AM
4 Դեկտեմբեր 2009 - 17:43 AMT

Ցանկության դեպքում Արձանագրությունները կարելի է շահագործել, ինչն էլ փորձում են անել Թուրքիան ու Ադրբեջանը

Սակայն նրանք չեն կարող լրջորեն ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, որն, ինչպես մեկ անգամ եւս հաստատեցին համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարները, պետք է հիմնված լինի 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա, որտեղ հստակորեն ասվում է կարգավորման բոլոր երեք սկզբունքների մասին` ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները: Թեեւ ցանկության դեպքում, այդ Արձանագրությունները կարելի է շահարկել, ինչն էլ փորձում են անել Թուրքիան ու Ադրբեջանը, չգիտես ինչու մոռանալով, որ տերությունները միանշանակ դեմ են նման զուգահեռների անցկացմանը:

Քանի որ յուրաքանչյուր կողմ յուրովի է մեկնաբանում այդ սկզբունքները, որոնք «առաջնային կարեւորություն ունեն», եւ, հետեւաբար, դրանք պետք է միատեսակ եւ անշեղորեն կատարվեն յուրաքանչյուրի մեկնաբանության ժամանակ` հաշվի առնելով մյուսները»: Սակայն դրա մասին չգիտես ինչու մառանում են եւ խոսում են այն մասին, թե սկզբունքներից որն է գլխավորը եւ դա շարունակվում է արդեն 15 տարի…

«Մասնակից պետությունները կհարգեն ինքնիշխան հավասարությունը եւ միմյանց ինքնատիպությունը, ինչպես նաեւ ինքնիշխանության բոլոր իրավունքները, որոնց թվում են նաեւ յուրաքանչյուր պետության իրավաբանական հավասարության իրավունքը, տարածքային ամբողջականության, ազատության եւ քաղաքական անկախության իրավունքը: Միջազգային իրավունքի շրջանակներում բոլոր անդամ պետություններն ունեն հավասար իրավունքներ եւ պարտավորություններ: Սահմանները կարող են փոխվել, ըստ միջազգային իրավունքի, խաղաղ ճանապարհով եւ ըստ պայմանավորվածության»: Ցավոք, Ադրբեջանը ղեկավարվում է միայն այդ սկզբունքով, չունենալով դրա համար ոչ մի պատմական կամ իրավաբանական հիմք: Սակայն այժմ անիմաստ է ինչ-որ բան ապացուցել Բաքվին, ուստի մենք դա չենք անի: Սահմանափակվենք միայն անդրադառնալով մյուս երկու սկզբունքներն, որոնք նույնքան կարեւոր են հակամարտության կարգավորման համար, եւ որոնց մասին Իլհամ Ալիեւը «մոռանում է»:

«Անդամ պետությունները ձեռնպահ կմնան իրենց փոխադարձ հարաբերություններում եւ ընդհանրապես միջազգային հարաբերություններում ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքից ինչպես տարածքային ամբողջականության կամ ցանկացած պետության քաղաքական անկախության դեմ, այնպես էլ այլ դրսեւորումներով, որոնք անհամատեղելի են Միացյալ Ազգերի նպատակների եւ սույն Հռչակագրի հետ: Ոչ մի նկատառում չի կարող օգտագործվել ուժի սպառնալիքի կամ նրա կիրառման հիմնավորման համար` այդ սկզբունքը խախտելու նպատակով: Համապատասխանաբար, անդամ պետությունները ձեռնպահ կմնան ցանկացած գործողությունից, որը ուժի կամ անդամ պետության դեմ ուժի կիրառման ուղղակի կամ անուղղակի սպառնալիք կհանդիսանա: Ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի ոչ մի կիրառում չի կարող օգտագործվել որպես վեճերի կարգավորման միջոց: Անդամ պետությունները որպես անխախտ են դիտարկում միմյանց, ինչպես նաեւ Եվրոպայի բոլոր պետությունների սահմանները, ուստի նրանք այժմ եւ ապագայում ձեռնպահ կմնան ցանկացած մասնակից պետության տարածքի մի մասի կամ ողջ տարածքի բռնազավթմանն ուղղված գործողությունից»: Արդեն բազմիցս է ասվել, որ Ալիեւի եւ նրա շրջապատի ռազմաշունչ հայտարարություններն ի վերջո կհանգեցնեն այն բանին, որ ոչ ոք նրան լուրջ չի ընդունի: Ավելին, Ադրբեջանին առնվազն պատժամիջոցներ են սպառնում որպես Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները չկատարող երկրի: Իսկ առավելագույնը` նրան կարող են հեռացնել ԵԽ-ից: Ճիշտ է, դրան գործը չի հասնի, սակայն, կարելի է ասել, որ «եվրապաշտոնյաների համբերությունն անսահման չէ»:

Եվ վերջինը: «Անդամ պետությունները կհարգեն ժողովրդների իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը, մշտապես գործելով ՄԱԿ-ի Կանոնադրության եւ համապատասխան միջազգային նորմերի համաձայն, ներառյալ նրանք, որ վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը: Ելնելով ժողովրդների իրավահավասարությունն ու սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից, բոլոր ժողովրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում որոշել, երբ եւ ինչպես ցանկանում են, իրենց ներքին ոի արտաքին քաղաքական կարգավիճակը, առանց արտաքին միջամտության եւ իրականացնել իրեցն քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումն ըստ իրենց հայեցողության: Անդամ պետությունները հաստատում են իրավահավասարության եւ ժողովրդների սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը հարգելու եւ արդյունավետ կերպով այն իրագործելու համընդհանուր նշանակությունը` երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման համար, նրանք հիշեցնում են նաեւ այդ սկզբունքի ցանկացած խախտում բացառելու կարեւորության մասին»:

Նման երկար մեջբերումն անհրաժեշտ էր, ԼՂՀ ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի դեմ ցանկացած ոտնձգության ցանկությունը ճնշելու, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտոնյաներին զգուշացնելու համար այն մասին, որ ասել, թե «Հայաստանը վախեցավ Ալիեւի հայտարարություններից» առնվազն ծիծաղելի է: Ի դեպ, մենք այդ մասին բազմիցս ենք ասել, սակայն երբեմն կրկնվելն օգտակար է…

Հենց այդ տեսակետից էլ պետք է գնահատել Աթենքում հնչած ԵԱՀԿ հայտարարությունը` ոչ ոք թույլ չի տա Ադրբեջանին լուծել ղարաբաղյան խնդիրը իր հայեցողությամբ, թույլ չի տա նաեւ, որ Թուրքիան միջամտի իրեն չվերաբերող գործերին: