AM
2 Փետրվար 2010 - 12:52 AMT

Իրանում կախաղան կբարձրանա եւս ինը ընդդիմադիր

Իրանում կախաղան կբարձրանա բողոքի ցույցի եւս ինը մասնակից: Ինչպես հայտնում են դատական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, նրանք ծրագրել էին երկրում իրականացնել իսլամական կառույցի հեղաշրջում: Ընդդիմադիրները մահվան էին դատապարտվել անցյալ շաբաթ, սակայն նրանց դատապաշտպանները բողոքարկել էին դատավճիռը:

Իրանում արդեն կախաղան էին բարձրացրել անցյալ տարվա բողոքի ցույցի երկու մասնակցի:
Ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին այսօր իր համախոհներին կոչ է արել պայքարը շարունակել` չվախենալով բռնություններից:

Փետրվարի 11-ին` իսլամական հեղափոխության տարեդարձին, ընդդիմությունը պատրաստվում է իրականացնել բողոքի զանգվածային ցույցեր, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Իրանում նախագահական ընտրությունների ժամանակ` անցյալ տարվա ամռանը, Թեհրանում եւ մյուս խոշոր քաղաքներում ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո սկսվել էին բողոքի ցույցեր: Ցուցարարների կարծիքով, ընտրություններում հաղթանակել էր ընդդիմության ներկայացուցիչ Միր Հոսեյն Մուսավին, իսկ պաշտոնական տվյալների համաձայն, Իրանում երկրորդ ընտրաշրջանում հաղթել էր գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Բողոքի ցույցերին մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ: Ընդդիմությանը ցրելու համար ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ, մահակներ եւ ջրցան մեքենաներ: Ըստ պաշտոնական տվյալների, ոստիկանության հետ բախման արդյունքում զոհվել է 19 մարդ: