Վահագն Չախալյանի գործից բացի նրա փաստաբանները զուգահեռ վարում են չորս գործ` ջավախահայ քաղաքական ակտիվիստի դատապաշտպան, ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանի հայցի Վրաստանի արդարադատության նախարարության մերժման դեմ. Վրաստանում արտասահմանցի փաստաբանների գործունեությունը արգելելու մասին օրենքում կատարված փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու մասին հայցը. 2009 թ. օգոստոսին Ստեփան Ոսկանյանին իր պաշտպանյալի հետ հանդիպումն արգելելու դեմ հայցը. Չախալյանի տանը իբր անօրինական զենք եւ զինամթերք հայտնաբերելու մասին չապացուցված մեղադրանքի դեմ հայցը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած «Միասնական Ջավախք» դեմոկրատական միություն» քաղաքական շարժման ղեկավար քաղաքական ակտիվիստ Ստեփան Սաֆարյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ չորս գործերը նրանք պետք է հանձնեն Եվրադատարան: «Վրաստանի դատարանը փորձում է ձգձգել Չախալյանի գործը, որպեսզի մենք այն չուղարկենք Եվրադատարան», – ասել է Թաթոյանը, ավելացնելով, որ չի էլ կասկածում, որ Եվրադատարանի որոշումը լինելու է հօգուտ Չախալյանի:
Միաժամանակ նա հայտնել է, որ ջավախահայ ակտիվիստի գործը միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է:
Մամլո ասուլիսի ընթացքում Թաթոյանը լրագրողներին ներկայացրել է Վահագն Չախալյանի հեղինակած «Բանտային քաղաքական գրառումներ» վերնագրով գրքույկը: Գրքույկի առաջին մասում Չախալյանի բանտային գրառումներն են, իսկ երկրորդ մասում ներկայացված են Վրաստանի նախագահին ուղղված նրա բաց նամակներն ու ելույթները: «Գրքույկում Չախալյանն արտահայտել է իր մտքերն ու անհանգստությունները», – ասել է Թաթոյանը:
Ստեփան Ոսկանյանը նշել է, որ դատական նիստերի ընթացքում այնպիսի խախտումներ են թույլ տրվել, որ որեւէ մեկ այլ նիստի հետ համեմատել հնարավոր չէ: Խախտումների թվում նա նշել է նիստի ընթացքում հայերեն սխալ թարգմանությունները, ինչը խանգարել է նիստին լիարժեքորեն հետեւել, նաեւ նշել է, որ Չախալյանը գտնվում է անասելի վատ բանտային պայմաններում. «Նա լիովին մեկուսացած է արտաքին աշխարհից, նրա տեղեկատվական միակ աղբյուրը ես եմ»: Ս. Ոսկանյանը նշել է, որ բանտում նույնիսկ ժամացույց չկա, կա ընդամենը ռադիո, որն էլ նույնիսկ ժամը սխալ է հայտնում:
Ոսկանյանն ասել է, որ երբ Վրաստանում ավարտվի դատական գործը, նրանք Եվրադատարան են դիմելու:





