Չի կարելի ասել, թե այս քարոզարշավը միայն վերջին տարիներին է մեկնարկել` Իլհամ Ալիեւն ուղղակի շարունակում է իր հոր գործը, որն իր ամբողջ կյանքն ու գործունեությունն ուղղել էր Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական մշակութային ու ֆիզիկական գոյությունն արմատախիլ անելուն:
Ուշադիր ընթերցելով ադրբեջանական մամուլը, ակամայից այն եզրակացության ես գալիս, որ այդ երկրում Հայաստանից բացի ուրիշ ոչ մի բանով չեն հետաքրքրվում: Ցանկացած տեղեկություն աշխարհի ցանկացած կետից կապվում է «նենգ» հայերի հետ: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե չլիներ մեկ հանգամանք` հարեւան հանրապետության բնակչությանը նախապատրաստում են պատերազմի, որն, ըստ Իլհամ Ալիեւի, կարող է բռնկվել ցանկացած պահի, քանի որ «ադրբեջանական ժողվորդի համբերությունն անսահման չէ»: Ճիշտ է, նա դա կրկնում է արդեն երրորդ տարին անընդմեջ, սակայն այժմ, կարծես, գործն իրոք լրջանում է: Ոչ ոք համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի իշխանության վերին խավերում որոշ «անըմբռնում է» նկատվում այն առումով, թե ինչ է ուզում նախագահը: Մի կողմից նա հայտարարում է Ղարաբաղը ցանկացած գնով վերադարձնելու անհրաժեշտության մասին, մյուս կողմիրց` ցանկանում է այնուամենայնիվ շարունակել բանակցությունները: Սակայն, որպեսզի Ալիեւների կլանը շարունակի կառավարել իր սուլթանատում, հարկավոր է ժողովրդին պահել մշտական հիստերիայի վիճակում: Իսկ ավելի լավ օբյեկտ, քան հայերը գրեթե անհնար է գտնել: Կլանը հիանալի գիտի, որ հենց որ դադարի հակահայկական հիստերիան, Ադրբեջանի բնակչությունը կտեսնի, թե ինչ աղքատիկ վիճակում է գտնվում: Չէ որ Բաքվի գեղեցկության փառաբանումները եւ խոսակցությունները նրա դինամիկ զարգացման մասին, ոչ այլ ինչ են քան «Պոտյոմկինի գյուղերը»: Ճիշտ է, մեզ կարող են հանդիմանել, որ չենք կարող դատել, քանի որ Բաքվում չենք եղել: Իրոք, չենք եղել, սակայն որոշ անկողմնակալ մեկնաբանություններից հասկանալի է դառնում, թե ինչ պայմաններում է ապրում ժ-ողովուրդը հարեւան հանրապետությունում, ունենալով ածխաջրածինների պաշարներ:
Իսկ եթե խոսում ենք հնարավոր պատերազմի մասին, ապա այդ դեպքում պետք է խոստովանել, որ ռեվանշի ծարավը կարող է որոշ հաջողություններ բերել ադրբեջանական բանակին, սակայն միայն առաջին փուլում: Իսկ հաջողությունն այն կլինի, որ «փառապանծ» ադրբեջանական բանակը անմիջապես չի փախչի մարտի դաշտից: Բլիցկրիգը, որի մասին այդքան երազում են Բաքվում, կձախողվի եւ պատճառը ոչ միայն հայկական բանակն է, որը չնայած Ադրբեջանի ԶՈՒ թվաքանակին ու սպառազինությանը, ոչ մի թիզ հող չի զիջի: Լավագույն դեպքում Ալիեւը կարժանան Միխաիլ Սահակաշվիլու ճակատագրին, որն այդքան անտաղանդ կերպով սկսեց եւ տանուլ տվեց «սահմանադրական կարգի վերականգնումը» Թբիլիսիի կողմից չվերահսկվող տարածքում: Սակայն կա նաեւ կլանի համար վատթարագույն տարբերակ` այն, որ Արեւմուտքը կարող է հրաժարվել Ադրբեջանի հետ կապված բոլոր նավթագազային նախագծերից: Եվ այստեղ տեղին է հիշեցնել առաջին ահազանգի մասին, որն արդեն հնչել է Բաքվի համար` Թուրքմենստանի դիրքորոշումը Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ: Աշխաբադը մեղադրում է Ադրբեջանին նավթով հարուստ հատվածները յուրացնելու մեջ եւ դրա լրիվ իրավունքն ունի: Թուրքմենստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ «Թուրքմենստանը անընդունելի է համարում միակողմանի գործողությունների իրականացումը Կասպից ծովում առանց համապատասխան համաձայնագրի կնքման մերձկասպյան պետությունների միջեւ, որով կորոշվի նրանց իրավասությունը ծովի հատակի կոնկրետ հատվածների վերաբերյալ: Դա լիովին վերաբերում է նաեւ նավթային աշխատանքների անցկացմանը Կասպից ծովի հանքերում»:
Որքան էլ ջանար Բաքվի քարոզչամեքենան չեզոքացնել Աշխաբադի հայտարարությունը եւ այդ հարցի վերաբերյալ Միջազգային դատարան դիմելու նրա մտադրությունը, կարելի է ասել, որ Ալիեւին ծանր օրեր են սպասում: Հավելենք, որ Nabucco-ի հեղինակները առավել հետաքրքրված են թուրքմենական գազով, քան ադրբեջանական: Իսկ եթե դա իրոք այդպես է, ապա Բաքվի նորմալ համագործակցության շանսերը նավթագազային նախագծերում եւ ղարաբաղյան խնդրի իր համար ընդունելի լուծումը հետաձգվում է հեռավոր ապագայի, իսկ ավելի շուտ, անիրական է դառնում: Այսպիսին է իրավիճակը, եւ Բաքվում այդ մասին ավելի լավ գիտեն, քան Երեւանում…
Կարինե Տեր-Սահակյան





