AM
25 Մարտ 2009 - 19:06 AMT

Ու՞մ հետ է լինելու ԱՄՆ-ն` Թուրքիայի՞, թե՞ Իրանի

Իրանական նոր տարվա կապակցությամբ իր ելույթում Օբաման ասել է, որ ցանկանում է կարգավորել փոխգործակցությունն Իրանի հետ, որը կլիներ ազնիվ եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված: Ամերիկայի առաջնորդի խոսքերով, ինքն անհանբեր սպասում է այն ժամանակին, երբ հին տարաձայնությունները կհաղթահարվեն ե նոր հնարավորություններ կհայտնվեն համագործակցության եւ առեւտրի համար: «Իրանն արժանի է աշխարհում իր օրինական տեղը զբաղեցնելու, սակայն դա պետք է տեղի ունենա խաղաղ միջոցներով, այլ ոչ թե ահաբեկչության կամ զենքի սպառնալիքի եղանակով: Իմ վարչակազմը կողմնակից է դիվանագիտությանը, ինչպես նաեւ կառուցողական շփումների հաստատմանը», – ընդգծել է ԱՄՆ նախագահը` Իրանում նովրուզի (մահմեդական նոր տարվա) տոնակատարության ժամանակ որոշ մերձավորարեւելյան հեռուստաալիքներին հեռարձակման համար տրված ուղերձում:

Բայց, ինչպես դա միշտ լինում է, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի շտապում փոխել իր վերաբերմունքը ԱՄՆ հանդեպ: Թեհրանում մինչ օրս առաջնորդվում են այաթոլլահ Հոմեյնի կարգախոսով. «ԱՄՆ-ն մեծ սատանա է, Խորհրդային Միությունը` ոչ այնքան, բայց երկուսն էլ չարն են կամենում Իրանին»: Այդ իսկ պատճառով Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեի արձագանքն ավելի քան զուսպ էր: «Իրանը դեռեւս ոչ մի փոփոխություններ չի տեսնում» Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության մեջ: Ասեք, թե դուք ինչն եք փոխել: Միայն բառացի փոփոխությունը բավական չէ: Մենք նոր ամերիկյան կառավարության եւ նախագահի հետ աշխատանքի փորձ չունենք: Մենք հետեւելու եւ գնահատելու ենք ԱՄՆ նոր վարչակազմի գործողությունները: Եթե դուք փոխվեք, մեր վարքագիծը եւս կփոխվի: Եթե դուք չփոխեք ձեր դիրքորոշումը, ապա իմացեք, որ մեր ժողովուրդն առավել ուժեղ ու ամուր է դարձել վերջին 30 տարիների ընթացքում եւ դիմադրություն ցույց կտա»,- հայտնել է Համենեին ի պատասխան Օբամայի ուղերձին:

Մի խոսքով` ամեն ինչ ինչպես միշտ` սպառնալիքներ, վախեցումներ, իսկ արդյունքում` նույնը, ինչ եւ միշտ. ոչ ոք հետ չի կանգնում իր սկզբունքներից: Իրանը սպառնալու է Իսրայելին, ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ բարձրացնելու է «միջուկային հարցը» ՄԱԿ-ում եւ ՄԱԳԱՏԵ-ում: Տարբերությունը միայն նրանում է, որ ներկայումս Սպիտակ տանը չկա Դիկ Չեյնին, որը կպնդեր Թեհրանի ռմբակոծման վրա: Աշխարհում Օբամային չեն էլ հասկանա, եթե նա նման ծայրահեղ միջոցի դիմի, առավել եւս, որ խաղի մեջ ներգրավվել է Ռուսաստանը: Հենրի Կիսսինջերի վերջին այցը Մոսկվա կոչված է Ռուսաստանին համոզելու, որ Վաշինգտոնը դեռեւս ցանկանում է պայմանավորվել զանազան հարցերի շուրջ, հատկապես` Իրանի: Իրանի առնչությամբ Մոսկվան միանգամայն պարզ ծրագրեր ունի. նա շահագործելու է իրանցիների ինքնասիրությունը եւ նրանց հրահրելու տարածաշրջանային տերության դերը խաղալուն: Նույնը Մոսկվան անում է նաեւ Անկարայի հետ: Եւ այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի դիրք կբռնի ԱՄՆ-ն ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի հանդեպ: Բարակ Օբաման մոտակա ամսվա ընթացքում ստիպված կլինի ընտրել այդ երկրների միջեւ: Բուշի կառավարման տարիներին կարելի էր ենթադրել, որ ԱՄՆ նախագահի ընտրության վրա ազդելու է հրեական լոբբին, այժմ դա փոքր-ինչ խնդրառատ է: Թեեւ եթե նույն հրեաները ստիպված լինեն ընտրել, ապա նրանք, այնուամենայնիվ, կընտրեն Թուրքիան, որը պակաս մոլի է դավանանքի հարցերում: Բայց ընդհանուր առմամբ ԱՄՆ համար լավագույնը կարող է լինել նաեւ Սողոմոնի որոշումը. ընկերություն անել բոլոր նրանց հետ, ում հետ համընկնում են շահերը` հաշվի չառնելով քաղաքական վարչակարգերն ու քաղաքակրթությունների տարբերությունը: