Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին ապատեղեկատվություն են տարածել: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ Մեվլութ Չավուշօղլուն «գրավյալ տարածքներ» չի անվանել Արցախի Հանրապետության տարածքը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մշտական ներկայացուցչությունում, պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի հետ եւ պարզաբանումներ են պահանջել նրանից ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում:
«Հայկական պատվիրակության հետ հանդիպմանը Մ.Չավուշօղլուն հայտարարել է, որ իր արտահայտությունները սխալ են մեկնաբանվել ադրբեջանական գործակալության կողմից, արդյունքում` ԵԽԽՎ նախագահի խոսքերը խեղաթյուրվել են»,-հայտարարել է աղբյուրը ԵԽԽՎ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում: Ըստ աղբյուրի, ԵԽԽՎ նախագահը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հարցազրույցում նա հայտարարել էր այն մասին, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով եւ որ ղարաբաղյան հակամարտության հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Ավելի վաղ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել, որ ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուն գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի հիմնական խնդիրներից մեկն է, ինչպես նաեւ այն խնդիրն է, որը խոչընդոտում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը: «Եվրոպայի Խորհրդի որոշումներում Ղարաբաղը նշվում է Ադրբեջանի սահմաններում, որպես Ադրբեջանի տարածք: Այդ հակամարտությունը տարածաշրջանի հիմնական խնդիրներից մեկն է»,-մեջբերում է Չավուշօղլուի խոսքերը ադրբեջանական գործակալությունը:





