AM
5 Փետրվար 2010 - 13:10 AMT

Հայկական ծագումը խանգարեց Միշել Լեգրանին այցելել Թուրքիա

Հայտնի կոմպոզիտոր եւ դաշնակահար Միշել Լեգրանը, որն ինչպես հայտնի է հայկական ծագում ունի, Կրասնոդարի մարզում շրջագայության ժամանակ քննադատությամբ է հանդես եկել Անկարայի հասցեին: Ինչպես գրում է ՌԴ հայերի «Խաչքար» ամսագիրը, խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման փորձերի մասին, Լեգրանն ասել է հետեւյալը. «Այն, ինչ կատարվեց 1915թ., անտանելի է եւ անհնարին, եւ այն, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Ցեղաասպանությունը, նշանակում է, որ նա երբեք չի անդամակցի եվրոպական հանրությանը: Այժմ հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կարգավորվում են, դա լավ է, սակայն, ավելի լավ կլինի, եթե Թուրքիան վերադարձնի Հայաստանի տարածքները: Թեեւ ես հիանալի հասկանում եմ, թե որքան դժվար է դա»:

Կոմպոզիտորը հայտարարել է նաեւ, որ թուրք իշխանությունները հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել իրեն: «Թուրքիայի իշխանությունները պարզաբանել են, որ այժմ չի կարելի, ավելի ուշ գուցե, իսկ հիմա` ոչ»,-ասել է Լեգրանը` նշելով, որ այդ մերժումը կապված է իր հայկական ծագման հետ:

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Միշել Լեգրանը ծնվել է 1923թ. Փարիզում փետրվարի 24-ին: Նա հայտնի կոմպոզիտոր է, դաշնակահար, դիրիժոր, երգիչ: 10 տարեկանում նա ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա: 1951թ. ի վեր սկսել է երաժշտություն գրել եւ գործիքավորել ֆրասիացի շանսոնյեների համար: 1953թ. նա սկսել է երաժշտություն գրել կինոյի համար: 1955թ. նա թողարկեց «Ես սիրում եմ Փարիզը» դեբյուտային ալբոմը, որն ավելի ուշ բեսթսելեր դարձավ: Ընդհանուր առմամբ կոմպոզիտորն երաժշտություն է գրել է շուրջ 200 կինոֆիլմերի, մյուզիքլների համար, 100 ալբոմ է ձայնագրել: Երեք անգամ նվաճել է «Օսկար» մրցանակը, այդ թվում «Շերբուրյան հովանոցներ» եւ «Աղջիկները Ռոշֆորից» ֆիլմերի համար: 5 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Տարբեր տարինեին Լեգրանն աշխատաել է Ֆրենկ Սինատրայի, Շառլ Ազնավուրի, Մորիս Շեվալյեի, Մայքլ Դեւիսի, Էդիթ Պիաֆի, Բարբարա Սթրեյզանդի, Լայզա Մինելլիի հետ: Նա շարունակում է ստեղծագործել, ելույթ ունենալ համերգներով: 2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրեց նրան «Պատվո շքանշանով»: