Բողոքում ասվում է, որ ANCA-ն` որպես բարեգործական կազմակերպություն, իրավունք չուներ մասնակցելու կամ միջամտելու որեւէ քաղաքական քարոզարշավի` թեկնածուի դեմ կամ օգտին: Բացի այդ, բողոքում նշվում է, որ հանձնաժողովը, առանց Սենատի եւ Ներկայացուցիչների Պալատների համապատասխան ենթաբաժանմունքների հետ համաձայնեցնելու, Կոնգրեսին եւ մյուս գործադիր իշխանություններին կոչ էր անում ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: «Մենք չենք ասում, որ նրանք պետք է հեռանան իրենց գործունեությունից: Մենք ասում ենք, որ կան օրենքներ, որոնք պետք է հարգել: Այդպիսին են կանոնները»,- հայտնել է նախկին դաշնային դատախազ, CREW-ի ղեկավար Մելանի Սլոանը:
ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով, մեղադրանքներն անհիմն են եւ ակնհայտ անճշտություններ են պարունակում: Ավելին, Չուլջյանն ընդգծում է, որ ամբողջ հարցը նրանում է, թե ինչու են այդ մեղադրանքները ներկայացվում հենց հիմա: «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը գտնում է, որ ANCA-ի հասցեին ուղղված մեղադրանքները զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում: «Ո'չ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, ո'չ էլ Սենատում ANCA-ն գրանցված չէ որպես լոբբիստական կազմակերպություն: Ի վերջո, մեղադրանքները չափազանց լուրջ են. կասկածի տակ են դրվում 15 սենատորների, 211 կոնգրեսականների եւ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ձայները: Կրկնում եմ` դա քաղաքական հարց է, առավել եւս եթե մինչեւ ապրիլի 24-ը, երբ ԱՄՆ նախագահը հանդես կգա ԱՄՆ հայկական համայնքին ուղղված ուղերձով, մնում է ընդամենը 2 ամիս»,- ընդգծել է Մանոյանը:
Անկարայի ջղայնությունը ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման առնչությամբ միանգամայն բացատրելի է, եւ այդ բացատրության արմատները մարտի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում են: Էրդողանի կուսակցությունը պետք է անպայման հաղթի, իսկ դրա համար նա պետք է իր ընտրողներին հավատացնի պետությանը եւ նրա հիմքերին իր հավատարմության մեջ: Այդ շարքից է նաեւ Դավոսի միջադեպը, որը թուրք վարչապետին միայն դրական արդյունքներ բերեց: Բայց միայն հայրենիքում: Էրդողանը, թերեւս, հենց այդ հաշվարկն էր արել: Բայց բանը միայն Թուրքիայի ներքին քաղաքական իրադրության մեջ չէ: Հարցը նաեւ հարեւաններում է, այն է` Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Վրաստանի: Դե, Վրաստանը հաշվի չենք առնի` ոչ ինքնուրույն եւ, առհասարակ, չկայացած պետություն: Ռուսաստանի համար, ընդհանուր առմամբ, միեւնույնն է` արդյոք ԱՄՆ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թե` ոչ. նա իր շահերն ունի ինչպես ռուս-ամերիկյան, այնպես էլ ռուս-թուրքական հարաբերություններում: Մնում է Ադրբեջանը: Եւ այստեղ ահա սկսվում են բարդությունները: Թուրքիան կարծեմ պետք է բոլոր հարցերում օժանդակի Բաքվին, հատկապես ղարաբաղյան հիմնախնդրում եւ հայերի դեմ ստի ու չարախոսության տարածման հարցում: Բայց հենց Բաքուն է սկսել խանգարել Թուրքիային սեփական տարածաշրջանային քաղաքականություն վարելու գործում: Էրդողանի եւ այլ բարձրաստիճան անձանց բոլոր հայտարարությունները խոսում են այն մասին, որ հեռու չէ այն օրը, երբ Անկարան կսկսի հեռանալ Բաքվից: Թուրք պաշտոնյաները չափազանց հաճախ են երդվում ադրբեջանական ԶԼՄ-ին իրենց հավատարմության եւ աջակցության մասին: Ի դեպ, թուրքական ԶԼՄ հազվադեպ են իջնում Բաքվի քարոզչության մակարդակին` լիովին գիտակցելով, թե ինչի կարող է վերածվել մերկ հակահայկական հիստերիան: Ավելին, Բաքվի համար ուսանելի օրինակ պետք է դառնա թուրքական կրթական հաստատություններում «Սարը Գյալին» ուսուցողական ֆիլմի ցուցադրության վրա դրված արգելքը:
Շատ հնարավոր է, որ ԱՄՆ եթե անգամ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա նախագահ Բարակ Օբաման, հավատարիմ լինելով իր նախընտրական խոստումին, արտասանի «ցեղասպանություն» բառը` դառնալով երկրորդը Ռոնալդ Ռեյգանից հետո: Ի դեպ, այդ ժամանակից ի վեր թուրք-ամերիկյան հարաբերությունները չեն խեղաթյուրվել: Այն ժամանակ էլ գործի էին դրվել շանտաժը եւ սպառնալիքները, բայց Ռեյգանը վարվեց այնպես, ինչպես անհրաժեշտ գտավ: Ճիշտ է, չկար Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմը, բայց կար ԽՍՀՄ-ը եւ Թուրքիայում ամերիկյան հրթիռներ կային տեղակայված «չարի կայսրության» դեմ պատերազմի դեպքում: Ի դեպ, դրանք տեղակայված էին Հայաստանի հետ սահմանի վրա… Այնպես որ հարցը բառերում չէ, այլ` ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում այս կամ այն գործընթացների կառավարման գործիքներում: Թուրքիան չափազանց ակտիվացել է եւ արդեն սկսում է սեփական պայմանները թելադրել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, ինչն այդ երկրների համար անընդունելի է, ինչպիսին էլ որ լինեն իսրայելա-ամերիկյան շահերը տարածաշրջանում:





