AM
27 Հունվար 2010 - 08:50 AMT

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է: Իր ուղերձում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնեց, որ բռնապետությունը, եթե անգամ այն առաջանում է, չի կարող հաղթանակել: Նա բոլորին կոչ արեց Հոլոքոստի մասին հիշատակը պահպանելու հանդիսավոր խոստում տալ եւ բոլորի համար պաշտպանել մարդկային արժանապատվությունը:

«Գետտոյի ու մահվան նացիստական ճամբարների միջով անթիվ-անհամար տղամարդիկ, կանայք ու երեխաներ են անցել, ում, այնուամենայնիվ, հաջողվեց կենդանի մնալ: Նրանք բոլորն էլ ցանկանում են մեզնից յուրաքանչյուրին հասցնել կարեւոր մի միտք` մարդկային ոգու տրիումֆի գաղափարը»,- ասվում է ՄԱԿ ղեկավարի ուղերձում:

Նա ավելացրեց, որ Հոլոքոստը վերապրածներին կարեւոր դեր է հատկացվում այն հարցում, որ այդ ողբերգության դասերը պահպանվեն ու փոխանցվեն գալիք սերունդներին:

ՄԱԿ ղեկավարը հիշեցրեց, որ վաթսունհինգ տարի առաջ հունվարի 27-ին ազատվեց <b>Աուշվից-Բիրկենաուն</b> (Օսվենցիմ)` ամենախոշոր ու տխրահռչակ մահվան ճամբարը: Այստեղ եւ այլ վայրերում միլիոնավոր մարդիկ պարբերական տանջանքների էին ենթարկվում ու զոհվում: Նրանք մեծ մասամբ հրեաներ էին: Բայց եւ շատ ուրիշներն ունեցան նման ճակատագիր:

«Հոլոքոստ վերապրած մարդիկ հավերժ չեն լինելու մեզ հետ: Բայց հիշատակն այն մասին, թե նրանք ինչ են վերապրել, պետք է մեզ հետ մնա»,- հայտնեց Պան Գի Մունը: Նա ընդգծեց, որ այդ մարդկանց պատմությունները պետք է պահպանվեն հուշարձաններում, դասագրքերում ու նախ եւ առաջ ցեղասպանությունն ու մյուս ծանր հանցագործությունները կանխելու` մարդկության վճռական ձգտման մեջ:

Այս շաբաթ Նյու-Յորքում` ՄԱԿ շտաբակայանում, Հոլոքոստի դասերը պահպանելուն կոչված միջոցառումներ են անցկացվում:

Հոլոքոստը գերմանական նացիստների ու այլ երկրներից կոլաբորացիոնիստների կողմից նացիզմի միլիոնավոր զոհերի համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրենությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին:

Շոան Եվրոպական հրեայության աղետն է` հրեաների կողմից եբրայերենով ու ավելի հազվադեպ` որոշ այլ լեզուներում օգտագործվող տերմին է` հրեական էթնոսի լայնազանգված ոչնչացման` գերմանական նացիստների քաղաքականությունը սահմանելու համար: Իսրայելի Յադ վա-Շեմ Աղետի ու հերոսության Ինստիտուտի չափանիշներով, Շոայի զոհ են համարվում նրանք, ովքեր «բնակվում էին օկուպացված տարածքներում նացիստական վարչակարգի պայմաններում եւ ոչնչացվել/զոհվել են զանգվածային գնդակահարությունների վայրերում, ճամբարներում, գետտոներում, բանտերում, ապաստարաններում, անտառներում, ինչպես նաեւ սպանվել են դիմադրելու փորձ կատարելիս (կազմակերպված կամ ոչ), որպես պարտիզանական շարժման, գաղտնարանի, ապստամբության մասնակից, սահմանի անօրինական հատման կամ փախուստի փորձ կատարելիս նացիստների եւ/կամ նրանց ենթակաների (ներառյալ տեղի բնակչությունը կամ ազգայնական խմբավորումները) ձեռքով»: Բացի դրանից, նրանց մեջ մտնում են նրանք, «ովքեր բռնագրավված տարածքներում են գտնվել եւ սպանվել/զոհվել են Գերմանիայի ու նրա դաշնակիցների զինված ուժերի հետ ուղղակի բախման, ռմբակոծությունների, փախուստի արդյունքում, 1941-1942թթ. էվակուացման ժամանակ»:

1949թ. Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից Եվրոպայի երկրներում պատերազմից առաջ եւ հետո հրեաների թվի կատարած համեմատությունը հանգեցրեց այն եզրակացությանը, որ Աղետի ժամանակ զոհվածների թիվը կազմում է վեց միլիոն մարդ; այդ թիվն ամրագրված է գլխավոր ռազմական հանցագործների Նյուրնբերգյան գործընթացի, Էյխմանի գործընթացի վճիռներում եւ ճանաչվել է Աղետի վիճակագրության հարցերով գիտնականների միջազգային խորհրդակցության (Փարիզ, 1987թ.) մասնակիցների մեծ մասի կողմից, երբ քննարկվում էին 4,2-ից 6 միլիոն թվերը:

Աուշվից-Բիրկենաու ճամբարային համալիրը նացիստական Գերմանիայի կառուցած մահվան ամենախոշոր ու նշանակալից համալիրն էր: 1940թ. հունիսից 1945թ. հունվարն ընկած ժամանակահատվածում գերմանացիներն այստեղ ավելի քան մեկ միլիոն մարդ, հիմնականում հրեա են ոչնչացրել:

1945թ. հունվարի 27-ին Խորհրդային Բանակի զորքերն ազատագրեցին Աուշվիցը, որը գտնվում է Կրակովից 70 կիլոմետր հեռավորության վրա: Ֆաշիստական ճամբարներում 6 միլիոն հրեա եւ միլիոնավոր այլ ազգությունների մարդիկ են ոչնչացվել: Մազապուրծ եղած պատանդների վկայությամբ, այդ ճամբարներում մարդկանց հանդեպ բարբարոսական «փորձեր» էին կատարվում:

2005 թվականի հունվարին ՄԱԿ անդամ պետությունները ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի հատուկ նստաշրջան անցկացրեցին` նվիրված նացիստական կենտրոնացման ճամբարների ազատման 60-ամյակին: Նստաշրջանում ընդունվեց հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր հայտարարելու մասին բանաձեւը: