AM
2 Հուլիս 2007 - 08:58 AMT

Ֆրանսիան Հայաստանի բարեկամը կմնա նաեւ նոր նախագահի օրոք

(?)Ի՞նչ մակարդակի վրա են հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները եւ որո՞նք են դրանց զարգացման հեռանկարները:

(!) Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ եղած կապերի մակարդակից կարելի է միայն գոհունակություն հայտնել: Դրա ապացույցը մասնավորապես անցյալ տարվա աշնանը նախագահ Ժակ Շիրակի` Երեւան եւ այս տարվա փետրվարին նախագահ Քոչարյանի Փարիզ կատարած այցերն են: Մեր կապերը չեն սահմանափակվում միայն երկու երկրների գործադիր իշխանությունների միջեւ եղած շփումներով: Դրանք նաեւ զարգացած են օրենսդիր մարմինների մակարդակով (Ազգային ժողովների եւ ԱԺ- Սենատ մակարդակով): Հարկ է նաեւ նշել շրջանների մակարդակով ղեկավար մարմինների եւ ֆրանսիական ու հայկական քաղաքապետերի կարեւոր դերակատարությունը:

(?)Ֆրանսիայում նոր նախագահ է ընտրվել: Կանդրադառնա արդյո՞ք Նիկոլյա Սարկոզիի քաղաքականությունը Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունների վրա:

(!)Կարելի է առանց այլեւայլության հաստատել, որ Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի որդեգրած բարեկամության ավանդական քաղաքականությունը կշարունակվի Հանրապետության նոր նախագահի կողմից: Մեր բարեկամության հիմքերն ամուր են եւ ներգրված տեւականության մեջ: Ֆրանսիայի եւ անկախ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր լուրջ ուղղվածությունը միտված է մեր երկու երկրների կապերի խորացմանը, դիվերսիֆիկացիային եւ հարստացմանը:

(?)Ֆրանսիան ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ համանախագահն է: Ինչպե՞ս եք գնահատում հակամարտության կարգավորման ներկա փուլը:

(!)Ինչպես գիտեք, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն աշխատում է իր ամերիկացի եւ ռուս գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված փոխզիջման ճանապարհներ որոնելու ուղղությամբ: Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավորություն չտվեց իրականացնել ակնկալվող ճեղքումը: Այդուհանդերձ, բանակցային գործընթացը շարունակվում է: Ընդունվել է երկու երկրների արտգործնախարարների միջեւ նոր հանդիպման սկզբունքը, թեեւ ժամկետը դեռեւս չի որոշվել:

(?)Ձեր կարծիքով, նկատվո՞ւմ է արդյոք դինամիկա Հայաստանի եւ Ֆրանսիայի տնտեսական համագործակցության ոլորտում:

(!)Ցավոք, Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ եղած տնտեսական հարաբերություններն ամենեւին նույն մակարդակին չեն ինչ քաղաքական հարաբերությունները: Այնուամենայնիվ, հիմքեր կան հուսալու, որ մեր երկրների առեւտրատնտեսական կապերը կուժեղանան մոտակա տարիներին: Դրա ապացույցն, ըստ իս, ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների Հայաստանում կատարած ներդրումներն են եւ տնտեսական գործակցությունները, որոնք հաստատվում են տարբեր ճյուղերում, ինչպիսիք ատոմային էներգիան, գազը, ջրամատակարարումը, մթերայինը: Ֆրանսիական փոքր եւ միջին ձեռնարկությունների Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը եւս հուսադրող ազդակ է: Բազմանում են մեր երկրների միջեւ փոխանակությունների խթանմանն ուղղված նախաձեռնությունները: Նկատի ունեմ, մասնավորապես, այս տարվա մարտի 30-ին, Իսի լե Մուլինոյում կայացած բարձր տեխնոլոգիաներին նվիրված ֆորումը: Խոսքն այստեղ ապագայի ոլորտի մասին է, որը կարող է հետաքրքիր հեռանկարներ բացել Հայաստանի եւ նրա երիտասարդ տաղանդների առջեւ: