AM
23 Հուլիս 2008 - 13:53 AMT

Եվրախորհուրդը պատրաստ է մասնակցել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, եթե Երեւանն ու Բաքուն դիմեն այդ հարցով

(?) Ինչպե՞ս է գնահատում ԵԽԽՎ-ն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, ով հրավիրել է Թուրքիայի նախագահին Երեւան:

(!) Եվրախորհուրդը շատ դրական է վերաբերվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը, ով հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան` Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը: Ես դեռեւս չգիտեմ, ինչի կհանգեցնի այդ «ֆուտբոլային դիվանագետությունը», սակայն բոլոր ուղիները, որոնք կարող են հանգեցնել երկխոսության Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, արժէ ողջունել: Ցանկացած երկխոսություն արդեն լավ է: Ես գիտեմ, որ երկու երկրների միջեւ բարդություններ կան, սակայն դրանք կարող են հաղթահարվել: Եւ շատ լավ է, որ Հայաստանի նախագահը բարի կամք է դրսեւորել եւ հրավիրել է իր թուրք գործընկերոջը Երեւան:

(?) Ադրբեջանական ԶԼՄ-ներում մշտապես մեջբերվում են ԵԽ-ի եւ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ նրանք պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դուք կարո՞ղ եք պարզաբանել իրադրությունը: Մասնավորապես, Ձեր այցելության ժամանակ Բաքու հուլիսի սկզբում ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ձեր խոսքերին, հայտնեցին, որ «Եվրախորհուրդը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունը», իսկ ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանին առանց որեւէ պայմանի եւ անհապաղ ազատել Ադրբեջանի բռնազավթած տարածքները:

(!) Արդեն որերորդ անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները ցիտում են ԵԽ եւ ԵԽԽՎ ներկայացուցիչների հայտարարությունները, հանելով դրանք համատեքստից: Նրանք պարզապես օգտագործում են իմ ելույթի մի մասը: Ես Բաքվում չեմ խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ես հնչեցրել եմ Եվրախորհրդի դիրքորոշումը, որը կայանում է նրանում, որ ԵԽ սկզբունքների մեկը ԵԽ անդամ պետությունների տարածքային ամբողջականության պահպանումն է: Սակայն ԵԽ-ն նաեւ կողմ է ազգերի ինքնորոշման սկզբունքին: Յուրաքանչյուր հակամարտություն կարգավորման իր ուղիներն ունի: Օրինակ, Չերնոգորիան անկախացել է ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

(?) Ինչպե՞ս է գնահատում ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

(!) Մենք գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անում է հնարավոր ամեն ինչ եւ ԵԽԽՎ-ն ողջունում է նրա ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԵԽԽՎ-ն կողմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը եւ եթե հակամարտության կողմերը կցանկանան, որպեսզի Եվրախորհուրդը մասնակցի հակամարտության կարգավորմանը, ապա մենք միշտ պատրաստ ենք դրան: Սակայն դրա համար անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի դիմումը ԵԽ: Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք. մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը: