Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընկրկում է: Այդ մասին հայտնեց ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն: Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի ներառվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններում:
«Արձանագրություններում նման կետ չկա, դա բանավոր հայտարարություն է: Բանը նրանում է, որ Թուրքիան բոլորովին էլ չէր նախատեսում դնել Ղարաբաղի այդ պայմանը: Բայց երբ Ադրբեջանը հանդես եկավ կտրուկ քննադատությամբ, Անկարան հասկացավ, որ կարող է շատ բան կորցնել տնտեսական իմաստով: Եւ Էրդողանը ստիպված էր ընկրկել եւ, կարծես հանգստացնելով Բաքվին, սկսեց թուրք բնակչությանն ասել <b>Լեռնային Ղարաբաղի</b> մասին»,- ասաց Արազ Ալիզադեն:
Նրա խոսքով, հայ-թուրքական Արձանագրությունները վավերացվելու են թե' Թուրքիայի, թե' Հայաստանի կողմից: Թեեւ, ինչպես նշեց քաղաքագետը, Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումը կարող է այդ փուլում խոչընդոտ հանդիսանալ:
«Այդ խոչընդոտներն այս կամ այն ձեւով կհեռացվեն, եւ Արձանագրություններն ամեն դեպքում կվավերացվեն»,- հայտնեց Արազ Ալիզադեն, հաղորդում է 1news.az-ը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:





