ է ասել, որ ժողովրդավարությունը կառավարման լավագույն միջոցն է: Սեր Ուինսթոն Չերչիլը գտնում էր, որ «ժողովրդավարությունը կառավարման վատագույն միջոցն է, բայց, ցավոք, մեկ այլը մարդկությունը դեռեւս չի հնարել»:
Շաբաթվա ընթացքում կայացավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցը եւ Ցյուրիխում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջեւ հանդիպումը, որին հաջորդեց երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ինչպես եւ սպասվում էր` ոչ մի նոր բան. արդեն ձանձրացրած հայտարարություններ «Մադրիդյան առաջարկների հիման վրա բանակցություները շարունակելու պատրաստակամության », «հակամարտության ռազմական լուծման անընդունելիության», «բանակցային գործընթացին ԼՂՀ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտության» մասին: Բոլոր այդ հայտարարությունները համահունչ չեն Բաքվի հակահայկական հռետորությանը, բայց բոլորը դրան արդեն սովոր են: Իսկական առաջընթացը կարգավորման մեջ, մեր տեսակետից, տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ բոլոր այդ հայտարարությունները լրջորեն սկսեն ի կատար ածվել: Իսկ միայն բարի նպատակներով աշխարհում դեռեւս ոչ մի հակամարտություն չի լուծվել, եւ դրա վառ օրինակն է «Ձուլած արճիճ» գործողությունը:
Եւ, իհարկե, շաբաթվա հիթը, եթե կարելի է այդպես արտահայտվել, դարձավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմարշը Դավոսում: Նման քայլերին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց մի բան հաստատ է. տարածաշրջանային տերության հավակնող երկրի առաջնորդին հարիր չէ նման կերպ վարվել: Ընդ որում, Էրդողանի արարքը ակնհայտորեն կանխամտածված ու կանխորոշված էր: Ամենայն հավականությամբ, դա շատ լավ հաշվարկված քայլ էր, ազդանշան արաբա-մուսուլմանական աշխարհի համար. տեսե'ք, Թուրքիան ձեզ հետ է: Բայց իրականում Էրդողանը փորձում է ուժեղացնել իր երկրի ազդեցությունը տարածաշրջանում, իսկ դա կարելի է անել ամենակարճ եւ հասանելի ճանապարհով` ճնշելով Իսրայելին: Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը տասնյակ տարիների պատմություն ունի, եւ Թուրքիան երբեք նման սուր քննադատությամբ հանդես չէր եկել Իսրայելի դեմ, ինչպես Գազայի սեկտորի վերջին գործողության ժամանակ: Էրդողանի արարքը հեշտ է բացատրել Թուրքիայի ներքին քաղաքական իրադրութամբ, որովհետեւ, ըստ ամենայնի, իսլամիստների եւ քեմալիստների միջեւ պայքարն իր գագաթնակետին է հասնում տեղական իշխանության մարմինների ընտրության նախօրեին: Հասկանալի է, որ Արդարության եւ զարգացման իշխող կուսակցությունն (AKP) ամենից շատ ունի բնակչության աջակցության կարիքը: Հակառակ դեպքում Էրդողանը կարող է կիսել Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսի ճակատագիրը, իսկ նա քեմալիստների կողմից մահապատժի ենթարկվեց 1961թ.: Թուրքիայի գլխավոր շտաբն արդեն հայտարարել է Իսրայելի հետ ռազմավարական հարաբերությունները պահպանելու իր հաստատակամության մասին, հատկապես սպառազինության գնման հարցում: Իսկ դա նշանակում է, որ թուրքական զինվորականները AKP դեմ են, ինչը, թերեւս, նորություն չէ:
Այդ հարցում կա նաեւ, ինչպես միշտ, հայկական գործոնը: Մինչեւ ապրիլը 2 ամիս է մնացել, եւ ոչ մի երաշխիք չկա, որ ԱՄՆ նոր վարչակազմը ականջ կդնի հրեա-թուրքական լոբբիին, որը հաջողությամբ գրոհում էր 1915-1923թթ. Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերի ընդունման դեմ: Դրա հետ կապված, հիրավի, սրբապղծություն էր Թուրքիայի վարչապետի շուրթերից լսել Իսրայելի նախագահին հասցեագրված խոսքերը. «Դուք գիտեք, թե ինչպես սպանել մարդկանց»…
Դեմարշի հետ կապված պատմությունը, ամենայն հավականությամբ, կստանա իր շարունակությունը, ուղղակի ամբողջ հարցը նրանում է, թե ով էր Էրդողանն այդ օրը` ազգի հերո՞ս, թե՞ անհեռատես քաղաքական գործիչ: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ հրեական կազմակերպությունների հայտարարություններին, ապա նրանք կանխատեսելի էին. Թուրքիայի եւ, առհասարակ, ցանկացած երկրի հրեաների ճակատագիրը գրեթե համապարփակ հակասեմիտիզմի պայմաններում չի կարող չանհանգստացնել ողջ աշխարհի հրեական սփյուռքին:





