AM
19 Մայիս 2006 - 10:52 AMT

Այսօրվա դրությամբ որեւէ նախադրյալներ չկան 2006 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

(?) Որքանո՞վ են արդարացված այն ակնկալիքները, թե 2006 թվականին հնարավոր կլինի որեւէ համաձայնության գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ

(!) 2006 թվականին կարգավորմանը հասնելու դրույթը ոչ մի բանի վրա հիմնված չէ: Այսօրվա դրությամբ դրա համար նախադրյալներ չկան: Միջնորդների, հատկապես, Սթիվեն Մաննի, այդ հայտարարությունը ես կանվանեի ռադիկալ լավատեսություն: Այդ լավատեսությունը միայն նպաստում է ռազմական ճարտասանության աճին: Ոչ հայկական, ոչ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ որեւէ փոխզիջման: Պետք է ընդգծեմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խորը ճգնաժամի մեջ է: Գագաթնաժողովի ձեւաչափը, այսինքն պետությունների ղեկավարների հանդիպումները, արդյունավետ չեն: Այսօրվա դրությամբ նախագահները ոչինչ չեն արել իրենց հասարակությանը փոխզիջման նախապատրաստելու համար: Այդ երկրների հասարակայնության տրամադրվածությունը առավել ռադիկալ է, քան իրենց նախագահներինը: Ուստի նախագահները ստիպված են մշակել հայրենասիրական պահվածքի մոդել: Այդ գագաթնաժողովները վերածվում են որոշակի PR-ի, փոխզիջումների վերաբերյալ իրական բանակցությունների փոխարեն: Սա առաջինը: Երկրորդը` ԵԱՀԿ ՄԽ-ն առաջարկում է բաներ, որոնք շատ հեռու են իրականությունից եւ տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակից: Ռուսաստանը կարող էր փոխել գագաթնաժողովի ձեւաչափը` կհանդիպեին միայն դիվանագետները, իսկ նախագահները ուղղակի կստորագրեին վերջնական համաձայնագիրը: Աշխարհում չի եղել նման բան, որ նախագահներին վերածեն գործող դիվանագետների:

(?) Ռուսաստանը աստիճանաբար, կամ ինչպես ասաց Անդրանիկ Միհրանյանը, առաջընթաց քայլերով, հեռանում է տարածաշրջանից: Իսկ հետո՞:

(!) ԱՄՆ-ն տարածաշրջան է եկել լրջորեն եւ երկար ժամանակով: Նրանք այստեղ շատ շահեր ունեն: Ռուսաստանը ստիպված կլինի սովորել աշխատել նոր պայմաններում, քանի որ նա ի վիճակի չէ դուրս մղել ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին Կովկասից: Ուրեմն, պետք է որոնել շփման եզրեր: Ռուսական դիվանագիտությանը վնասում է որոշակի հիստերիկությունը, որը նկատվում է վերջին ժամանակներս: Եվ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը շահագրգռված են հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման հարցում: Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը մեկ ելք ունի` պատրանքներ չտածել, այլ ակտիվացնել իր մասնակցությունը խաղաղարար գործողություններին, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

(?) Ինչպես գիտեք, կա հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու գաղափար: Կօգնեն արդյո՞ք նրանք կանխել բռնությունը, եթե այն տեղի ունենա:

(!) ԼՂՀ-ում խաղաղապահները տեղին կլինեին 1994 թվականին, եթե ՌԴ-ին հաջողվեր այնտեղ տեղակայել իր ուժերը, դա լավ կլիներ: Հիշեցնեմ, որ Աբխազիայի Գալիի շրջանում ջարդը կասեցրին հենց ռուս խաղաղապահները: Եթե նրանց տեղը լինեին այլ ուժեր, հայտնի չէ, թե ինչով ամեն ինչ կվերջանար: Ես մեծ կասկածներ ունեմ, թե միջազգային խաղաղարարներրը կկարողանան գլուխ հանել փախստականների մեծ հոսքից: Պատկերացնում եք, ինչ-որ ֆիննի կամ շվեդի վրա է գնում փախստականների մի հոսք: Կրակել չի կարելի, կանգնեցնել նա չի կարող…

Չգիտես ինչու կարգավորումը կապում են փախստականների վերադարձի հետ: Պետք չէ շփոթել` դա հումանիտար խնդիր է: Նրանց ընդհանրապես չի կարելի այնտեղ վերադարձնել: Նրանց պետք է փոխհատուցում տրվի: Իսկ ընդհանրապես շրջանների ապաշրջափակման հարցը ամենածանրն է այս հակամարտության կարգավորման գործում: Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եւս մեկ փաստի վրա: Հայկական կողմը նույնպես խոսում է Ադրբեջանից հայ փախստականների մասին: Սակայն ձեւական եվրոպական իրավունքի տեսակետից հայ փախստականներ չկան: Նրանք մեկնել են Ադրբեջանից մինչ ռազմական գործողությունների սկիզբը եւ, ըստ եվրոպական իրավունքի, փախստական չեն համարվում: Այդ պատճառով էլ ես խոսում եմ փոխհատուցման մասին:

(?) Իսկ ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը պատերազմ կսկսի:

(!) Եթե Ադրբեջանն իրոք պատերազմ սկսի, ապա կսկսի այն շատ ավելի վատ պայմաններում, քան 1991 թվականին: Այսօր ադրբեջանցիները Շուշի չունեն, Քելբաջար ու Լաչին չունեն, որ անջատում էին Ղարաբաղը Հայաստանից եւ անկլավի վերածում այն: Այժմ կան 7 շրջաններ, որոնք Ադրբեջանը գրավյալ է անվանում, իսկ Հայաստանը` անվտանգության գոտի: Դրանք 7 ամրացված շրջաններ են եւ այնքան էլ հեշտ չի լինի ճեղքել դրանք: Մի մոռացեք նաեւ հաղթողի բարդույթի մասին հայերի մոտ, եւ պարտվողի բարդույթի մասին` ադրբեջանցիների մոտ:

Հեյդար Ալիեւը շատ երկար էր պատրաստում համաշխարհային հանրությունը Ադրբեջանի, որպես տուժող, ագրեսիայի ենթարկվածի կերպարը: Այստեղ է մտնում նաեւ «ադրբեջանցիների ցեղասպանության» գաղափարը, ագրեսիայի ենթարկված երկրի գաղափարը: Նման դեպքում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը ակնթարթորեն կվերացնի այդ իմիջը, որը շատ թանկ է Ադրբեջանի համար Արեւմուտքի առջեւ: Ռեւանշի փորձը շատ բացասաբար կընկալվի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից: